Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատում

Փետրվար 25,2006 00:00

Դատում են Ուզբոյին Կոտայքի մարզի 1-ին ատյանի դատարանը փետրվարի 23-ին դատավոր Արիս Սիսակյանի նախագահությամբ սկսեց Նոր Հաճընի նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանի (Ուզբո) նկատմամբ հարուցված քրգործի դատաքննությունը: Արզնիի էլեկտրացանցի տնօրեն Աշոտ Մխիթարյանի սպանության հետեւանքով Արմեն Քեշիշյանին առաջադրվել է մեղադրանք «Քրեական օրենսգրքի» 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով): «Առաջադրված մեղադրանքում ինձ մեղավոր չեմ ճանաչում»,- հայտարարեց նախկին քաղաքապետը: Նաեւ հավելեց. «Կատարվածի համար ցավում եմ: Ճիշտ է՝ տուժողի իրավահաջորդները ճիշտ կանեն, որ ինձ հայհոյեն, անիծեն, բայց ինձ ճանաչողները գիտեին, որ Արմեն Քեշիշյանը կյանքում ճանճ չէր սպանել»: Դատական առաջին նիստը անցավ լարված մթնոլորտում: Մթնոլորտը շիկացավ հատկապես այն պահին, երբ Արմեն Քեշիշյանի դատապաշտպան Հովհաննես Գալյանը ներկայացրեց միջնորդություն Արմեն Քեշիշյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը փոխելու վերաբերյալ: Հովհաննես Գալյանը հայտարարեց, որ «նախաքննությունը ընթացել է ոչ օբյեկտիվ, բացարձակ մեղադրական թեքումով»: Ըստ նրա, Արմեն Քեշիշյանի արարքը սխալ է որակվել՝ «նրա գործողությունները չեն կրել շատերի կյանքի համար վտանգավոր բնույթ»: Դատապաշտպանը միջնորդել է Արմեն Քեշիշյանի նկատմամբ նշանակել համալիր, դատահոգեբուժական, հոգեբանական ամբուլատոր փորձաքննություն՝ պարզելու, թե արարքը կատարելու պահին Արմեն Քեշիշյանը տառապե՞լ է որեւէ հոգեկան հիվանդությամբ, թե՞ ոչ: Միջնորդության հաջորդ նպատակը, ըստ դատապաշտպանի, հետեւյալն է. «Եթե Արմեն Քեշիշյանը տառապել է որեւէ հիվանդությամբ, ապա արարքը կատարելու պահին դա նրան զրկե՞լ է իր գործողությունների համար հաշիվ տալուց», նաեւ՝ «արարքը կատարելու պահին Արմեն Քեշիշյանը գտնվե՞լ է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում»: Դատարանը որոշեց «դատավարության ներկա փուլում միջնորդությունը թողնել առանց քննության»: Այս գործով վկաները 18-ն են: Դատավորը հայտարարեց, որ վկաների ներկայությունը դատարանում ապահովելու համար անհրաժեշտ է հետաձգել դատական նիստը: Հաջորդ նիստը նշանակվեց մարտի 10-ին: Այս դատավարության մասին Անուշ Մարտիրոսյանի առավել մանրամասն հրապարակումը կարդացեք «Տարեգիրի» փետրվարի 28-ի համարում Հ. Գ. Դատական նիստից հետո դատարանի բակում ընդհարում եղավ ամբաստանյալի եւ տուժողի հարազատների միջեւ: Չնայած ներկա էին իրավապահ մարմինների ներկայացուցիչները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել