Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԷԼԻՏԱՐ ՇԻՆԱՐԱՐԸ»՝ ԲՈՒՀԻ ՌԵԿՏՈՐ

Փետրվար 28,2006 00:00

Բժշկականի
նոր ռեկտոր Գոհար Քյալյանը «բիզնես-վուման» է, իսկ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար
Արմեն Գեւորգյանը պարզապես նրա ընկերներից մեկն է: Երեկ
Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր ընտրվեց բուհի նորմալ անատոմիայի ամբիոնի
վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Գոհար Քյալյանը՝ ստանալով 32 հոգանոց խորհրդի բոլոր ձայները:
«Երբ ես ամբիոնի վարիչ կամ դոկտոր նաուկ էի, ես դեռ Մայրապետյանի կինը չէի:
Ես ձեզ մի բան կարող եմ խոսք տալ, որ կաշխատեմ անել այնպես, որ գոնե մեկ տարի հետո
լրագրողները ասեն, որ Սամվել Մայրապետյանը Գոհար Քյալյանի ամուսինն է ընդամենը»,-
երեկ հայտարարեց Երեւանի պետական բժշկական համալսարանի նորընտիր ռեկտոր Գոհար Քյալյանը՝
լրագրողի այն հարցից հետո, թե արդյոք չի՞ օգնել նրա ընտրվելուն հ2 հեռուստաընկերության
տնօրեն Սամվել Մայրապետյանի կինը լինելու եւ իշխանական շրջանակներում այլ կապեր ունենալու
հանգամանքը: Ըստ որոշ լուրերի, տիկին Քյալյանը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն
Գեւորգյանի կնքամայրն է, եւ որ Ա. Գեւորգյանին իր կնոջ հետ ծանոթացրել է հենց Գ.
Քյալյանը: «Պարզապես Արմեն Գեւորգյանը մեր ընկերներից մեկն է»,- այսպես բնութագրեց
վերեւների հետ կապը տիկին Քյալյանը: Վերջինիս ուղղեցինք մեր հաջորդ տեղեկատվությունը,
ըստ որի՝ բուհի խորհրդի անդամներից մի քանիսին Կոնսերվատորիայի շրջակայքում գտնվող
մի էլիտար շենքից բնակարաններ են խոստացվել՝ ռեկտորի ընտրություններում Գ. Քյալյանի
օգտին 100 տոկոսանոց դրական արդյունք ապահովելու համար: Բացի այդ, ասում էին, թե
խորհրդի անդամների կամ նրանց ձայների վրա ազդեցություն ունեցող անձանց նախագահականից
կանչել ու հրահանգել են, որ Քյալյանին ոչ մի դեմ ձայն չպետք է լինի: Գ. Քյալյանի
նախկին ուսանող, ԱԺ պատգամավոր, բուհական խորհրդի անդամ Արմեն Աշոտյանին հարցրինք՝
արդյոք իրեն կաշառք խոստացե՞լ են՝ խորհրդի ուսանողական հատվածի ձայներն ապահովելու
համար: «Կան 2 տեսակի լրագրողական հարցեր՝ ոչ կոմպետենտ եւ սադրիչ, իհարկե չեմ մեկնաբանի,
թե սա որ տեսակն էր,- ի պատասխան ասաց Աշոտյանը եւ ավելացրեց,- Նոր Արեշ, 27 փողոց,
32 տուն՝ դա իմ պապական տունն է, որտեղից տեղափոխվելու մտադրություն չունեմ»: Գոհար
Քյալյանն այս լուրերին այսպես արձագանքեց. «Որ ասեմ հա, կասեք՝ չէ, որ ասեմ չէ՝ կասեք
հա: Այսպիսի հարցեր սխալ է տալ ինձ, որովհետեւ ես ոչ մի տեղ այդպես չեմ աշխատել եւ
մտադրված էլ չեմ եղել: Որովհետեւ եթե մարդ 32 տարեկանում դառնում է դոկտոր եւ մոտավորապես
ամբողջ կյանքը նվիրում է իր մասնագիտությանը, երեւի ինքը ունի կարիերային աճի մտադրություն,
եւ մտածում է, որ հետագայում կարող է դառնալ ռեկտոր: Փակ գաղտնի քվեարկություն է,
ով ինչպես է քվեարկել, թող մնա իր խղճին»: Տիկին Քյալյանի հետագա խոսքից,
որ մեջբերեց կոնտեքստից դուրս, պարզ դարձավ, որ էլիտար շենքերի հետ կապ, այնուամենայնիվ
կա. «Ես երբեք էլ չեմ ժխտել, որ բավականին լավ եմ ապրում, ունեմ բիզնես, ես ինքս
բիզնես վումեն եմ, զբաղվում եմ էլիտար շինարարությամբ՝ իմ ամուսնու հետ եւ «Լոքալ
Դիվելոփերս» կազմակերպության փոխնախագահն եմ: Ես իմ փողը վաստակում եմ բիզնեսային
դաշտում, բայց դա չի նշանակում, որ ես չեմ սիրում իմ հիմնական մասնագիտությունը»:
Այս ասելով՝ տիկին Քյալյանը թերեւս ուզում էր ապացուցել, որ չի պատրաստվում բուհում
փող աշխատել: Եվ բուհական կոռուպցիայի մասին էլ ասաց հետեւյալը. «Եթե դրամ տվող չլինի,
վերցնող էլ չի լինի»: Որոշ ուսանողներ միջանցքներում, բնականաբար՝ անանուն,
կարծիք էին հայտնում, թե Գ. Քյալյանը բավական կոպիտ է վերաբերվում իրենց եւ դասերի
ժամանակ կարող է վիրավորել ուսանողներին: Այս մասին նորընտիր ռեկտորը ասաց. «20 տարվա
դասախոս եմ, չունեմ այդպիսի ուսանող, որ կարող է նման բան ասել, ես ուսանողներին
վերաբերվում եմ որպես մեծ մարդու եւ կոլեգայի»: Իսկ բուհի խորհրդի նախագահ, նախկին
ռեկտոր Վիլեն Հակոբյանը, որ մինչեւ քվեարկությունը հայտարարեց, թե 2 թեկնածուներից
նախընտրում է Գ. Քյալյանին (հիշեցնենք՝ մյուս թեկնածուն բժշկական գիտությունների
դոկտոր, պրոֆեսոր, ֆթիզիատրիայի ամբիոնի վարիչ Մարինա Սաֆարյանն էր), ուսանողների
հետ վերաբերմունքի մասին ասաց. «Ի՞նչ լեքսիկոնի մասին է խոսքը, այդպիսի բան չկա,
սովորաբար հիպերբոլիկ են դարձնում ամեն ինչ, ես չեմ տեսել, որ նա այդպես խոսի ուսանողների
հետ»: Պրն Հակոբյանը նաեւ ասաց, որ ռեկտորի 2 թեկնածուների ելույթներն էլ բավարարել
են խորհրդի անդամներին: Իսկ խորհրդի անդամ Հրանուշ Հակոբյանը կարծիք հայտնեց, թե
խորհրդի համար կողմնորոշիչ էին թեկնածուների ծրագրային ելույթները, եւ որ Գ. Քյալյանինն
ակնհայտորեն տարբերվում էր՝ որակական առումով: Եվ այդ էր պատճառը, որ բոլորը միաձայն
կողմ քվեարկեցին Գ. Քյալյանին: Վերջինս, սակայն, ասում էր, որ 32 ձայնի հույս չուներ.
«Ես չէի պատկերացնում 32 ձայն, բայց դա միայն ավելացնում է իմ պատասխանատվությունը,
եթե ունենայի դեմ ձայներ, կմտածեի՝ այս է, այն է եւ այլն, բայց քանի որ մարդիկ բոլորն
ինձ վստահեցին, նշանակում է, որ բոլորի հետ պետք է ներդաշնակ աշխատեմ»: Տիկին Քյալյանը,
սակայն, կրճատումներ հաստատ պատրաստվում է անել, ինչը պնդում էին նաեւ ուսանողները:
«Ինչ-որ ազատումներ, իհարկե, կլինեն, ինչի մասին է խոսքը, անպայման: Դեռ 1 շաբաթ
ունեմ, մինչեւ կառավարությունը կհաստատի արդյունքները, եւ կարող եմ շատ հանգիստ պայմաններում
նայել, մտածել, տեսնել ինչ եմ անելու: Աչքի տակ դեռ չունեմ, թե ում, շատ վերացական
եմ մտածել այդ մասին, որովհետեւ, ի տարբերություն լրագրողների, ես դեռ կասկածներ
ունեի, որ կանցնեմ: Որովհետեւ փակ գաղտնի քվեարկությունը միշտ իր հետ կարող է անակնկալներ
բերի»: Իր հակառակորդից տիկին Քյալյանը «հաշվեհարդար տեսնել» չի պատրաստվում: Նախընտրական
պայքարի առաջին օրերին համառ էին լուրերը, որ Վիլեն Հակոբյանը հակասություններ ունի
Գ. Քյալյանի հետ եւ բնավ էլ չէր ուզի նրան տեսնել ռեկտորի պաշտոնում: Երեկ պրն Հակոբյանը
հերքեց այդ մասին լուրերը, նաեւ ասաց, որ ինքը կոչված է, ինչպես նախորդ տարիներին,
այսուհետեւ էլ այնպես անել, որ բուհի վարկանիշը, ինչպես եղել է բարձր, այնպես էլ
մնա միջազգային մակարդակներում: Տիկին Քյալյանն իր եւ Վ. Հակոբյանի համատեղ աշխատանքի
մասին ասաց հետեւյալը. «Նախագահը կարող է խորհուրդ տալ, սակայն գործադիր մարմինը
ռեկտորն է եւ որոշումները կայացնում է մեկ անձ՝ ռեկտորը»: Մյուս թեկնածուն՝
Մ. Սաֆարյանը, իր ոչ մի ձայն չունենալը բացատրեց այսպես. «Ուրեմն այդպես էր պետք»:
Եվ ավելացրեց, թե ընտրություններն արդար ու ճիշտ են անցել: ՀԱՍՄԻԿ
ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել