Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԵՂ ՊԱՏԱՌ

Փետրվար 28,2006 00:00

Երկմասանի
անավարտ պատմություն ՀԷՑ-ի մասին Այս պատմությունը սկսվեց այն ժամանակ, երբ
անցած տարի ամռանը պարզ դարձավ, որ ՌԱՕ ԵԷՍ-ը պատրաստվում է գնել Հայաստանի էլեկտրացանցերը
(ՀԷՑ) «Միդլենդ ռեսորսիզից»: Բնականաբար, ցանկացած գնորդ շահագրգռված է նախ՝ իմանալ,
թե ինչ է անցնում իրեն որպես սեփականություն, եւ երկրորդ՝ հնարավորինս իջեցնել ապրանքի
գինը: Ըստ ՌԱՕ ԵԷՍ-ի մեր աղբյուրների՝ ընկերությունը հենց այդպես էլ վարվեց: ՀԷՑ-ը
ստուգելու համար Հայաստան էր գործուղվել ՌԱՕ ԵԷՍ-ի ներկայացուցիչ Միխայիլ Մանտրովը:
Վերջինս, գուցե ղեկավարվելով գինը գցելու նպատակով կամ հաշվի չառնելով հայկական մենթալիտետը,
կամ էլ՝ ունենալով սեփական հաշվարկները, այդ ստուգումը հանձնարարեց տեղացի մասնագետներին,
որոնց թվում էին այս կամ այն պատճառով այդ պահին ՀԷՑ-ում չաշխատող մարդիկ: Կարճ ասած՝
«աբիժնիկներին», որոնց մեծ մասը կազմում է էներգետիկայի նախկին նախարար Մելս Հակոբյանի
շրջապատը, մասնավորապես՝ ՀՀ-ում ABB ընկերության նախկին ներկայացուցիչ Ֆելիքս Թադեւոսյանը:
Հենց վերջինս էլ անսպասելի մեծ դեր խաղաց այս պատմության մեջ: Ի դեպ, Մանտրովը այդ
պատմությունից հետո ազատվեց աշխատանքից: Մարդկանց այդ խումբը, որոնց կարելի
է պայմանականորեն կոչել «Մանտրովի հանձնաժողով», կատարեց իր առաքելությունը, գրանցեց
որոշակի թերություններ եւ խախտումներ, որոնց մեծ մասն, ինչպես ավելի ուշ պարզվեց,
իրական չէին: Իսկ մնացածը մանրուքներ էին, որոնք, ի վերջո, չազդեցին ՀԷՑ-ի գնի վրա:
Աուդիտ՝ այդ բառի իրավական իմաստով, չի անցկացվել, սակայն «Մանտրովի հանձնաժողովի»
կազմած թուղթը մնացել է, որը պետք է օգտագործվեր այլ հանգամանքներում եւ այլ նպատակներով:
Այս տարվա փետրվարի կեսերին սկսվեց այդ պատմության երկրորդ մասը: Այն սկսվեց
անսպասելի զուգադիպությունից. ՀԷՑ-ի հերթական ստուգման ժամանակ պարզվեց, որ Ֆելիքս
Թադեւոսյանը չի վճարում իր տանն օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց կամ վճարում է
սպառածից էականորեն ավելի քիչ: Իմանալով, որ ՀԷՑ-ը հայտնաբերել է իր «գաղտնիքը»,
պարոն Թադեւոսյանը, բնականաբար, ենթադրեց, որ ՀԷՑ-ն իրեն հետապնդում է, չնայած, ըստ
պաշտոնական տվյալների, նման չվճարման ակտեր ՀԷՑ-ը կազմում է օրական միջին հաշվով
12 հատ, եւ այդ դեպքերի ճնշող մեծամասնությունը կարգավորվում է բանակցությունների
միջոցով՝ առանց դատարան հասնելու: Բայց մտածելով, որ ինքը հետապնդման «զոհ է», պարոն
Թադեւոսյանը որոշում է պաշտպանվել՝ մի քանի լրատվամիջոցների պատմելով «Մանտրովի հանձնաժողովի»
բացահայտումների մասին: Պատմությունը կարող է ունենալ երկու «շարժիչ ուժ»՝
տնտեսական եւ քաղաքական: Առաջինն այն է, որ ՀԷՑ-ը հարուստ եւ եկամտաբեր հիմնարկություն
է, եւ կան բազմաթիվ մարդիկ, որոնք կուզենային այդ հիմնարկում իշխանության գալ՝ օգտագործելով
Մոսկվայում իրենց կապերը, այդ թվում՝ ՌԴ մայրաքաղաքի հայկական ազդեցիկ համայնքը:
Իսկ քաղաքական բաղկացուցիչը կարող է լինել այն, որ առաջիկա ընտրություններում էլցանցերը
այսպես թե այնպես օգտագործվելու են իշխանության կողմից: Հիշեցնենք, որ անցած ՏԻՄ
ընտրություններին մասնակցում էին բազմաթիվ էլցանցերի պետեր, որոնք հավակնում եւ երբեմն
էլ հաղթում էին համայնքի ղեկավարի պաշտոնի համար մրցավազքում: Իսկ Մելս Հակոբյանի
եւ քաղաքականությանը այս կամ այն կերպ մասնակցող գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի
ընկերական հարաբերությունները հայտնի են: Այժմ դատախազությունը ստուգումներ
է անցկացնում ՀԷՑ-ում: Ասել, որ այդ հիմնարկում խախտումներ կամ նույնիսկ՝ հանցագործություններ
չեն կատարվում՝ միամտություն կլինի: Խնդիրն այն է, թե ինչ տեսակի հանցագործություններ
են դրանք: Մի բան է, երբ «լույսի մարդը» համաձայնության է գալիս բնակչի կամ օբյեկտի
տիրոջ հետ, երկուսը համատեղ էլեկտրականություն են գողանում: Մեկ այլ բան է, երբ,
ասենք, ՀԷՑ-ի նման հզոր հիմնարկը թաքցնում է իր եկամուտները եւ հարկեր չի մուծում
մեր պետությանը: Թե դատախազությունը, թե ՀԷՑ-ը առայժմ հրաժարվում են պարզաբանումներ
տալ: Բայց հանգուցալուծումը կարծես թե մոտենում է: ՄԵԼԱՆՅԱ
ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել