Լրահոս
Օրվա լրահոսը

Օրե՞նքն

Փետրվար 25,2006 00:00

Օրե՞նքն է փրկելու հայ կինոն Երեւանյան կինոթատրոններում հայկական ֆիլմեր չեն ցուցադրվում Հայաստանում կինոն վաղուց դիտվում է ոչ միայն արվեստ, այլեւ քաղաքականություն ու բիզնես: «Առավոտի» հետ մասնավոր զրույցներում մեր կինոարտադրողներն այսօր հայաստանյան կինոթատրոններում տեղական արտադրության ֆիլմերի բացակայության մեղքը, մեղմ ասած, գցում են պետության վրա, ասելով, որ հանրապետությունում բոլոր կինոթատրոնները սեփականաշնորհված են, իսկ 2005-ին հայ կինոն վերջնականապես սպանվեց պետական որոշումներով, ինչի արդյունքն են այսօր գործազրկության մատնված «Հայֆիլմն» ու «Երեւան» ստուդիան: Արվեստագետները մինչ այսօր հիշում են, թե ինչպես խորհրդային տարիներին հայաստանյան կինոթատրոնների ճակատին, որպես օրենք, փակցված էր Լենինի հետեւյալ միտքը. «Բոլոր արվեստներից կարեւորը կինոն է»: Ըստ մեր զրուցակիցների, ստացվում է, որ ամերիկացիները հենց Լենինի խոսքերով շարունակում են մինչ այսօր ճիշտ քաղաքականություն վարել կինոյում: Խոսելով Երեւանում գործող երկու՝ «Մոսկվա» եւ «Նաիրի» կինոթատրոններում որդեգրված քաղաքականության մասին էլ, հեգնանքով ասում են, որ իրենց ֆիլմերի պակասը հիշյալ կինոթատրոններում դրանց տնօրենների բարի կամքի դրսեւորումն է կամ դրա իսպառ բացակայությունը: Կապվեցինք «Նաիրի» կինոթատրոնի տնօրեն Հրանտ Հովհաննիսյանի հետ: Նա ափսոսեց, որ այսօր բարձրակարգ հայկական ֆիլմեր չկան: Հատուկենտ նկարներն էլ ներկայացվում են DVD կամ BETA տեսաերիզներով, որոնք որակ չեն ապահովում: Պարոն Հովհաննիսյանը հայտնեց, որ մինչ օրս հայաստանցի եւ ոչ մի կինոռեժիսորի կողմից ֆիլմ ցուցադրելու առաջարկ չի ստացել: Մեր հետաքրքրությանը՝ ինչպե՞ս է կատարվում կինոդահլիճի վարձակալումը, նա տեղեկացրեց. «Օրինակ, մեծ դահլիճը 230 հանդիսականի համար է եւ եթե վաճառվեն այդ քանակությամբ տոմսեր՝ մոտ 1000 դրամով, ապա մեկ սեանս ցուցադրության համար միջին հաշվով կպահանջվի 500 ԱՄՆ դոլար: Ուրախ կլինենք մեր ռեժիսորների արտադրանքը ներկայացնելու ոչ միայն փառատոնից փառատոն: Մենք էլ անհամբեր սպասում ենք հայկական բարձրակարգ ֆիլմերի»: «Մոսկվա» կինոթատրոնի մենեջեր Թամար Թովմասյանն էլ մեզ հայտնեց, որ 2005թ. ընթացքում իրենց մոտ կոմերցիոն նպատակներով ցուցադրվել է 3 հայ ռեժիսորի ֆիլմ, այդ թվում՝ Զոհրաբ Բեկ Գասպարենցի «Առաքելը», ամերիկահայ Վահե Խաչատրյանի «Սարդոստայնը»: Ըստ մենեջերի, մեր ֆիլմերը, օրինակ, ամերիկյանի հետ հավասար չեն ու 3-4 օրից հետո «չեն աշխատում»: Տեղեկացրեց նաեւ, որ իրենց դահլիճը վարձակալելիս, եթե ֆիլմի կինոռեժիսորը կամ պրոդյուսերը չեն կարողանում դահլիճի վարձավճարը մուծել (մոտ 250 հազար դրամ), ապա գումարը գանձվում է տոմսերի վաճառքից ստացված հասույթից: Կոմերցիան՝ կոմերցիա, բիզնեսը՝ բիզնես, իսկ վերը շարադրվածի առիթով մշակույթի նախարարությունը «ձեռքերը լվացել է ու մի կողմ քաշվել»: Նախարարության հասարակայնության հետ կապերի գծով պատասխանատու Գայանե Դուրգարյանն ասաց. «Մեզ մոտ ընդունվել է կինոյի մասին հայեցակարգը, իսկ օրենքը դեռ ընթացքի մեջ է: Ընդ որում, օրենքով սահմանված է կետ, որը պետք է կարգավորի, համակարգի հայ կինոյի պրոպագանդման հարցը»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել