Լրահոս
Օրվա լրահոսը

Բուզանդից վտարումը շարունակվում է

Փետրվար 25,2006 00:00

Բուզանդից վտարումը շարունակվում է Այս անգամ տարածքն իրացնողները «մեջտեղ» չեն գալիս «Մի ամիս է՝ ամեն օր, ժամը 9-ից 5-ը ԾԻԳ-ի աշխատողները զանգահարում են, վախեցնում մորաքրոջս, որ եթե պայմանագիրը չստորագրես, ձեր հարցով կզբաղվեն իրավապահները»,- հերթական վտարման թոհուբոհի մեջ են հայտնվել Բուզանդի փողոցի 83 հասցեի բնակիչները, իսկ «Առավոտի» հերթական բողոքարկուն այդ հասցեի բնակչուհի Աննա Հովսեփյանն է. «Ես երկկողմանի ծնողազուրկ եմ, երկու տարեկանից ինձ պահել է մորաքույրս՝ Անահիտ Գեղամյանը: Այժմ 18 տարեկան եմ: Մեր տունը քանդման տակ է, ԾԻԳ-ը մեզ զգուշացրել է անցյալ տարվա սեպտեմբերին, որ 29,5 քմ սեփական տարածքի համար մեզ տալիս են 18 հազար դոլար: Մենք առաջարկեցինք մեզ տալ 1 սենյականոց բնակարան, բայց ԾԻԳ-ը մերժեց, ասաց՝ Կենտրոնում տուն եք ուզում, գնացեք հիպոթեքով առեք: Մորաքույրս թոշակառու է, սրտային հիվանդ եւ չի կարող ոչ հիպոթեքով տուն առնել, ոչ էլ ամեն օր նրանց հետ վիճաբանության մեջ մտնել: Արտասահմանից ծնողազուրկներին հատուկ օգնություն են ուղարկում, իսկ այստեղ ոչինչ հաշվի չեն առնում»: Նշված տարածքը վիզաների վարչության բակում է: Բացի մեր բողոքարկուից, այստեղ ապրում է եւս 4 ընտանիք: Նրանցից մեկը՝ Գայանե Գեղամյանը, որն ամուսնու մահից հետո պահում-մեծացնում է 3 երեխայի, որոշել է համաձայնել 14 քմ տան դիմաց տրվող 24 հազար դոլարին եւ սկսել տուն փնտրել: ԾԻԳ-ում նրան ասել են, որ հենց ստորագրի առաջարկը եւ համապատասխան տուն գտնի, մեկ շաբաթվա ընթացքում գումարը կստանա: «Ես էլ նրանց հավատացի, ստորագրեցի, երկու շաբաթ առաջ գտա մի տուն, տվեցի խնայողությամբ հավաքած 1000 դոլարս՝ որպես կանխավճար, պայմանով, որ երկու շաբաթվա ընթացքում լրիվ գումարը կտամ: Բայց մինչեւ հիմա ԾԻԳ-ը ձգձգում է եւ երկուշաբթի օրը ես կկորցնեմ իմ տված կանխավճարը»,- սա էլ ԾԻԳ-ին հավատացողի ճակատագիրն է: Մյուս երկու ընտանիքից «դեսպաններ» չկային՝ սպասում էին, թե հրապարակումից հետո ինչպես կլուծվի մեզ այցելած բողոքողների խնդիրը: Վերջիններս ասացին, որ հարեւաններից մի կին ծանր ապրումներից մահացել է: Հետաքրքիր է, որ այս անգամ վտարվողների հետ որեւէ շփում չի ձգտում հաստատել տարածքն իրացնող կազմակերպությունը՝ «զորահանդեսի հրամանատարը» Երեւանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ-ն է: Ռ. ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել