Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոր

Փետրվար 25,2006 00:00

Նոր «վերահսկողին» չընդունեցին Նախագահի աշխատակազմի ընտրած հ/կ-ի «պաշտոնին» լիքը հավակնողներ կան Նախագահ Ռոբերտ Քոչարյանն անցյալ տարի մայիսին հրամանագիր էր ստորագրել, ըստ որի, պետբյուջեից որոշ հասարակական կազմակերպություններին պետք է մրցութային կարգով դրամաշնորհներ հատկացվեին: Արդեն մրցույթներից մեկը կայացել է, եւ մի քանի ծրագրեր ֆինանսավորվել են: Ընդ որում, այդ մրցույթներն անցկացնելու եւ հ/կ-ների գործը վերահսկելու նպատակով նախագահը կարգադրել է «Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոն» (ՀԵԶԿ) կազմակերպությանը ճանաչել «պետությանը գործընկեր»: Երեկ վերջիններիս ներկայացուցիչներն իրենց նոր «պաշտոնի» մասին մյուս հ/կ-ներին տեղեկացնելու եւ նրանց արդեն որոշ կարգադրություններ տալու նպատակով քննարկում էին կազմակերպել՝ «Հ/կ-ների ֆինանսական հիմնախնդիրները» թեմայի ներքո: Մինչ բուն քննարկմանն անցնելը, նախագահի աշխատակազմի անդամ Վահե Հովհաննիսյանը ներկա հ/կ-ներին կշտամբեց, թե «դուք անընդհատ խոսում-խոսում եք, բայց ոչ մի արդյունքի չեք հասնում, այնպիսի տպավորություն է, որ հ/կ սեկտորը չի ուզում որեւէ լուրջ քայլ անել, գրանտներն իրենց նպատակներին չեք ծառայեցնում, լավ չեք աշխատում, նորմալ ծրագրեր չեք իրականացնում»: Սակայն ներկաներին ավելի շատ հուզում, թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ որպես պետության գործընկեր կազմակերպություն ընտրվեց հենց «ՀԵԶԿ»-ն: Ներկաների գնահատմամբ՝ այդ կազմակերպությունը «դեռ նոր է ծլել ու երեկ մեկ, էսօր երկու, դարձել է մեզ վերահսկող կազմակերպությո՞ւն»: Հ/կ-ներին վրդովեցրել էր հատկապես այն, որ իրենցից ոչ մեկն էլ «ՀԵԶԿ»-ից պակաս չէր: Հարցին, թե ինչո՞ւ գործընկեր կազմակերպություն լինելու համար մրցույթ չի հայտարարվել, ընտրությունը կատարելիս ի՞նչ չափանիշներ են հաշվի առնվել՝ «ՀԵԶԿ»-ի գործադիր տնօրեն Էլինար Վարդանյանը պատասխանեց. «Ընտրությունը կատարել է նախագահի աշխատակազմը՝ հաշվի առնելով մեր պրակտիկան, մենք 3 դրամաշնորհային մրցույթ ենք իրականացրել եւ մեծ փորձ ունենք»: Խնդիրն այն է, որ, ըստ նախագահի կարգադրության, դրամաշնորհները շահած հ/կ-ները պարտավոր են իրենց մասնաբաժնի 10%-ը տալ գործընկեր կազմակերպությանը, տվյալ դեպքում՝ «ՀԵԶԿ»-ին՝ կազմակերպչական հարցերը լուծելու նպատակով: «Հ/կ-ների կենտրոնի» ներկայացուցիչ Մարգարիտ Փիլիպոսյանի այն դիտարկմանը, թե «ի՞նչ է նշանակում կազմակերպչական ծախսեր եւ ինչո՞ւ պետք է հ/կ-ներն իրենց ծրագրերն իրականացնելու փոխարեն դրամաշնորհի մի մասն էլ ձեզ տան»՝ Է. Վարդանյանը պատասխանեց. «Հրամանագիրը նախագահինն է, գնացեք իրեն հարցրեք, կարգը ինքն է հաստատել: Ինչ վերաբերում է 10%-ին՝ չեք պատկերացնի՝ ինչքան դժվար է աշխատել մարզերի հ/կ-ների հետ, անընդհատ հաշվետվություններ ընդունել, ստուգել, այդ 10%-ը հենց դրա համար է, եթե դուք լինեիք մեր տեղը, կտեսնեիք՝ ինչքան դժվար է մեր գործը»: Ներկաների մեկնաբանությամբ՝ «ստացվում է, նախագահը զոռով ձեր վզին բեռ է փաթաթել, չէիք ուզում՝ չանեիք»: Այս առնչությամբ «Արազա» կազմակերպության նախագահ Թամարա Աբրահամյանն «Առավոտին» ասաց, որ «գործընկեր կազմակերպության աշխատանքների արդյունավետությանը խիստ կասկածում եմ, գործընկերությունը Հայաստանում անձերով է պայմանավորված, վերեւները ծանոթ են լինում հ/կ նախագահին՝ նրա ծրագրերը կյանքի են կոչվում ու ֆինանսավորվում են, չէ՝ ոչ մի հարց էլ չի լուծվում»: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել