Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԱԱ-ն՝ իր աշխատակիցների աչքերով

Փետրվար 25,2006 00:00

ԳԱԱ-ն՝ իր աշխատակիցների աչքերով Ուղեղների արտահոսքից գիտական գործունեության կարեւոր ուղղություններ են ոչնչացել: ՄԱԿ-ի փորձագետների՝ ԳԱԱ բարեփոխումներին վերաբերող ծրագրում առանձին գլխով ներկայացված են հարցումներ՝ իրականացրած ԳԱԱ աշխատակիցների շրջանում՝ ակադեմիական եւ բուհական կյանքի առկա վիճակի գնահատականի եւ դժվարությունները հաղթահարելուն ուղղված առաջարկությունների մասին: Հիշեցնենք, որ այս հատվածի վերաբերյալ իրենց համաձայնությունն են հայտնել նույնիսկ ծրագրի ամենաարմատական ընդդիմադիրները: Հարցման մեջ ընդգրկվել է ընդհանուր թվով 253 ռեսպոնդենտ՝ 33 ակադեմիական ինստիտուտներից ու 3 բուհերից (Երեւանի պետական համալսարան, Ճարտարագիտական համալսարան, Ագրարային համալսարան)՝ 11 ակադեմիկոս կամ թղթակից անդամ, 44 գիտությունների դոկտոր, 106 գիտությունների թեկնածու, 92 գիտական աստիճան չունեցող անձ: Այսպիսով՝ Հայաստանի ակադեմիական եւ պետական բուհական համակարգում աշխատանքից մարդկանց բավարարվածության աստիճանը որոշելու նպատակով արված ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ հարցման մասնակիցների 56.5%-ի համար միջազգային չափանիշներին համապատասխանող գիտական հետազոտություններ իրականացնելիս անբավարար է իրենց կազմակերպություններում առկա սարքավորումների մակարդակը, 47.1%-ի համար՝ նյութերը, 47.4%-ի համար՝ հաղորդակցության միջոցները: Ընդ որում, նշված առումներով հայագիտական ինստիտուտները գտնվում են առավել անբարենպաստ պայմաններում (70.0% անբավարարվածություն՝ սարքավորումների մասով, 70 տոկոս՝ նյութերի, 65 տոկոս՝ հաղորդակցության միջոցների)։ Հետազոտական աշխատանքերի արդյունքների ներդրման բարդությունները ակադեմիական եւ բուհական համակարգի գիտաշխատողների շուրջ 1/4-ը կապում է աշխատանքի անբարենպաստ պայմանների հետ: Միաժամանակ նշվում է, որ ըստ հարցման՝ գիտաշխատողների աշխատանքային պայմաններում վերջին տասնամյակում որոշակի փոփոխություններ եղել են: Որոշ ինստիտուտներում աշխատանքային պայմանների որոշակի բարելավում արձանագրվել է՝ կապված միջազգային դրամաշնորհներով աշխատելու աշխատակազմի հնարավորությունների հետ, իսկ մյուսներում, ընդհակառակը, նկատվում է վատթարացման միտում: Այսպես, տեխնիկական եւ բնագիտական ինստիտուտների հարցվածների 40,9 տոկոսը նշել է, որ իրենց ինստիտուտներում աշխատանքային պայմանների առումով որոշ դրական փոփոխություններ են կատարվել, մինչդեռ, 58,3 տոկոսի կարծիքով աշխատանքային պայմանները վատացել են։ ՀՀ ԳԱԱ ինստիտուտների 40%-ի մոտ աշխատանքների ծավալային ու բովանդակային հարցերում լճացման միտում է արձանագրվել: Դա բնորոշ է հատկապես հայագիտական բլոկի ինստիտուտներին: Աշխատանքների ծավալի մասին պատկերացում են տալիս նաեւ ակադեմիայի գիտաշխատողների՝ այլ աշխատատեղերում զուգահեռաբար աշխատելու վերաբերյալ տվյալները: Իրենց ինստիտուտից զատ այլ վայրերում աշխատում են տեխնիկական/բնագիտական ուղղվածության ինստիտուտների հարցման մասնակիցների 36.3%-ը, հայագետների 70.2%-ը: Գիտնականների արտագաղթի առնչությամբ ծրագրում շեշտվում է փաստը, որ «ուղեղների արտահոսքը» հայ գիտական աշխարհի վրա խիստ վնասակար ազդեցություն է թողել։ Հատկապես տեխնիկական/բնական գիտություններից արտագաղթը գիտնականների կեսի (49,2%) կարծիքով գցել է իրենց կազմակերպության գործունեության որակը, իսկ հարցվածների 12.3%-ի կարծիքով՝ մեկնածների պատճառով կազմակերպությունում գործունեության կարեւոր ուղղություն է ոչնչացել: Տեխնիկական եւ բնագիտական ոլորտի 6,7 տոկոսը կարծում է, որ արտասահման մեկնած գործընկերները օգնել են կազմակերպության այլ աշխատակիցների՝ արտագաղթել արտասահման։ Գիտնականների արտագաղթի երեւույթը առավել թույլ է արտահայտվել հայագիտական բնագավառի մասնագետ֊գիտնականների վրա։ Այդ պատճառով «ուղեղների արտահոսք» երեւույթին նրանց տված գնահատականն համեմատաբար ավելի մեղմ է։ Հարցված հայագետների միայն 34,7 տոկոսն է կարծում, որ ուղեղների արտահոսքի հետեւանքով կազմակերպության աշխատանքի որակը ընկել է, ու միայն 6,5 տոկոսն է համոզված, որ ուղեղների արտահոսքի հետեւանքով իրենց կազմակերպության գործունեության կարեւոր ուղղություն է ոչնչացել։ Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել