Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՇՏԱՐԱԿԸ

Փետրվար 25,2006 00:00

ԱՇՏԱՐԱԿԸ «ԻՆՔՆԱԾԱԽՍԱԾԱԾԿԻ» ՏԱԿԻՑ ԴՈՒՐՍ ՉԻ ԳԱԼԻՍ Իսկ աշտարակցիներն անընդհատ փող են ուզում Աշտարակի պաշտոնյաներն իրենց վերադասների մոտ առիթ-անառիթ պարծենում են, թե իրենց քաղաքը միակն է Հայաստանում, որն ավագանուց բացի ունի 15 հոգուց բաղկացած «Տարեցների խորհուրդ»: Այստեղ ընդգրկված են հասարակությունում հեղինակություն վայելող մեծահասակները, որոնք ավագանու այս կամ այն քայլի առնչությամբ իրենց «մեծական խոսքն» են ասում եւ ստիպում վերջիններիս աշխատել: Թե ինչքանով է իր դերը կատարում այդ խորհուրդը, փորձեցինք պարզել քաղաքապետարանից: Սոցիալ-տնտեսական զարգացման եւ արտաքին կապերի բաժնի մասնագետ Զոհրաբ Գեւորգյանը, ի պատասխան մեր հարցին վրա բերեց, թե իրենց մոտ ավագանու նիստերն այնքան բաց, այնքան թափանցիկ են, որ այդ նիստերին կարող են մասնակցել եւ, այսպես ասած՝ հասարակական հսկողություն իրականացնել ոչ միայն խորհրդի անդամները, այլեւ հասարակ քաղաքացիները, ինչի մասին իբր նրանց անընդհատ ասվում է: Թե առ այսօր այդ նիստերին մասնակցելու ցանկություն քանի քաղաքացի է հայտնել, չպարզաբանվեց, իսկ փողոցում անցկացրած մեր փոքրիկ հարցումից պարզ դարձավ, որ քաղաքացիներից ոչ մեկն այդ «շանսի» մասին տեղյակ չէր: «Եթե իմանայինք ըտենց բան կա՝ մեծ հաճույքով կգնայինք, կմասնակցեինք, մեզ էլ ա հետաքրքիր՝ իրանք ամեն օր ինչ են գրում-ջնջում, ինչի շուրջ են մտածում, սկի մեր խնդիրներից քանիսն են լուծում: Եթե իրանց օգուտ ա լինում՝ ամեն տեղ թղթեր են կպցնում, մեզ մի 100 անգամ տեղեկացնում են, թող իրանց նիստերին մասնակցելու համար մի բերան ասեին՝ սաղս էլ կգնայինք, մեկ ա՝ պարապ ենք»,- ասաց աշտարակցիներից մեկը: Նրանք նաեւ դժգոհեցին, որ անձնական խնդիրների հետ կապված քաղաքապետարանի ցանկացած պաշտոնյայի մոտ մտնելը նույնիսկ մեծ բարդություն է ներկայացնում, այդ իսկ պատճառով նրանցից շատերը ավագանու նիստերին մասնակցելու հնարավորությանը խիստ թերահավատորեն էին մոտենում: Քաղաքապետարանից էլ դժգոհեցին, որ քաղաքացիներն են պատեհ-անպատեհ իրենց անհանգստացնում ու անկախ ունեցվածքից ու հնարավորություններից՝ փող խնդրում: «Իրենց ենթագիտակցության մեջ պետք է մտնի այն փաստը, որ պիտի հարկ տաս, նոր իրավունք ունենաս պահանջելու, համ հարկ չեն վճարում, համ էլ իրար ետեւից գալիս են՝ փող են ուզում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Զ. Գեւորգյանը: Նա «զոռբա» քաղաքացիներից գլուխն ազատելու համար նույնիսկ իր աշխատասենյակում մի գրություն էր փակցրել, ըստ որի՝ «սեփականաշնորհված հող ունեցողները դրամական օգնություն չեն ստանում»: Այս գրությունը հավանաբար այնքան խոր տպավորություն է թողել աշտարակցիների վրա, որ վերջին շրջանում նրանք սկսել են ձեն-ձենի տված հրաժարվել իրենց հողամասերից, վարձակալական հիմունքներով վերցրած հողերն էլ հանձնել: Սա հաստատեց նաեւ Աշտարակի գյուղատնտեսության եւ բնապահպանության բաժնի պետ Ստեփան Ազիզյանը, ըստ որի, պատճառը գուցեեւ վարձավճարների թանկացումն ու հարկերի ավելացումն է: Վարձակալված հողերի 1 հեկտարը 400-9000 դրամ է, ինչը, հաշվի առնելով պարարտանյութերի գինն ու անորակությունը, ոռոգման ջրի բացակայությունն ու բերքի իրացման հետ կապված խնդիրները, բոլորովին ձեռնտու չէ: Թեեւ մեզ պարոն Ազիզյանը հավաստիացրեց, որ Աշտարակում ոռոգման ջրի խնդիր չկա, սակայն հողագործների խոսքերով՝ «ամռան շոգ օրերին, երբ հողամասը պետք է ջրես 2-3 օրը մեկ, լինում են դեպքեր, երբ 4-5 օր ընդհանրապես ջուր չի գալիս, եւ բույսերի մոտ արդեն ծաղկավիժում է նկատվում»: Ինչ վերաբերում է պարարտանյութերին, թեեւ պետությունը հողօգտագործողներին խոստացել է շուկայականից ցածր գներով եւ որակյալ պարարտանյութ տրամադրել, բայց ամբողջ խնդիրն այն է, որ Աշտարակում, ինչպես նաեւ մյուս քաղաքներում ու գյուղերում նախօրոք չեն իմանում «պոտական» պարարտանյութի հստակ գինը: Պարոն Ազիզյանն ասաց, որ «գները փոփոխական են, եւ դրանց մասին տեղեկություններ չունենք, մարզպետարանից մեզ ասել են, որ գումարներն արդեն ներկայացնենք, որի դիմաց մեզ պարարտանյութ կտան, բայց թե ինչքան կտան, քանի հոգու կբավականացնի՝ հարց է»: Քաղաքապետարանի ֆինանսական բաժնից տեղեկացանք, որ այս տարվա համար նախատեսված է «ինքնածախսածածկվող» բյուջե, իսկ սա նշանակում է, որ եթե նախորդ տարիներին քաղաքացիները փող խնդրելու համար կարող էին հասնել ընդհուպ մինչեւ քաղաքապետի ընդունարան, հիմա դեռ մուտքից ներս չմտած՝ նրանց են ներկայացնում պարտքերի ցուցակ հիշեցնող քաղաքապետարանի ծախսերն ու դրանց նախահաշիվը, ըստ որի, շուրջ 230 մլն դրամն արդեն անցել են: ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել