Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մերկապարուհի

Փետրվար 25,2006 00:00

Մերկապարուհի չդարձան Հայաստանում ապօրինի շահագործման են ենթարկել ուկրաինուհիների Ուկրաինայի բնակչուհիներ Վիկտորյա Լուկյանենկոն եւ Տատյանա Մալաշենկոն 2005թ. հուլիսին ժամանում են Երեւան՝ գիշերային ակումբում մերկապարուհի աշխատելու միջոցով գումար վաստակելու, թեեւ մերկապարով նախկինում չէին զբաղվել: «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորում է Մասիս քաղաքում գտնվող «Էլիզա» գիշերային ակումբի տնօրեն Սոս Մելիքսեթյանը, որը, նախնական համաձայնության գալով Ուկրաինայում ժամանակավորապես բնակվող ՀՀ քաղաքացի Աշոտ Հովսեփյանի հետ, վերջինիս խնդրել էր մերկապարուհիներ հավաքագրել: Մատուցած ծառայության համար Սոս Մելիքսեթյանը Աշոտ Հովսեփյանին յուրաքանչյուր պարուհու համար խոստացել է 150 դոլար, իսկ աղջիկներին առաջարկել է համապատասխան աշխատանքային պայմանագրով յուրաքանչյուր ամիս 700-ից 1000 դոլար վճարել: «Ընկերուհուս՝ Յուլյա Մագալյասի միջոցով ծանոթացել եմ Աշոտ Հովսեփյանի հետ, որը որպես միջնորդավճար յուրաքանչյուր ամիս 100 ԱՄՆ դոլար ստանալու պայմանով առաջարկեց մեկնել Հայաստան եւ 1000 ԱՄՆ դոլար աշխատավարձով մերկապարուհի աշխատել գիշերային ակումբում: Աշոտը հայտնեց, որ փոխադրման, ապրելու, սնվելու ծախսերը կհոգա ակումբի ղեկավարությունը, որը որեւէ կերպ չի սահմանափակի իմ իրավունքները եւ ցանկության դեպքում հնարավորություն կտա անարգել վերադառնալ հայրենիք: Մերկապարի հետ առնչություն չունենալով՝ նյութական ծանր վիճակից ելնելով համաձայնեցի 2 ամիս աշխատել»,- պատմում է 16-ամյա Վիկտորյա Լուկյանենկոն: Սեպտեմբերին Աշոտ Հովսեփյանը Հայաստան է ուղարկում եւս երկու ուկրաինուհու՝ Դիաննա Գալավանովային ու Ելենա Վինիկովային: Չորս կանանց Սոս Մելիքսեթյանը տեղավորում է գիշերային ակումբին կից «Արգիշտի» հյուրանոցային համալիրում: Չկորցնելու պատրվակով նրանցից վերցնում է անձնագրերն ու հայտնում, որ աշխատանքային պայմանագիր չի կնքելու, 1000 դոլար աշխատավարձը չի վճարելու եւ վաստակած գումարը բաժանելու է հավասարապես՝ 50-50 տոկոսադրույքով: «Քանի որ նախկինում մերկապարով չէի զբաղվել, համապատասխան հագուստներ չունեի, ուստի Սոսը ձեռք բերեց դրանք ու որպես պարտք ամրագրեց իմ եւ ընկերուհիներիս վրա: Բացի այդ, հայտնեց, որ փոխադրման ու այլ ծառայությունների համար մեր վրա կատարված ընդհանուր ծախսը կազմել է 3000 դոլար, պահանջեց որպես պարտքի մարում յուրաքանչյուր օր աշխատած գումարը թողնել ակումբում, եւ համաձայնեց ազատ արձակել միայն պարտքն ամբողջությամբ մարելու պայմանով: Ես հրաժարվեցի այդ պայմաններով աշխատել եւ պահանջեցի ինձ վերադարձնել հայրենիք, սակայն Սոսը մերժեց: Ստիպված՝ օգոստոսի 2-ից մինչեւ նոյեմբերի 15-ը աշխատեցի, իսկ նոյեմբերի 15-ին ոստիկանության աշխատակիցները «Արգիշտի» հյուրանոցից մյուս երեք ուկրաինուհիների հետ ինձ տեղափոխեցին ոստիկանություն»,- արդեն ոստիկանությունում տված ցուցմունքում գրել է անչափահաս Վիկտորյան: Նոյեմբերի 18-ին ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցեց «Մելջուլսան» ՍՊԸ-ին պատկանող «Էլիզա» գիշերային ակումբի տնօրեն Սոս Մելիքսեթյանի դեմ մարդկանց ապօրինի առեւտրի համար: Արարատի մարզի առաջին ատյանի դատարանը Սոս Մելիքսեթյանին դատապարտեց երկու տարվա ուղղիչ աշխատանքների: Աշոտ Հովսեփյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: ԼԻԱՆԱ ՍԱՅԱԴՅԱՆ. www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել