Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՈՐՇ ԿԱՐԴԻՆԱԼՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՆ
ԱՆՑՅԱԼ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ»

Փետրվար 28,2006 00:00

Կարծում
է ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը – Պարոն Բաղդասարյան, վերջին շրջանում ավելի
շատ է խոսվում ՕԵԿ-ի ընդդիմություն դառնալու հավանականության մասին: Ձեր կարծիքով
ի՞նչ հիմքեր կան այդպես մտածելու: – ՕԵԿ-ի սկզբունքային մոտեցումները, բաց,
հրապարակային դիրքորոշումները այս կամ այն կարեւոր հիմնախնդրի առնչությամբ, որոնք
մեր ժողովրդի համար ունեն հանրային, քաղաքական կամ սոցիալական նշանակություն, երեւի
թե նման եզրահանգումների հիմք են տալիս: Սակայն ձվի մեջ մազ փնտրելու անհրաժեշտություն
չկա: Լինել իշխանության մեջ՝ չի նշանակում վարել ջայլամի քաղաքականություն, աչք փակել
թերությունների ու չարաշահումների վրա: Որպես իշխանության գործունեության համար պատասխանատվություն
կրող քաղաքական ուժերից մեկը, մենք համոզված ենք, որ բացախոսությունը, թերությունների
մատնանշումը, դրանց վերհանումն ու լուծումը մեծապես նպաստում են մեր տնտեսական կամ
քաղաքական առաջընթացին: Օրինակ, տարիներ շարունակ խոսվում էր կրթության եւ գիտության
ոլորտում շուկայական գներից նկատելիորեն ցածր պայմաններով պետական գույքի մասնավորեցման
կամ ուղղակի վաճառքի անընդունելիության մասին, որի արդյունքում փակվեցին բազմաթիվ
կրթական եւ մշակութային օբյեկտներ: Օրինակ՝ ԱԺ ՎՊ-ն վերջերս պարզել է, որ «Օրբիտա»
գիտահետազոտական միավորումը, որ գնահատվել է 3 միլիարդ դրամ, վաճառվել է 116 միլիոնով,
օրինակ՝ մանկապարտեզների մեկ երրորդը, որ փակվել եւ օտարվել են երկրում, օրինակ՝
250 գրադարանները, որ դարձյալ օտարվել են… Մենք ոչ միայն խոսեցինք, այլ նաեւ հեղինակեցինք
եւ ընդունեցինք օրենք, որով այսուհետեւ արգելվում է գիտական, կրթական շենքերի վաճառքը:
Կարելի է բերել նաեւ բազմաթիվ այլ օրինակներ: Այնպես որ, իշխանություն կամ ընդդիմություն
լինելը չի կարող ինքնանպատակ լինել: – Բայց տարբեր քննարկումների ժամանակ
դուք հաճախ այնպես եք արտահայտվում, քննադատում, ինչպես չի արտահայտվում նույնիսկ
ամենաընդդիմադիրը: – Իշխանություն լինելու փաստը չպետք է խանգարի քննարկումներին:
Որպես ԱԺ նախագահ՝ ես աջակցում եմ այս կառավարությանը ազնվորեն՝ բոլոր ազգանվեր ծրագրերում,
բայց որպես ՕԵԿ նախագահ՝ ես խոսում եմ մի ապագայի մասին, որ ձգվում է ավելի հեռու,
քան այս կառավարության 14 ամիսներն են: Ես քննադատում եմ վերջին 15 տարիների քաղաքականության
սխալ կողմերը եւ չեմ կարող ձեւացնել, թե ոչինչ չեմ լսում կամ տեսնում: Այդ իսկ պատճառով
մենք ասում ենք, որ բարեփոխումների կողմնակից, բարեփոխումներ պահանջող եւ իրականացնող
քաղաքական ուժ ենք: Ցանկանում եմ նաեւ նշել, որ բազմաթիվ բարի ու լավ գործեր եւս
արվել են, որոնց մասին նույնպես չասել չենք կարող: Ի վերջո՝ ոչ ոք չի կարող ինձ հանդիմանել
Հայաստանին լավը ցանկանալու համար: – Այսօր բացառապես իշխանության թեւում
են ստեղծվում նոր կուսակցություններ, իսկ դա ակնհայտորեն նշանակում է, որ հենց իշխանության
ներսում տեղերը վերաբաժանելու խնդիր կա: Արդյոք նորերը չե՞ն փորձելու գրավել նաեւ
առաջին հերթին ձեր գլխավորած կուսակցության հավանական տեղերը խորհրդարանական ընտրություններում:
– Ես կողմնակից եմ ոչ թե ստվերային քաղաքականության, այլ բաց եւ հրապարակային:
Գորշ կարդինալների ժամանակներն աստիճանաբար անվերադարձ անցյալ են դառնում: Այս իմաստով
դրական է, որ առանձին խմբերի կամ անձանց հավակնությունները քաղաքական կյանքում դառնում
են բաց ու թափանցիկ՝ կապ չունի դա իշխանությա՞ն դաշտում է, թե՞ ընդդիմության: Իսկ
մնացածը ցույց կտա ժամանակը: – Եթե իսկապես տեղի ունենա ՀՀԿ-ի եւ «ԲՀ»-ի համագործակցությունը,
դա կարծես թե նշանակելու է, որ նրանք միասին աշխատելու են ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի դեմ: –
Համագործակցությունը քաղաքական ուժերի իրավունքն է: Մենք կողմ ենք ցանկացած համագործակցության,
որը ձեւավորվելու է հանուն, ոչ թե ընդդեմ սկզբունքով: Չեմ կիսում ձեր այն մտայնությունը,
որ նրանք աշխատելու են ՕԵԿ-ի կամ ՀՅԴ-ի դեմ, ավելի շուտ նրանք աշխատելու են իրենց
ծրագրերի իրականացման համար: Գիտեք՝ քաղաքացիական հասարակությունը առաջընթացի համար
պետք է հաղթահարի ներքին տարաձայնությունը: Որպես այդ հասարակության կարեւորագույն
գործիքներից մեկը, մեր քաղաքական կուսակցությունները եւ ողջ քաղաքական դաշտը եւս
չպետք է կորցնեն իրենց աշխատունակությունը ներքին անհանդուրժողականության պատճառով:
Քաղաքական պայքարը մրցակցություն է, եւ մենք կողմնակից ենք քաղաքակիրթ եղանակներով
ժողովրդի վստահության քվեն վաստակելու եղանակներին: – Բայց չէ՞ որ Հայաստանում
քաղաքակիրթ մրցակցություն հնարավոր չէ: Դուք շարունակ խոսում եք բարեփոխումների կարեւորության
եւ ժողովրդավարության մասին: Մինչդեռ մենք գիտենք, որ Հայաստանում գոնե դա երազ է՝
փողի, ուժային ռեսուրսների կիրառումը օրեցօր ավելի ու ավելի ցայտուն է դառնում: Մի՞թե
ձեր ասածը հնարավոր է: – Ոչ միայն հնարավոր է, այլ նաեւ անհրաժեշտ է, եւ վաղ
թե ուշ մենք դրան հասնելու ենք: Եվ ինչքան շուտ, այնքան լավ: Բարեփոխումների միջոցով
մենք պետք է աջակցենք կոռուպցիայի դեմ մղվող պայքարին, ժամանակակից եւ մրցունակ տնտեսություն
ստեղծելու մեր հետեւողական ձգտումներին: Ազատ տնտեսության տեսլականը, ժողովրդավարության
ոչ դյուրին, բայց դրամատիկ առաջընթացը, հանդուրժողականության եւ մրցակցության վրա
խարսխված քաղաքական եւ ընտրական համակարգը մեզ լավ հանգրվանի հասնելու իրական հույսեր
են տալիս: Ի վերջո, շատ դեպքերում ազատ զարգացող տնտեսությունն ավելին կարող է անել
երկրի առաջընթացի կամ աղքատության կրճատման համար, քան սոսկ չոր կառավարական ծրագրերը:
– Ներքաղաքական ատելության այս պայմաններում մի՞թե հնարավոր է այդ հանդուրժողականությունը:
– Ինչ վերաբերում է հանդուրժողականությանը, ապա մեծ է դրա դերը մեր կյանքում,
սակայն քաղաքական կյանքում մեր երկարատեւ հանդուրժողականության կոչերը երբեք չպետք
է սխալ հասկացվեն: Քաղաքական դաշտում հակամարտություն ունենալու մեր դժկամությունը
չպետք է գնահատվի որպես պայքարելու կամքի հրաժարում կամ դիտարկվի որպես անարձագանք
ու անիրական բովանդակությամբ աչքի ընկնող շարունակական մի կոչ: Երբ պահանջվի գործողության
դիմել, որպեսզի պահպանենք մեր սկզբունքները եւ արժեքները, մենք կլինենք խիստ հետեւողական
ու վճռական մեր գործողությունների մեջ: Ի վերջո՝ միայն խոսելով դեռ ոչ ոք հաջողության
չի հասել: Պետք է աշխատել: Եվ մենք կողմնակից ենք, որ այդ աշխատանքը լինի մրցակցության
եւ հանդուրժողականության, ոչ թե ստի ու կեղծիքի, չարության ու նախանձի պայմաններում:
– Դուք շարունակ խոսում եք այն մասին, որ ՕԵԿ-ը պաշտոնական տվյալներով ամենամեծաթիվ
կուսակցությունն է, ի դեպ, ձեր այդ միտքն ամեն անգամ զայրացնում է ձեր իսկ կոալիցիոն
գործընկերներին: Եվ հետո, մի՞թե ձեզ համար գաղտնիք է, որ խորհրդարան կմտնեն այն ուժերը
եւ այնքան ձայներով, որքան նրանց համար կգծվի «համապատասխան» կաբինետներում: –
Այն, որ ՕԵԿ-ը Հայաստանի ամենախոշոր քաղաքական կազմակերպությունն է, փաստարկված է
պաշտոնական տվյալներով, եւ մենք մեր հանրությունից թաքցնելու ոչինչ չունենք: 2006
թ. մարտի 1-ի դրությամբ մեր շարքերում արդեն իսկ հաշվառված է շուրջ 60000 անդամ,
եւ նրանց թիվն անընդհատ ավելանում է: Եթե մենք թաքցնենք մեր անդամների թիվը, մեզ
կմեղադրեն դրա համար: Մենք ունենք նաեւ տասնյակ հազարավոր համախոհներ, ովքեր մեր
կողքին են ու հավատում են մեզ: Չեմ կարծում, որ դա շատ զայրացուցիչ է, երբ կուսակցությունները
զարգանում են: Ինչ վերաբերում է «համապատասխան» կաբինետների վարկածին, ապա ես համոզված
եմ, որ այն այլեւս չի գործելու: Սպասվում են լուրջ մրցակցություն, միջազգային դիտորդական
ակտիվ առաքելություն, տեսակետների ու շահերի բախումներ եւ համադրումներ: ՕԵԿ-ը ակտիվ
դերակատարում է ունենալու ազատ ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար: Իհարկե,
ես այնքան ռոմանտիկ չեմ, որ մտածեմ, թե 100 տոկոսանոց ընտրություններ կլինեն, բայց
միեւնույն ժամանակ այնքան էլ հոռետես չեմ, որ ընդունեմ, թե ընտրությունները կեղծվելու
են: Հայաստանն այլեւս սպառել է կեղծված կամ գծագրված սցենարներով ընտրություններ
անցկացնելու բոլոր հնարավորությունները: Հայաստանին անհրաժեշտ է ժողովրդավարական
ապագա, որի հիմքը ազատ ընտրություններն են: Հայաստանն ապագայի երկիր պետք է լինի:
Երբեմն, սակայն, որոշ հոռետեսներ ժողովրդավարության եւ բարեփոխումների խորացման ջանքերը
փորձում են դիտարկել մայրամուտի կամ անիրական մի լույսի ներքո, որովհետեւ չեն հավատում
կամ հիմնվում են սոսկ անցյալի տխուր հիշողությունների վրա: Մինչդեռ դրանք դեպի Եվրամիություն
մեծ ուղեւորության ճանապարհի ժամանակավոր արգելքներ են, որոնք մենք վճռականություն
պետք է ունենանք հաղթահարելու: Մենք կարող ենք իրոք մերը դարձնել մեր ապագան, այն
ապագան, որին ձգտում ենք, առաջարկելով այդ տեսլականը մեր բոլոր այն հայրենակիցներին,
ովքեր հավատ եւ խիզախություն կունենան ապրել եւ պայքարել իրենց եւ իրենց զավակների
երազած Հայաստանի համար: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել