Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քթի

Փետրվար 25,2006 00:00

Քթի վիրահատությունները շատացել են Գիշերային հերթափոխի պրակտիկանտները հրաժարվել են մեկ րոպե անգամ քնել Ի՞նչ է տալիս բժշկական պրակտիկան եւ պատրա՞ստ են, արդյոք, ապագա բժիշկները աշխատել գիշերային հերթափոխում: Բժշկական համալսարանի ուսանող Մերուժանը առանց վարանելու պատասխանեց. «Բժշկական պրակտիկան մեզ առաջին հերթին տալիս է գիտելիքների մեծ փորձ, գիտելիքների կիրառում եւ, ինչպես ասում են, մինչեւ աչքովդ չտեսնես կամ՝ ավելի լավ է մի անգամ տեսնես, քան 100 անգամ լսես: Իսկ գիշերային թե ցերեկային հերթափոխ, ինձ թվում է՝ պետք չէ տարբերակել, քանի որ հիվանդանոցում աշխատանքը իր հունով ընթանում է գիշեր ու ցերեկ: Եվ մենք վստահ ենք եղել մեր ուժերին, ընտրել ենք այս մասնագիտությունը եւ պատրաստ ենք «անձնազոհ» աշխատել, քանի որ գործ ունենք մարդկանց հետ»: Մերուժանը հասցրել է երկու անգամ բժշկական պրակտիկան անցկացնել Էրեբունի ԲԿ-ում, առաջին անգամ եղել է ընդունարանում, ծանոթացել հիվանդանոցի ընդհանուր անցուդարձին, «շարժին», իսկ երկրորդ անգամ՝ պլաստիկ անոթային միկրովիրաբուժության բաժանմունքում: Նա մի քանի անգամ գիշերել է հիվանդանոցում եւ ականատես եղել բազմաթիվ հիվանդությունների կանխմանն ու բուժման ընթացքին: Ըստ Մերուժանի, գիշերային ժամերին շատ հաճախ գալիս են կույր աղիի կամ ներքին օրգանների սուր նոպայով հիվանդներ, լինում են թունավորման, երբեմն էլ դանակահարության եւ հրազենային վնասվածքների դեպքեր: Հիշեց նաեւ մի դեպք. «Կեսգիշերին եկավ մոտ 25 տարեկան մի երիտասարդ, որը բողոքում էր ձախ կողմի սուր ցավերից: Նրան ուղարկեցին հետազոտությունների՝ սոնոգրաֆիա եւ այլն, վերջում պարզվեց՝ ոչ մի էական շեղում չկար, ուղղակի ալկոհոլի չարաշահման ազդեցությունն էր իրեն զգացնել տվել»: Հատկապես վերակենդանացման բաժանմունքում, որտեղ հիվանդները գտնվում են անգիտակից վիճակում, պահանջվում է մեծ ուշադրություն եւ կազմակերպվածություն: «Կարծես ռազմական դրություն լինի, քույրերը ամեն րոպե հսկում են եւ գիշերային ժամերին արգելվում եւ բացառվում է քնելը: Գիշերային հսկողությունը դինամիկ զննման մեջ է, քանի որ հիվանդները գտնվում են սարքավորումների ցուցանիշների ներքո, ակնթարթորեն փոխվող ցուցանիշի դեպքում բուժքույրերը պետք է պատրաստ լինեն ամեն ինչի, քանի որ դա է բժշկի պարտականությունը»,- հավաստեց Մերուժանը: Վիրաբուժության բաժանմունքում հերթափոխով աշխատում են 1 վիրաբույժ՝ իր օգնականով եւ մի քանի բուժքույր: (Նրանք ունեն իրենց համար նախատեսված հանգստի սենյակը՝ լավ կահավորված): Վիրահատությունները հիմնականում կատարվում են ցերեկային ժամերին, իսկ երկուշաբթի օրերը պլանային վիրահատություն չի կատարվում, բայց ամեն դեպքում նախատեսված պատրաստ սենյակ լինում է՝ անհետաձգելի պահերին վիրահատելու նպատակով: Մերուժանը պատմեց, որ հիմնականում շատացել են քթի վիրահատությունները, նա շատ անգամ ներկա է գտնվել այդ վիրահատություններին, «յուրաքանչյուր վիրահատություն ռիսկ է, հեշտ վիրահատություն գոյություն չունի»: Նա իր ձեռքով կատարել է կարերի քանդում, բայց ոչ սրսկում: Ըստ նրա, «կար քանդելը ոնց որ շոր քանդել լինի, ուղղակի պետք է յուրաքանչյուր ակնթարթ պահպանես ասեպտիկայի կանոնները»: Ինչպես նշեց Մերուժանը, իրենց համար բոլոր պայմանները ստեղծված էին գիշերը հանգիստ քնելու համար, սակայն իրենք հրաժարվել են, քանի որ այդ ընթացքում կարող էին նոր բաներ տեսնել, սովորել եւ հետագայում կիրառել: ԱՐԵՎ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել