Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԳՐԱՐԱՅԻՆ

Փետրվար 25,2006 00:00

ԱԳՐԱՐԱՅԻՆ ԲՈՂՈՔ ՄԱԿ-ի փորձագիտական խումբը վերջերս հասարակության դատին հանձնեց կառավարության պատվերով իրականացրած մեկ այլ հայեցակարգային փաթեթ՝ «Մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության զարգացման հայեցակարգային մոտեցումների մշակման ծրագիրը»։ Ինչպես եւ կանխատեսել էինք, բուհերն արդեն սկսել են որոշ հետազոտությունների ու գնահատականների շուրջ դժգոհություն հայտնել։ Խմբագրություն նամակով դիմել է Ագրարային համալսարանի լրատվական բաժնի ղեկավար Անի Խուդավերդյանը։ Նա անհամաձայնություն է հայտնում հատկապես այն տեղեկատվության շուրջ, ըստ որի՝ բուհի որոշ մասնագիտությունների դեպքում նկատվում է ուսուցման ոչ բավարար որակ եւ ցածր պահանջարկ։ «Գիտությունների ազգային ակադեմիայի գլխին կուտակված սեւ ու մութ ամպերը դեռ չցրված, պետության ինտելեկտուալ հաջորդ շտեմարանը՝ բուհը եւս զանգվածային ոչնչացման անողոք զենքի կիրառության թիրախ դարձավ: Իրավիճակն այնքան քաղաքականացված ու անձնավորված է այսօր, որ միամտաբար շփոթում ու հավասարման նշան են դնում գիտակրթական հաստատության, կրթօջախի ու այդտեղ աշխատողների միջեւ: Ցավալին այն է, որ «ուսումնասիրությունների» արդյունքները ներկայացնող փորձագետները ոչ մի կերպ չմանրամասնեցին, թե ի՞նչ սանդղակով, չափման ի՞նչ միավորով, ի՞նչ չափ ու կշռով են պարզել, որ բարձրագույն կրթության որակական մակարդակն այն չէ: Մտավախություն ունեմ, որ դիտարկումները խիստ վերացական են եղել եւ ոչ օբյեկտիվ: Թե չէ ինչո՞վ բացատրել անհիմն եզրահանգումները: Վերցնենք ագրարային ոլորտը, այն պարզ պատճառով, որ ՀՀ տնտեսության առաջնահերթությունները գտնվում են այս սահմաններում, ու կայուն աշխատող տնտեսություններն էլ հենց այստեղ են: Սննդի վերամշակման ձեռնարկությունները տարեցտարի նոր թափ ու ընդլայնվող ծավալներ են ապահովում եւ միակ ագրարային բուհից հենց տեխնոլոգներ, ագրոնոմներ են ուզում: Անասնաբույժ-անասնաբույծների մասին խոսելն էլ ավելորդ է: Ժամանակակից հրապույրներից զուրկ են այս մասնագիտությունները, լրացուցիչ ջանք ու նվիրում են պահանջում: Հեշտ չէ: Իսկ հանրապետությունում կա շուրջ 330 հազար գյուղացիական եւ ֆերմերային տնտեսություն, նրանց մասնագետներ են պետք, ոչ թե դիպլոմ ունեցողներ, այլ մասնագետներ: Ողջ աշխարհն է այսօր կանգնած անասնաբուժական ծառայության հետ կապված լուրջ խնդիրների առջեւ: Ու պաշտպանված կլինի միայն նա, ով օպերատիվ աշխատող ու բանիմաց մասնագետներ կունենա: Արեւմուտքի գործընկերների հետ բոլոր շփումների ժամանակ մեր անասնաբույժները շահեկանորեն տարբերվել են իրենց տեսական բարձր մակարդակով, գործնական հմտություններով: Ուրեմն ինչպե՞ս պատահեց, որ փորձագետներին չբավարարեց որակը: Հայաստանի ագրարային համալսարանը ՀՀ պետական բուհերից երկրորդն է, որտեղ 2002թ. գործում է կարիերայի կենտրոնը: Վերջերս նրանք կազմակերպել էին աշխատանքի ամենամյա տոնավաճառ (փորձագետները որտե՞ղ էին, թող գային, մասնակիցն ու ականատեսը լինեին): Արդյունքները ամփոփելիս պարզվեց, որ վերջին 4-5 տարիների ընթացքում ագրարային մասնագիտությունների գծով աշխատանքի տեղավորվածների (ընդգծում եմ՝ ոչ թե պահանջարկի, այլ տեղավորվածների) թվաքանակը հինգ անգամ ավելացել է»: Բարձրացված հարցերի առիթով պարզաբանում խնդրեցինք փորձագիտական խմբի ղեկավար, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանից։ Պարզվում է, որ բուհի ագրարային մասնագիտությունները ռեյտինգային ցուցանիշներով 4-րդ տեղում են՝ ուսումնասիրված 42 մասնագիտությունների շարքում, եւ այս առիթով դժգոհությունը տեղին չէ։ «Եթե օբյեկտիվ չենք մեր ուսումնասիրություններում, գուցե այս մասնագիտությունն է՞լ իր տեղում չէ»,- ասում է Հ. Հովհաննիսյանը։ Իսկ ինչ վերաբերում է անասնաբուժություն եւ անասնաբուծություն մասնագիտություններին, որոնք 31-րդ տեղում են, ապա գնահատականը, թե դրանց ուսուցման որակը ոչ բավարար մակարդակի է, պահանջարկն էլ ցածր՝ փորձագետները չեն տվել, այլ բուհն ավարտած շրջանավարտները։ Այս մասին մանրամասն տեղեկատվություն կա փաթեթում, որն ամբողջությամբ տեղադրված է ՄԱԶԾ կայքում։ «Այնտեղ նշված են սոցհարցման արդյունքները, այն չափանիշները, որոնցով առաջնորդվել է փորձագիտական խումբը՝ ուսումնասիրությունների մասին եզրակացություններ անելիս։ Հարցումներին մասնակցել են 2002-2005թթ. շրջանավարտները, եւ եթե հարկ լինի անգամ ֆակուլտետներով կնշենք ռեսպոնդենտներին»։ Հ. Հովհաննիսյանը պատրաստակամություն հայտնեց տրամադրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու հարցումների թերթիկները։ Նա նաեւ նշեց, որ ծրագրի առաջին ուսումնասիրությունների մասին քննարկում է կազմակերպվել բոլոր բուհերի ներկայացուցիչների հետ, դրան մասնակցել են նաեւ Ագրարայինի 2 ներկայացուցիչները, եւ որեւէ անհամաձայնություն նրանց կողմից չի հնչել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել