Լրահոս
Օրվա լրահոսը

«TV-ՆԵՐԸ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՋՈՑ ԵՆ»

Փետրվար 28,2006 00:00

Ցեղասպանության
մասին ֆիլմը ցուցադրելու համար ճանաչված կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանից հովանավոր
են պահանջել: Կինոռեժիսորի հետ հերթական զրույցն ունեցանք հայ կինոյի ներկա
պրոբլեմների մասին: Սկզբում անդրադարձանք հետեւյալ իրողությանը: Օրինակ, քաղաքակիրթ
երկրների մայրաքաղաքների կենտրոններում գտնվում են տվյալ ազգի խորհրդանիշերը՝ Ազատության
արձանը, Էյֆելյան աշտարակը եւ այլն: Երեւանի կենտրոնում Լենինի արձանը փոխարինվեց
հսկայական խաչով, վերջինն էլ՝ մեծ էկրանով, որն արդեն տարիներ շարունակ ռեկլամներով
(այդ թվում՝ թուրքական արտադրանքի), ոչ բարձրակարգ հայկական երգերով եւ այլնով «զարդարում»
է մեր մայրաքաղաքի կենտրոնը: Գուցե այդ մեծ էկրանը օգտագործվեր հայ կինոռեժիսորների
ֆիլմերի գովազդման միջոց, ինչից դեռեւս ձեռնպահ են մնում հայաստանյան TV-ները: Տ.
Խզմալյանի ֆիլմերը, որ մասնակցում ու մրցանակներ են շահում Լոնդոնից Տորոնտո, Մոսկվայից
Ստամբուլ, չգիտես ինչու, չեն հետաքրքրում մեր TV-ներին: 2005թ. համաշխարհային
մուլտիմեդիայի շրջանակներում (Թունիս), ուր ներկա էին 50 պետությունների նախագահներն
ու վարչապետները, Անդրանիկ Մարգարյանը ստացավ Տ. Խզմալյանի «Արամ Խաչատրյան» ֆիլմի
շահած գլխավոր մրցանակը՝ որպես աշխարհի լավագույն մշակութային նախագիծ: Անգամ այս
դեպքում մենք հնարավորություն չենք ունեցել էկրաններին կամ TV-ներով դիտել այդ ֆիլմը:
Այս առիթով մեր զրուցակիցն ասաց. «Փաստորեն՝ որեւէ բան տեղի չունեցավ ոչ իմ կյանքում,
ոչ մեր երկրի կինոարվեստում: Իսկ եթե ֆիլմ նկարահանեի Արամ Ասատրյանի մասի՞ն…»:
Մեր զրուցակիցը համոզված է, որ կինոն արվեստի այն տեսակներից է, որտեղ պետք է լինի
պետության շունչը: «Մինչդեռ չկա մեր երազած հասարակությունը, գաղափարախոսությունն
ու պետությունը: Փոխարենը հարկային տեսուչների, կաշառակերների հավաքածու է: Մեծ խելք
ունենալ պետք չէ՝ հասկանալու, որ նրանց քիչ է հետաքրքրում կինոարվեստը: Չեխովը իր
օրագրի էջերում գրել է՝ քանի Տոլստոյը ողջ է՝ ամոթ է սրիկայություն անել: Ինչպես
ցույց են տալիս վերջին տարիները, Հայաստանում այլեւս ամոթ չէ լինել սրիկա»: Մեր
զրուցակիցը նշելով, որ կինոն, ինչպես արվեստի մյուս տեսակները, հաղորդակցության միջոցներ
են, հիշեցրեց, որ հենց կինոն ստեղծեց կինոթատրոնները. «Ցավոք, հիմա դահլիճներից կինոն
տեղափոխվել է TV-ներ: Չմոռանանք, որ հեռուստատեսությունը, որ ստեղծվել էր իբրեւ զանգվածային
լրատվության միջոց, դադարել է ու վերածվել զանգվածային առեւտրի միջոցի»: Ինչ վերաբերում
է Երեւանի կենտրոնում գտնվող մեծ էկրանին, պարոն Խզմալյանը կատակով ասաց, որ սարսափեցնող
նմանություն է տեսնում աշխարհահռչակ Ջորջ Օրվելի 1948-ին գրված «1984» վեպի հետ,
որտեղ պետությունը TV-ների «հսկող աչքերի»՝ թաքնված տեսախցիկների միջոցով կոնտրոլ
էր անում ամեն անհատի ու ամեն ինչ: Հետաքրքրությանը՝ հնարավոր չէ՞ մեր կինոթատրոններում
ցուցադրվող ֆիլմերից առաջ ներկայացնել հայ ռեժիսորի որեւէ վավերագրական, ընդամենը
մի քանի րոպեանոց ֆիլմ, եւ ինքը նման խնդրանքով դիմե՞լ է TV-ներին, պարոն Խզմալյանը
հայտնեց. «Այսօր մեր կինոթատրոններում ֆիլմերից առաջ արվում են միայն գեղարվեստական
ֆիլմերի գովազդներ: Ցեղասպանության 90-րդ տարելիցի առիթով «Արմին Վեգներ՝ ցեղասպանության
լուսանկարիչը» ֆիլմիս ցուցադրման համար դիմել էի TV-ներին: Պարզվեց, որ պետք է գտնեի
ցեղասպանությունը գովազդող հովանավոր, որպեսզի այն ցուցադրվեր, ինչին, բնականաբար,
չգնացի»: Իսկ ինչպե՞ս պետք է մեր կինոարտադրանքը ցուցադրվի եւ պրոպագանդվի
Հայաստանում՝ հարցի առնչությամբ Տ. Խզմալյանն ասաց. «Ամեն մեկս առանձին եւ բոլորս
միասին նախ պետք է ստեղծենք քաղաքացիական հասարակություն: Միայն այդ դեպքում կհասնենք
նպատակ կոչվածին ոչ միայն կինոարվեստում: Այդ գործընթացը 70-ականներին սկսվեց, 88-ին
հասնելով գագաթնակետին՝ հասկանալի պատճառով ընդհատվեց»: Ս.
ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ. Գ. Ուղիղ մեկ տարի է, ինչ Տ. Խզմալյանից հետո
հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիայի տնօրենն է բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը:
Նա հրաժարվեց ասել, թե իր պաշտոնավարության օրոք քանի ֆիլմ է նկարահանվել, պատճառաբանելով,
որ ամեն ինչ պատրաստվում է հայտնել առաջիկայում հրավիրվելիք մամլո ասուլիսում: Ի
դեպ, Տ. Խզմալյանի օրոք՝ 1997-2005թթ. տարեկան նկարահանվել է 3-4 ֆիլմ, որոնց մի
մասը 10 միջազգային մրցանակի է արժանացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել