Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԱԱ

Փետրվար 25,2006 00:00

ԳԱԱ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՉԴԱՐՁՆԵՆՔ ԿԳՆ-ն ունի բարեփոխումների վերաբերյալ իր մոտեցումները: Իսկ ՄԱԿ-ի փորձագետների բարեփոխումների ծրագիրը եւ կատարած հետազոտությունները նախարարության համար լրացուցիչ տեղեկատվության աղբյուր են: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԿԳՆ գիտական եւ գիտամանկավարժական կադրերի պատրաստման վարչության պետ, պատմական գիտությունների դոկտոր, արեւելագետ, արեւելագիտության ինստիտուտի գիտական գծով նախկին փոխտնօրեն Արամ Քոսյանը։ Բարեփոխումները, պարզվում է, սկսվել են դեռ շատ վաղուց՝ 3-րդ հանրապետության առաջին իսկ տարիներից։ «Դա մշտապես ընթացող պրոցես է, եւ մենք այսօր հասել ենք մի պահի, որ պետք է կողմնորոշվենք, գիտությունը բերենք մի նորմալ վիճակի՝ ոչ թե փոքր-փոքր միջոցառումներով, այլ ավելի լայն թափով հիմնարար հարցեր պետք է լուծենք»։ Ըստ Արամ Քոսյանի, կառավարության՝ ՄԱԿ-ի փորձագետներին դիմելու որոշումը ուներ, այսպես ասած, լրացուցիչ ինֆորմացիա ստանալու նպատակ. «Ընդունելով միջազգային փորձը՝ մեզ ներկայացնել այդ ոլորտներում տիրող իրավիճակը, գիտության կառավարման մեխանիզմները, թե ինչպես կարելի է կողմնորոշվել»։ Ինչ վերաբերում է եզրակացություններին, ապա, ըստ պրն Քոսյանի, դա փորձագետների անձնական գործն է, իսկ իրենց համար փաթեթը պարզապես կողմնորոշվելու նյութ է: «Նրանք մեզնից որեւէ հանձնարարություն չեն ստացել եւ չէին էլ կարող ստանալ, որովհետեւ մենք ունենք մեր սեփական մոտեցումները, որոնք որոշակիորեն տարբերվում են ՄԱԿ-ի ծրագրից,- ավելացնում է վարչության պետը։- Դա պատվիրել է կառավարությունը, եւ ոչ միայն դա. շուրջ 30 բնագավառների պատվեր է տվել, որպեսզի աջակցեն»։ ԿԳՆ-ն, բացի հայտնի 3 խումբ առաջարկներից, ունի նաեւ անհատ գիտնականների կարծիքներ, որոնք ի մի բերելուց հետո առաջիկայում լայն քննարկում կկազմակերպի ԳԱԱ-ի, ճյուղային գիտահետազոտական ինստիտուտների, բուհերի, կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Կհրավիրվեն նաեւ ՄԱԿ-ի փորձագետները՝ ճշգրտելու այն հարցերը, որոնք ճիշտ չեն ընկալվել հասարակության կողմից։ «Կգանք ամենառացիոնալ հայտարարի, իսկ որ բարեփոխումներն անհրաժեշտ են, որեւէ մեկը թող չկասկածի։ Հաճախ կարծիք է հնչում, թե մեր գիտությանը կպչել չի կարելի, ամեն ինչ հրաշալի է, միայն ավելացրեք ֆինանսական միջոցները… այդպես չէ։ Ամեն ժամանակ պահանջում է իր կազմակերպաիրավական մոտեցումները»։ Պրն Քոսյանը մասամբ համաձայն է, որ այս բարձրացվող աղմուկի տակ թաքնված է որոշ մարդկանց՝ ֆինանսական եւ այլ արտոնություններից զրկվելու վախը։ «Իհարկե, այդ երեւույթն էլ կա։ Բայց միայն դա չէ. նաեւ սովորույթի ուժն է։ Գիտնականներն ընդհանրապես ամենապահպանողական խավն են։ Ինքս լինելով գիտնական, ամեն մի նորույթ՝ առօրյա գործունեության մեջ, դժվար եմ ընկալում։ ՄԱԿ-ի եւ այլ ծրագրերի դեմ արտահայտվողներն էլ ներքուստ գիտակցում են, որ դա պետք է։ Վերջին շրջանում գիտնականների հետ շատ եմ շփվել։ Նրանք հիմնականում դեմ չեն բարեփոխումներին։ Պարզապես լայն քննարկման արդյունքում է պետք որոշում ընդունել»։ Բոլոր տարբերակներում էլ (այս պահին կա 4 տիպի համակարգված մոտեցում՝ ՄԱԿ-ինը, «Գիտնականների հասարակական խորհրդինը», ԿԳՆ-ինը եւ ԳԱԱ-ինը), ըստ Արամ Քոսյանի, նմանություններն ավելի շատ են, քան տարբերությունները։ Կոնկրետ ԿԳՆ-ն առաջարկում է, օրինակ, ստեղծել գիտության ոլորտի միասնական կառավարման մարմին՝ կառավարությանը կից. «Այսօր ինստիտուտների մի մասը մի նախարարության ենթակայության տակ է, մի մասը՝ մյուս, եւ արդյունքում միասնական գիտական քաղաքականություն իրականացնել հնարավոր չէ»։ Առաջարկվում է նաեւ հարկային արտոնություններ տալ գիտական կազմակերպություններին՝ ինքնուրույն տնօրինելու իրենց շահույթը եւ այլն։ Պրն Քոսյանը համաձայն է, որ այսօր շատերը տեղյակ էլ չեն փաստաթղթերի բուն էությանը եւ միայն չպատճառաբանված «ոչ» են ասում բարեփոխումներին. «Որովհետեւ շատերի մոտ կարծիք է ստեղծվել, թե վաղը դու ընկնելու ես փողոց, ակադեմիան փակում ենք… Այդպիսի խնդիր չկա, ընդհակառակը, ռացիոնալ ոսկե միջին ենք փնտրում, որ լիարժեք գործող մարմին դառնա՝ այն, ինչ հիմա բացակայում է։ Լավ երիտասարդություն ունենք, առանձին լավ գիտնականներ ունենք, բայց պետք է նպաստել, որ գիտությունը լիովին սերտաճի իրականությանը։ Հայաստանը չի կարող ինքնուրույն մոդելով առաջնորդվել։ Եվ այդ է պատճառը, որ հաշվի պետք է առնենք տարբեր փորձեր։ ՄԱԿ-ը վերցրել է Արեւելյան Եվրոպայի, Արեւելյան Ասիայի, ԱՊՀ երկրների փորձը եւ տարբեր մոդելներ է առաջարկում, բայց չի ասում՝ սա է ճիշտը, նա է սխալը։ Այսօր որեւէ մեկը որեւէ բան չի պարտադրում։ Պետք չէ ողբերգություն սարքել: Այն թյուր ապատեղեկատվությունը, թե ինչ-որ արտասահմանյան կազմակերպություններ փորձում են մեզ ինչ-որ բան պարտադրել, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը»։ Ինչ վերաբերում է ասպիրանտուրայի վերացմանը, որ առաջարկվում է ՄԱԿ-ի փաթեթում, ապա, ըստ պրն Քոսյանի, նրանց առաջարկած դոկտորանտուրան հիմքում նույն ասպիրանտուրան է։ Իսկ ԿԳՆ-ն իր հերթին առաջարկում է ասպիրանտուրայում ներդնել հետազոտական ծրագիր։ «Ասպիրանտուրա ընդունվելով՝ մարդը ոչ միայն մի քանի առարկա պետք է սերտի՝ օտար լեզու, փիլիսոփայություն, ինֆորմատիկա, այլ՝ կրեդիտային համակարգով իր նեղ մասնագիտական հատուկ դասընթացները, անկախ նրանից՝ դիսերտացիա պաշտպանել է, թե ոչ։ Այդպիսով նա լիարժեք մասնագետ կդառնա,. կարող է նաեւ դասավանդել, իսկ հետո էլ կարող է պաշտպանել։ Այսինքն, նպատակն է՝ բարձրացնել ասպիրանտի որակը։ Դա նույնն է, ինչ դոկտորանտուրայի պարագայում։ Այսօրվա ասպիրանտը ոչինչ չի սովորում՝ որոշ բացառություններով։ Նրա համար նեղ մասնագիտական դասընթացներ չեն կազմակերպվում։ Դժբախտաբար, կա նաեւ զինծառայությունից խուսափելու հարցը։ Պարտադիր զինծառայության համակարգում էլ պետք է փոփոխություններ մտցվի, որովհետեւ ռամկաների մեջ դնել, որ այսքան տարում պետք է պաշտպանես, այլապես կգնաս բանակ, ճիշտ չէ։ Կամ՝ պետք է մինչեւ ասպիրանտուրան գնան բանակ՝ որպեսզի հետո դամոկլյան սուրը վերեւից չճնշի»։ ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել