Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբյանները շլացրին Մոսկվան

Փետրվար 28,2006 00:00

Հայ
ամուսինների ինքնատիպ գործերը մեծ գնահատականի են արժանացել միջազգային ցուցահանդեսում:
Անցած տարվա դեկտեմբերի 21-29-ը Մոսկվայում կայացել է «Վարպետների ոսկե ձեռքերը»
խորագրով միջազգային 5-րդ ցուցահանդեսը, որտեղ ի թիվս այլ վարպետների ներկայացված
են եղել հայազգի Օլգա եւ Ռաֆայել Հակոբյանների աշխատանքները: Զարդագործ Օլգա Հակոբյանի
ուլունքագործ եւ թանկարժեք քարերով Անկարս- ֆրիվոլիտե ոճի աշխատանքները ուղղակի ապշեցրել
են այցելուներին: Ի դեպ, ցուցահանդեսին ներկա էր նաեւ տիկին Օլգայի ուսուցիչը՝ Եկատերինա
Ստեպնայան: Վերջինս ոսկեձեռիկ հայուհու աշխատանքներով հիացողների մոտ պարծենում էր.
«Օլգա Պավլովնան իր աշակերտուհին է եղել»: Ուշագրավ էին ոչ միայն Օ. Հակոբյանի բնական
եւ Սվարովսկու քարերից ստեղծված երեկոյան զարդերը, այլեւ նրա ամուսնու՝ Ռ. Հակոբյանի
ինքնատիպ կոշիկները՝ կարված բնական կաշվից: Օ. Հակոբյանին արվեստաբանները ներկայացրել
են որպես պոետ, նկարիչ ու արտիստ, որի ներքին բարությունը արտահայտվել է գեղեցիկ
աշխատանքներում: Նշենք, որ զարդագործը ստեղծագործում է բոլոր բնական քարերով,
ցուցահանդեսներ է ունեցել Եվրոպայում, ՌԴ-ում, Հայաստանում: Նա ժամանակին գործել
է շյուղերով, ասեղնագործել, իսկ 2000-ից ստեղծագործում է միայն թելով եւ Սվարովսկու
քարերով: Ընդ որում, ոսկերիչները հաճախ շփոթում են նրա՝ թելով ու թանկարժեք քարերով
ստեղծված զարդերը ոսկեղենի հետ: Այս տարի տիկին Օլգան Մոսկվայից միանգամից 4 դիպլոմ
է բերել: Դրանցից մեկը շնորհվել է «Մասնագիտական վարպետության բարձրագույն աստիճանի
համար»: Ամեն տարի տիկին Օլգայի ստենդը ցուցահանդեսում զարդարում է ՀՀ դրոշը: Հաջորդ
ցուցահանդեսին նա երազում է ազգային տարազով ներկայանալ, որը պատրաստված կլինի թելով
ու թանկարժեք քարերով՝ բաղկացած հայկական գորգերի ու կարպետների զարդանախշերից: «Ովքեր
մոտենում էին իմ աշխատաքներին, ասում էին՝ «Այս ի՜նչ արքայական գործեր են: Տպավորությունների
գրքում էլ մեկը գրել է, թե դրանք Բորիս Գոդունովին կսազեին: Ախր Գոդունովը տղամարդ
էր, ո՞նց կանացի զարդեր կրի»,- ժպտում է տիկին Օլգան: Իսկ ՌԴ պետդումայի խոսնակ Գենադի
Սելեզնյովը ասել է, որ այդ գործերը լավ կլիներ Կրեմլի թանգարանում պահվեին: Նույն
Սելեզնյովը, երբ տեսել է Ռաֆայել Հակոբյանի ստեղծած կոկորդիլոսի կաշվից ինքնատիպ
կոշկեղենը, կատակով հարցրել է. «Ինչ է, հիմա ձեր Սեւանա լճում կոկորդիլոսնե՞ր եք
աճեցնում»: Նման ցուցահանդեսներից, ըստ Օ. Հակոբյանի, նաեւ հետաքրքիր մտահղացումներ
են ծնվում, նոր մոտիվներ ու թեմատիկա: Հարցին՝ չե՞ք վախենում, որ ձեր գաղափարը «թխեն»
ու հեղինակային իրավունքը ոտնահարվի, հեղինակը պատասխանեց. «Չի ստացվի, անգամ ես
երկրորդ անգամ նույն գործը չեմ կարող ստեղծել, դրա համար էլ չէի անհանգստանում, երբ
զարդերս նկարում էին»: 10 օր տեւած ցուցահանդեսն ամեն օր ուղեկցվել է տոնական տրամադրությամբ:
Անգամ միջոցառումը օրհնող հոգեւորականները ջազ-ռոք են երգել: Հրավիրված են եղել երգիչներ
աշխարհի տարբեր անկյուններից, կայացել է նորաձեւության ցուցադրություն եւ այլն: ԳՈՀԱՐ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել