Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՏՐԱՍՏ

Փետրվար 28,2006 00:00

ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՆՈՐԻՑ ՍՏՈՐԱԳՐԵԼ Նման խոստում ստացանք երկու պատգամավորից, որոնք արդեն իսկ հրաժարվել են Սահմանադրական դիմումի ներքո իրենց ստորագրությունից: Երեկ ԱԺ-ի դիմաց ցույցի էր դուրս եկել Հյուսիսային պողոտայի ու Բուզանդի փողոցի նախկին բնակիչներին, նաեւ Դալմայի այգիների վարձակալներին միավորող «Պետական կարիքների զոհեր» կազմակերպությունը՝ բողոքելով այն պատգամավորների դեմ, ովքեր ՍԴ-ից ետ էին վերցրել իրենց ստորագրությունները: Կազմակերպության ղեկավար Վաչիկ Հակոբյանը ստորագրություններից հրաժարված 6 պատգամավորներից հատկապես առանձնացրեց Կենտրոնի ընտրված պատգամավոր Վլադիմիր Բադալյանին, որը պատճառաբանել էր, թե այլեւս «ամեն ինչ ավարտվել է, որեւէ բան ետ բերել հնարավոր չէ»: Վաչիկ Հակոբյանը հեռակա հարց ուղղեց նրան. «Բա էլ ինչի՞ համար եք դուք՝ չպիտի՞ պաշտպանեք Կենտրոնի բնակիչների շահերը»: Զարմանք հայտնեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանի պատճառաբանության կապակցությամբ, թե ստորագրել է, առանց տեղյակ լինելու ՍԴ դիմումի ձեւակերպմանը. «Ո՞նց կարող է իրավաբանը ստորագրել առանց կարդալու: Կարող է՝ այդ ստորագրությամբ իր տունն էլ էին խլում իրենից»: «Ժողպատգամավոր» խմբի քարտուղար Վահրամ Բաղդասարյանի պատճառաբանությանն էլ, թե ստորագրել էր 6 ամիս առաջ, երբ իրոք լուրջ խնդիր կար, իսկ այժմ իրեն դիմած «բնակիչներն իրենք էին ասում, որ բավարարված են»՝ Վաչիկ Հակոբյանն առարկեց. «Սո՛ւտ է ասում: Բուզանդի փողոցի վերջին բնակիչներին հազիվ 10 օր առաջ ծեծելով գցեցին դուրս… Քանի տարի է՝ պայքարում ենք, ոչնչի չենք հասել, ոչ մեկը չի ստացել համարժեք փոխհատուցում»: Ցուցարարների հետ պատգամավորներից հանդիպեց միայն ստորագրահավաքի կազմակերպիչը՝ «Արդարություն» խմբակցության անդամ Վարդան Մկրտչյանը: Ըստ Վաչիկ Հակոբյանի՝ իրենց հետ զրուցեց նաեւ ԱԺ իրավաբանական ծառայության ղեկավարը, որը խոստացավ արծարծված խնդիրների մասին զեկուցել ԱԺ նախագահին եւ հաջորդ օրը տեղեկացնել արդյունքների մասին: Իսկ մինչ այդ՝ դարձյալ զրուցեցինք այն պատգամավորների հետ, ովքեր հրաժարվել էին իրենց ստորագրություններից: Պարզվեց, որ ասենք «Ժողպատգամավոր» խմբի անդամ Լեւոն Խաչատրյանն այս թեմայով իրենց վերաբերյալ ծաղրանկարները փակցնում է առանձնասենյակի պատին: Մեր հարցին, թե քաղաքացիների բողոքի ցույցն իրեն չի՞ մտահոգում՝ պատասխանեց. «Դիմումի ներքո ստորագրել էինք 7-8 ամիս առաջ: Եվ համոզված էինք, թե այդ փաստաթուղթը այն ժամանակ պիտի դրվեր շրջանառության մեջ: Բայց անցել է այսքան ժամանակ, եւ առանց ինձ տեղյակ պահելու խնդիրների ավելանալու կամ պակասելու մասին… Չգիտեմ, այդ հարցերն 9 ամիս անց լուծվե՞լ են, ի՞նչ փուլում են: Ես համարեցի անբարոյական, որ իմ կարծիքը շրջանցել են, ինձ հետ լրացուցիչ չեն խորհրդակցել եւ չեն համաձայնեցրել»: Մեր նկատառմանը, թե 9 ամիս անց էլ չի փոխվել իրավիճակը՝ իրենց սեփականությունից հարկադիր զրկված մարդիկ չեն ստացել համարժեք փոխհատուցում՝ Լեւոն Խաչատրյանը պատասխանեց. «Ինձ պետք է ներկայացնեին՝ 9 ամիս հետո հրատա՞պ են նույն խնդիրները: Ես չգիտեմ դա՝ Կենտրոնն իմ ընտրատարածքը չէ»: Մեր հարցին՝ եթե տեղեկանա, որ նույն խնդիրները մնացել են՝ դարձյալ կստորագրի՞, պրն Խաչատրյանը պատասխանեց. «Այո՛, կստորագրեմ: Թող հիմա հավաքեն ստորագրություններ. այդ ժամանակ կտեսնենք՝ ով կստորագրի, ով՝ չէ»: Արծրունի Ղալումյանը մեզ վստահեցրեց, թե իրեն ստորագրությունը ետ վերցնել չեն պարտադրել, իսկ հրաժարվելն այսպես բացատրեց. «Հիմնականում այն էր պատճառը, որ 6-7 ամիս ձգվել էր»: Նույն հարցին, թե մի՞թե այդ ընթացքում որեւէ բան փոխվել էր այդ մարդկանց վիճակի մեջ՝ պրն Ղալումյանը պատասխանեց. «Չէր փոխվել ու չէր էլ փոխվելու»: Իսկ Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Եթե որոշ մարդիկ խնդիրներ ունեն՝ իմ հայտարարությունը նրանց չի վերաբերել: Արդեն ասել եմ, որ ստորագրությունները հավաքել են 8-9 ամիս առաջ: Այդ ժամանակ ինձ դիմել էին 2 քաղաքացի, ես նրանց ուղարկել եմ քաղաքապետարան, կադաստրի վարչություն՝ ճշտումների համար: Եվ նրանք այժմ արդեն բավարարված են, հարցը լուծված է: Իմ ասածն այդ է եղել: Կարող են այժմ էլ 1-2 կամ 5 հոգի դժգոհ լինել: Դա չի նշանակում, թե բոլորի հարցը չի լուծվել կամ բոլորի հարցը լուծվել է: 9 ամիս հետո ստորագրություններ հանձնողը նախ պետք է գար նորից համաձայնեցներ՝ մենք տեղյակ էլ չենք եղել, որ այդ ստորագրությունները դեռ ուժի մեջ են: Կարելի էր թարմացնել ստորագրությունները: Ես պատրաստ էի նորից ստորագրել, եթե խնդիր լիներ: Բայց առանց մեր գիտության՝ 9 ամիս հետո տարել-հանձնել է»: Մեր նկատառմանը, թե աշնանը ՍԴ դիմելու համար մինչ սահմանադրական փոփոխությունները 44 ստորագրություն էր հարկավոր, այդ հիմա է բավական 27-ը՝ Վահրամ Բաղդասարյանն այսպես արձագանքեց. «Դե, ուրեմն, նորից կհավաքեինք 27-ը: Խնդիրը հիմնավորված ներկայացնելու դեպքում՝ կրկնում եմ, նորից եմ պատրաստ ստորագրել»: Նշենք, որ Վարդան Մկրտչյանը երեկ խոստացել է, թե շարունակելու է ստորագրահավաքի գործընթացը: Հուսով ենք, որ պատգամավորները այս անգամ էլ չեն հրաժարվի իրենց խոստումից: Որքան էլ հակառակը պահանջեն վարչապետը կամ Երեւանի քաղաքապետը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել