Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՅՔԱՐ

Փետրվար 25,2006 00:00

ՊԱՅՔԱՐ ԵՐԿՈՒ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ Հովհաննես Թոքմաջյանը ընտրվեց ռեկտոր Երեկ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր ընտրվեց տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ջրային հիմնահարցերի եւ հիդրոտեխնիկայի ինստիտուտի խորհրդի նախագահ, բուհի դասախոս Հովհաննես Թոքմաջյանը: Ռեկտորի թափուր տեղի համար, բացի Հովհ. Թոքմաջյանից, հայտ էին ներկայացրել նաեւ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բուհի դասախոս Սերգեյ Մինասյանը եւ կոլեկտիվի մեկ այլ անդամ՝ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արսեն Առուստամյանը: Վերջինս նիստի հենց սկզբում ինքնաբացարկ հայտնեց: Մնացած երկու մրցակիցների շանսերն էլ խորհրդի անդամները հավասար էին գնահատում: Նախագահի վերահսկողության ծառայության պետ, բուհի նախկին գերազանցիկ շրջանավարտ Վահրամ Բարսեղյանի կարծիքով, երկու թեկնածուներն էլ մոտ են ոլորտին: «Իմ անձնական կարծիքով, կուզեի, որ բուհի ռեկտորը ճարտարապետ լիներ: Մենք ճարտարապետների մեծ բանակ ունենք, որ կարող էին ղեկավարել բուհը: Իսկ պրն Թոքմաջյանի շանսերն ավելի բարձր են գնահատում, որովհետեւ նա կոլեկտիվի հետ ավելի մեծ շփում ունի»: Երկու թեկնածուները նախ ներկայացրին բուհի զարգացման ծրագրի մասին իրենց պատկերացումները: Սերգեյ Մինասյանը խոստանում էր կես տարում լուծել այն տարածքային խնդիրները, որ 16-17 տարում չէր հաջողվել նախկին ռեկտոր, բուհի ներկայիս խորհրդի նախագահ Արեստ Բեգլարյանին: Խնդիրն այն է, որ Ճարտարապետաշինարարականն ու Ճարտարագիտականը (Պոլիտեխնիկ)՝ լինելով առանձին բուհեր, չեն կարողանում իրար մեջ կիսել ընդհանուր տարածքն այնպես, որ բավարար պայմաններ ապահովեն 2-ի համար էլ: Ճարտարապետաշինարարականն այսօր տարածքի խիստ պակաս է զգում, մինչդեռ Պոլիտեխնիկն իր տարածքների մի մասը վարձակալությամբ տալիս է մասնավոր բուհերի ու այլ կազմակերպությունների: Արեստ Բեգլարյանն իր հերթին հարց ուղղեց Ս. Մինասյանին՝ «Դուք նախարարությունում բավական բարձր պաշտոն եք զբաղեցնում, քանի՞ անգամ եք ինձնից նամակ ստացել՝ տարածքների հարցը լուծելու խնդրանքով»: «Երեւի 5 նամակ»,- պատասխանեց Ս. Մինասյանը՝ ավելացնելով, որ դրանք ուղարկվել են կառավարություն, սակայն հարցին այդպես էլ վերջնական լուծում չի տրվել՝ բուհերի ղեկավարների պատճառով: Ավելի ուշ մեզ հետ զրույցում պրն Մինասյանն ասաց, որ նամակներին ընթացք տրվել է, համապատասխան որոշում կայացվել է մի քանի անգամ, բայց մնացել է թղթի վրա. «բանակցային սեղանը չի կայացել»: Ա. Բեգլարյանն էլ չէր թաքցնում, որ դրա պատճառը 2 բուհերի ռեկտորների անձնական խնդիրներն էին, եւ նրանք միմյանց հետ լեզու գտնել չեն կարողացել: «Նախարարությունն էլ նրա համար է, որ այդ հարցին լուծում տա»,- ասում էր պրն Բեգլարյանը: Իսկ ԿԳՆ աշխատակազմի ղեկավարը հարցին լուծում կտար, եթե դառնար ռեկտոր. «Եթե ես լինեմ, իմ կապերը կօգտագործեմ կառավարության հետ, նախարարության հետ եւ այդ հարցը կլուծեմ»,-ասաց պրն Մինասյանը, երբ դեռ քվեարկության արդյունքները հայտնի չէին եւ հուսով էր, որ ինքը կընտրվի: Ստացվում է՝ հարցի լուծումը կես տարվա գործ է, բայց այն դեպքում, եթե ռեկտոր դառնար Ս. Մինասյանը: Հակառակ դեպքում նա իր կապերը չի օգտագործի ու բուհին չի օգնի: Հովհաննես Թոքմաջյանն էլ հույս ունի, որ իրեն կհաջողվի այդ հարցը լուծել՝ կոլեկտիվի հետ համատեղ ջանքերով, եւ դրա համար իրենից կպահանջվի մոտ 1-1.5 տարի: Թեկնածուներին հարցեր տալու ժամանակ բավական ակտիվ էր խորհրդի ուսանողական կազմից 4-րդ կուրսի ուսանող Էդգար Գալստյանը: Նա պրն Թոքմաջյանին հարցնում էր, թե ինչպես է պատկերացնում կոռուպցիայի դեմ պայքարը բուհում: Հարցից խիստ անհանգստացավ Արեստ Բեգլարյանը եւ զարմացավ, թե ինչու իրեն այդ մասին չի զգուշացրել, եթե կոնկրետ փաստեր գիտի: Է. Գալստյանն էլ ներկաներին վստահեցնում էր, որ նման դեպքեր բուհում լինում են, սակայն Ա. Բեգլարյանի թիկունքում. «Մեր պրն Բեգլարյանը հարցին լուծում կտար, եթե իմանար այդ դեպքերի մասին»: Պրն Թոքմաջյանի կարծիքով, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում միայն պատժիչ միջոցներ կիրառելը քիչ է, պետք է նախ բարելավել դասախոսների բարեկեցությունը: Մինչ հաշվիչ հանձնաժողովն իր գործն էր անում, միջանցքում Արեստ Բեգլարյանը վստահաբար ասում էր, որ Սերգեյ Մինասյանը ռեկտոր դառնալու շանսեր չունի եւ այդ մասին չէր էլ ուզում լսել: Սերգեյ Մինասյանն իր հերթին համոզված էր, որ իր հնարավորությունները մեծ են: Ինչ մնում է Հովհաննես Թոքմաջյանին, ապա նա կարծիք հայտնեց, որ ավելի լավ կլիներ մեկնումեկին նշանակեին, քան թե մի 2 ամիս նման պայքար ընթանար այն դեպքում, երբ ինքն ու Ս. Մինասյանը ընկերներ են: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել