ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Գլուխ քսանմեկերորդ
ՄԱՂԱՐԻՉԸ՝ ՌԵՍՏՈՐԱՆՈՒՄ
– Թոռանս էդ քննության հարցը որ լուծվի, ես, փաստորեն, փրկվում եմ,- ասաց Շերենցը:
– Ինչի՞ց ես փրկվում,- հարցրեց Ֆրունզիկը:
– Մի բան ասեմ՝ մեր մեջ կմնա՞,- հարցրեց Շերենցը:
– Իհա՛րկե,- ասաց Ներսիսյանը:
– Ֆրունզի՛ն եմ ասում,- ասաց Շերենցը.- ինքն էստեղ-էնտեղ խոսացող ա:
– Ասա,- ասաց Ֆրունզիկը.- ասա տենամ՝ ի՞նչ ես ասում:
– Խոստանո՞ւմ ես, որ սրան-նրան չես պատմի,- հարցրեց Շերենցը:
– Խոստանում եմ,- ասաց Ֆրունզիկը:
– Ֆրո՛ւնզ ջան, դու կյանքում ինձ շատ մեծ լավություններ ես արել, բայց թոռանս էս քննության հարցը սավսեմ ուրիշ ա,- խեղճ-խեղճ ասաց Շերենցը:
– Ի՞նչ իմաստով ա ուրիշ,- հարցրեց Ֆրունզիկը:
– Կյանքի՛ իմաստով,- ասաց Շերենցը:
– Ի՞նչ կյանք,- զարմացավ Ֆրունզիկը:- Պարզ խոսա՝ բան հասկանանք:
– Ախր ո՞նց ասեմ,- կմկմաց Շերենցը.- էսօր առավոտ թոռս ինձ հաթաթա տվեց ու ասեց, որ եթե էդ թելադրության քննության հարցը չլուծեմ, իրան մոստից կքցի:
– Ի՞նչ մոստ,- զարմացավ Ֆրունզիկը:
– Ես ի՞նչ գիտեմ,- նեղսրտեց Շերենցը.- հիմնականում էրկու հատ չե՞ն էդ մոստերը:
– Երեւի կատակ է արել,- ասաց Ներսիսյանը:
– Չէ, Լեւո՛ն ջան,- ասաց Շերենցը.- ես իրա կատակը լրջից ջոկում եմ:
– Հոգուդ հետ ա խաղացել,- ասաց Ֆրունզիկը,- կամ էլ՝ ըտենց ա ասել, որ հաստատ էդ ռեկտորին զանգենք:
– Հա,- ասաց Շերենցը.- ի՛նքը ինձ գլխի գցեց, որ քեզ ասեմ, որ դո՛ւ զանգես, թե չէ՝ ես իմ սեփական խելքով էդքանը դժվար թե ֆայմեի:
– Եթե այդքան բան հասկանում է, ուրեմն՝ հեշտությամբ կհանձնի այդ քննությունը,- ասաց Ներսիսյանը:
– Էդ մարդը հարուր տոկոսով խոսք տվեց. ասեց՝ որ պետք ըլնի, իրա տեղն էլ կգրենք, Մհե՛ր ջան,- ասաց Ֆրունզիկը:
– Հենց ըտենց էլ ասե՞ց,- ոգեւորվեց Շերենցը:
– Հա,- ասաց Ֆրունզիկը.- հո չե՞մ խաբում, ա՛յ Շերենց:
– Ի՛նքն էլ քեզ Մհեր ասե՞ց,- ժպտաց Շերենցը:
– Հա,- ասաց Ֆրունզիկը.- մենակ դու ես, որ ինձ Ֆրունզիկ ես ասում, Ֆրունզիկ էլ չէ՝ Ֆրո՛ւնզ:
– Փաստորեն, էդ մարդը խոսք ա տվել,- ասաց Շերենցը:
– Խոսք տալը պոզով-պոչով ա՞ ըլնում,- ասաց Ֆրունզիկը:
– Անունով դերասան ըլնելը սավսեմ ուրիշ ա, Լեւոն ջան,- ասաց Շերենցը.- Ֆրունզի տեղը որ ուրիշը զանգեր, հո էդ մարդը խոսք չէ՞ր տա:
– Իհա՛րկե,- համաձայնվեց Ներսիսյանը:
– Ես իրան ասեցի, որ քննություն տվողը Շերենցի թոռն ա, դրա համար էդքան հեշտ համաձայնվեց,- ասաց Ֆրունզիկը:
– Ասում ես՝ ինձ ճանաչե՞ց,- ժպտաց Շերենցը:
– Քեզ ո՞վ չի ճանաչում, ա՛յ Շերենց,- ասաց Ֆրունզիկը.- քեզ շատ ես թերագնահատում:
– Չափից ավելի համեստությունն էլ մի բան չէ,- ասաց Ներսիսյանը.- շատ հաճախ մարդիկ համեստությունդ քո դեմ են օգտագործում:
– Ես համեստությունը հո դիտմամբ չե՞մ անում,- ասաց Շերենցը.- անկախ ինձանից ա ստացվում:
– Մեր թատրոնում որ քեզ համեստ պահես՝ մեծից փոքր կնստեն գլխիդ: Ես մի վախտ լավ էլ համեստ էի, բայց թատրոնն ինձ մեծամիտ դարձրեց,- ասաց Ֆրունզիկը:
– Լա՜վ մեծամիտ գտար,- ասաց Ներսիսյանը:
– Ֆրունզի լավն էն ա, որ համեստի հետ համեստ ա, գոռոզի հետ՝ գոռոզ,- ասաց Շերենցը:
– Ես է՛լ դիտմամբ չեմ անում,- ծիծաղեց Ֆրունզիկը.- իմն է՛լ ա անկախ ինձանից ստացվում:
– Ֆրունզին ըսենց համեստ մի նայի, Լեւոն ջան,- ասաց Շերենցը.- իրա մազոլին որ կպան, ինչ ա, պորտները լավ էլ տեղներն ա դնում:
– Գիտեմ,- ասաց Ներսիսյանը.- մի անգամ այդպիսի տեսարանի ականատես եղել եմ:
– Էն ապուշի մասին ե՞ս ասում,- հարցրեց Ֆրունզիկը:
– Այդ մարդը ոչ թե ապուշ է, այլ՝ կատարյալ սրիկա,- ասաց Ներսիսյանը:
– Թատրոնում դրա պես մի քանիսն էլ կան,- ասաց Ֆրունզիկը,- բայց էդ սաղի հետ հո գլուխ չե՞ս դնի:
– Քեզ չի էլ սազում դրանց մակարդակին իջնել,- ասաց Ներսիսյանը:
– Մեկ-մեկ պրոֆիլակտիկայի համար պետք ա,- ասաց Ֆրունզիկը:- Թատրոնն իրանցով են արել, ճիշտ ա, բայց թող իմանան, որ էս կաֆեն չեն կարա գրավեն: Ըստեղ իրանք տեղ չպիտի՛ ունենան:
– Մեկ-երկու անգամ որ եկան, արդեն ոտքի տեղ կանեն,- ասաց Ներսիսյանը:
– Ինքը որ ոտի տեղ արեց, հետո բոլուկո՛վ կգան,- ասաց Ֆրունզիկը:
– Էդ ո՞ւմ մասին եք խոսում,- հարցրեց Շերենցը:
– Մեկը կա,- ասաց Ֆրունզիկը:
– Ի՞նչ մեկ,- հարցրեց Շերենցը:
– Շատ բան իմանաս՝ շուտ կծերանաս,- ասաց Ֆրունզիկը.- ավելի լավ ա՝ ըսենց ջահել էլ մնաս:
– Որ շատ ես համարում՝ մի՛ ասա,- նեղացավ Շերենցը:
– Շատ եմ համարում,- ասաց Ֆրունզիկը.- էդ մարդու համար շատ կըլնի, որ իրա մասին շարունակենք խոսալ:
– Այսքանն է՛լ էր շատ,- ասաց Ներսիսյանը:
– Էդ տականքների ոտն էս կաֆե չպիտի՛ մտնի,- ասաց Ֆրունզիկը.- դրանք էս կաֆեի օդն է՛լ կմխտռեն: Թատրոնն իրանց հերիք ա:
– Թատրոնն է՛լ է ափսոս,- ասաց Ներսիսյանը:
– Թատրոնն արդեն իրանցն ա,- ասաց Ֆրունզիկը.- էլ հետ չես բերի:
– Լավ շշպռեցիր էդ վիժվածքին,- ասաց Ներսիսյանը:
– Էդ ո՞ւմ ես շշպռել, ա՛յ Ֆրունզ,- հարցրեց Շերենցը.- ես էդ շշպռվածին ճանաչում ե՞մ:
– Խոսք ե՞ս քաշում,- ասաց Ֆրունզիկը:
– Առաջ որ ասեին՝ Ֆրո ւնզը մարդ ա շշպռել, չէի հավատա,- ասաց Շերենցը.- առաջ ինքը համեստության տիպար էր:
– Հիմի անհամեստ ե՞մ,- հարցրեց Ֆրունզիկը:
– Համեմատաբար,- ասաց Շերենցը:- Վատ իմաստո՛վ չեմ ասում. ում հետ որ պետք ա՝ դրանց հետ ես անհամեստ:
– Այդ թափթփուկին Մհերը լավ դաս տվեց,- ասաց Ներսիսյանը:
– Առաջ որ ասեին՝ չէի հավատա,- ասաց Շերենցը:- Առաջ Ֆրունզն իսկական բամբակ էր:
– Սպիտակությանս իմաստով ե՞ս բամբակ ասում,- ծիծաղեց Ֆրունզիկը:
– Չէ,- ասաց Շերենցը.- փափկությանդ ու համեստությանդ իմաստով եմ ասում:
– Էն վախտ Հրաչյա Ներսիսյանի ու Փափազի պես մեծություններ կային. համեստ չըլնեի՝ ի՞նչ պիտի անեի,- ասաց Ֆրունզիկը:
– Մարդը որ անհամեստ ա ըլնում, էլ չի նայում՝ կողքինն ով ա,- ասաց Շերենցը:
– Եթե նայի էլ, միեւնույն է, կողքիններին չի նկատի, որովհետեւ գոռոզությունն ու ինքնահավանությունը կուրացնում են մարդուն,- ասաց Ներսիսյանը:
– Ճիշտ ես ասում,- ասաց Ֆրունզիկը:- Ես մինչեւ հիմի էլ զարմացած եմ, թե ոնց էր, որ Հրաչյա Ներսիսյանն ու Փափազն իրար չէին նախանձում:
– Նախանձ կոչված այդ հատկությունն ընդհա՛նրապես հորս անծանոթ էր,- ասաց Ներսիսյանը:
– Բամբասելու խասյաթ էլ չուներ,- ասաց Ֆրունզիկը:
– Երբեւէ որեւէ մեկի հասցեին չի չարախոսել,- ասաց Ներսիսյանը:
– Շիրազը որ Շիրազ ա, էլի իրանց էդ գրողներին մի գլուխ չարախոսում ա,- ասաց Շերենցը:
– Շիրազը միանգամայն ա՛յլ մարտավարություն է ընտրել,- ասաց Ներսիսյանը.- դրանց դեմ դրանց իսկ զենքով է պայքարում:
– Տեղն էկած տեղը շատ էլ սարթ ա,- ասաց Շերենցը.- մի անգամ իրան ասեցի՝ Շեքսպիրը քեզնից ուժեղ գրող ա, էրկու ամիս հետս խռով պահեց:
– Դաժան կատակ ես արել,- ժպտաց Ներսիսյանը:
– Սխալ բան ես ասել, Շերե՛նց,- ասաց Ֆրունզիկը.- որ քեզ ասեն՝ Չառլի Չապլինը քեզնից մեծ դերասան ա, կարող ա՞ չնեղանաս:
– Ինչի՞ պիտի նեղանամ,- զարմացավ Շերենցը.- մեծը մնում ա մեծ:
– Ես վեր կենամ,- ասաց Ներսիսյանը:- Շերենցը ճիշտ է ասում՝ այսօր շատ խոսեցինք:
– Լեւոն ջան, անձամբ իմ համար շատ մեծ պատիվ ա, որ հետս ըսենց հավասար խոսում ես,- ասաց Շերենցը:
– Դեռ հարց է, թե ում համար է մեծ պատիվ,- ասաց Ներսիսյանը:
– Էս նկարիչ տղերքն ինձ ձեռ առնելով ասում են՝ Լեւոնը մենակ քեզ ա լուրջ ընդունում,- ասաց Շերենցը:
– Առանձնապես չեն սխալվում,- ժպտաց Ներսիսյանը:
– Որ մի քսան տարի շուտ Երեւան էկած ըլնեի, Լեւոնի պես մարդկանց հետ մի քիչ շատ շփված ըլնեի, երեւի մի Չապլին էլ ե՛ս դառնայի,- Ֆրունզիկին նայեց Շերենցը:
– Իրանից ինչո՞վ ես պակաս,- ասաց Ֆրունզիկը:
– Ես գնամ,- ժամացույցին նայելով՝ ասաց Ներսիսյանը:- Արդեն տասնմեկն է դառնում. Չերյոմուշկա պիտի հասնեմ:
– Ես քեզ ավտոյով կտանեմ, Լեւոն ջան,- ասաց Ֆրունզիկը:
– Իզուր նեղություն մի՛ քաշիր,- ասաց Ներսիսյանը:- Մինչեւ տասներկուսը ավտոբուսներն աշխատում են:
– Ի՞նչ նեղություն, ա՛յ Լեւոն ,- ասաց Ֆրունզիկը:- Կարող ա՞ էս ավտոս քեզանից լավ մարդկանց համար ա: Սկզբում քեզ տուն կհասցնեմ, հետո՝ Շերենցին ու Արմենին:
– Ես ոտով կգնամ,- ասացի ես:
– Ես է՛լ,- ասաց Շերենցը:- Ես ու Արմոն իրար հետ ոտով կգնանք:
– Ես մեռած ե՞մ, որ դուք ոտով գնաք,- տեղից վեր կենալով՝ ասաց Ֆրունզիկը:
– Ճիշտ կլինի, որ Մհերը ձեզ տանի, իսկ ես ավտոբուսով գնամ,- ասաց Ներսիսյանը:
– Մեր տները մոտիկ են, Լեւո՛ն ջան. ճիշտ կլինի, որ Ֆրունզը քեզ տանի,- ասաց Շերենցը, երբ արդեն մոտեցել էինք Ֆրունզիկի մեքենային:
– Սաղիդ էլ հերթով տուն կհասցնեմ,- մեքենայի դուռը բացելով՝ ասաց Ֆրունզիկը:- Սկզբում Լեւոնին կտանենք, թե չէ՝ որ սկզբում քեզ ու Արմենին տանեմ, հետո Չերեմուշկայից մենակ պիտի հետ գամ:
– Էդ է՛լ ես ճիշտ ասում,- ժպտաց Շերենցը, հետո Ներսիսյանին նայելով՝ ասաց.- դու առա՛ջը նստի, Լեւո՛ն ջան:
– Տարիքով մեծը դու ես,- ասաց Ներսիսյանը:
– Մեջներիս խոշորը դո՛ւ ես,- ասաց Շերենցը:
Մինչ նրանք իրար պատիվ կանեին, ես ուսումնասիրում էի Ֆրունզիկի «Քսանչորսի» առջեւի ու հետեւի համարները, եւ ինձ համար պարզից էլ պարզ էր, որ սեւի վրա սպիտակ բրոնզով գրված էդ նուրբ ու բարակ թվերը հորս ձեռքի գործն են, եւ Ֆրունզիկը, նկատելով, որ համարներին եմ նայում, ասաց.
– Հակոբի գրածն ա:
– Հորս գրածը հարուր մետրից ճանաչում եմ,- ասացի ես:
– Բրոնզն արդեն թափվել ա,- ղեկի մոտ տեղավորվելով՝ ասաց Ֆրունզիկը.- էս էրկու օրը պիտի տանեմ՝ թարմացնի:
– Չմեռանք՝ Ֆրունզի մակարդակի շոֆեր էլ ունեցանք,- ասաց Շերենցը:
– Լեւոնն ու Արմենն էդ բանը որ ասեին՝ կհասկանայի,- ասաց Ֆրունզիկը.- դու հազար անգամ էս ավտոն նստել ես:
– Ես իրանց անունից եմ ասում,- ասաց Շերենցը:
– Դու քո՛ անունից ասա,- ասաց Ֆրունզիկը:- Հայաստանում տեղ մնացե՞լ ա, որ էս ավտոյով հետս էկած չըլնես:
– Ահնիձոր էլ էս ավտոյովդ գնացինք,- ասաց Շերենցը:
– Աթան,- ասաց Ֆրունզիկը՝ մեքենան տեղից պոկելով:- Բայց Աթան սրանո՛վ չենք գնացել. էս «Քսանչորս» ա:
– Ես քսանչորսն ու քսանհինգն իրարից շատ չեմ տարբերում, Ֆրո՛ւնզ ջան,- ասաց Շերենցը:
Ֆրունզիկի քեֆն արդեն լավ էր, ու ինքը պահանջվածից արագ էր մեքենան վարում, եւ երբ Ցեկայի մոտերքում միլիցիոները մեր մեքենան կանգնեցրեց, եւ երբ Ֆրունզիկը մեքենայից դուրս եկավ, միլիցիոները փաթաթվեց մեր վարորդին՝ ասելով. «Կերած-խմածդ անուշ, Ֆրո՛ւնզ ջան»:
– Ճանաչված դերասան ըլնելուց լավ բան չկա,- ասաց Շերենցը, երբ նորից շարժվեցինք:
– Էլի Լեւոնի ու Արմենի անունից ե՞ս ասում,- հարցրեց Ֆրունզիկը:
– Ի՛մ անունից եմ ասում,- ասաց Շերենցը:
– Պակաս ճանաչվածը դու չես,- ասաց Ֆրունզիկը.- ընդամենը մի քանի տարի ա Երեւան ես տեղափոխվել, արդեն սաղ քաղաքը քեզ ճանաչում ա:
– Մհերը ճիշտ է ասում, Շերե՛նց,- ասաց Ներսիսյանը.- դու ընդամենը մի քանի տարվա մեջ շատ մեծ ճանաչման հասար:
– Դերասան կա, որ հարուր տարի Սունդուկյանում խաղում ա, բայց ո՛չ դեմքով են ճանաչում, ոչ էլ անունը գիտեն,- ասաց Ֆրունզիկը:
– Էդ ճանաչում ունենալը վայ թե էնքան էլ լավ բան չի,- ասաց Շերենցը:
– Դու ի՛նձ հարցրու,- ասաց Ֆրունզիկը:- Ճանաչված ըլնելուց ավելի զզվելի բան մեկ էլ ավելի ճանաչված ըլնելն ա:
– Ճիշտ ես ասում,- ասաց Շերենցը:- Էն օրը էս Աբովյանով մեր Վաղոյի հետ իջնում էինք, տեսա՝ մսով պեռաշկի են ծախում…
– Ի՞նչ Վաղո,- ընդհատեց Ֆրունզիկը:
– Մարգունի,- ասաց Շերենցը:
– Ընդամենը մի քանի տարի ա՝ ինչ Երեւան ես էկել, արդեն Մարգունուն Վաղո ես ասում,- ասաց Ֆրունզիկը.- որ ասում եմ՝ շատ ես առաջ գնացել, չես հավատում:
– Իրա անունը Վաղո չի՞,- զարմացավ Շերենցը:
– Ես էսքան տարի իրա հետ Սունդուկյանում աշխատում եմ, բայց ոչ մի անգամ իրան Վաղո ասած չկամ,- ասաց Ֆրունզիկը:
– Բա իրան ի՞նչ ես ասում,- զարմացավ Շերենցը:
– Մարգունի եմ ասում,- ասաց Ֆրունզիկը:- Թատրոնում նույնիսկ ընկեր Մարգունի եմ ասում, որ կոլեկտիվի մեջ իրան լավ զգա:
– Ես ու ինքը համարյա ընկեր ենք,- ասաց Շերենցը.- ես որ իրան ընկեր Մարգունի ասեմ, կմտածի՝ ձեռ եմ առնում:
– Գոնե Վաղինակ ասա,- ասաց Ֆրունզիկը.- Վաղոն ինչի՞ նման ա:
– Հենց Վաղինակ էլ ասում եմ,- ասաց Շերենցը.- իրա էրեսին հո Վաղո չե՞մ ասում:
– Ապրե՛ս,- ասաց Ֆրունզիկը.- ընդամենը մի քանի տարի ա՝ ինչ Երեւան ես էկել, բայց արդեն ահագին բան ես ջոկում:
– Մարդը բան էր պատմում, Մհե՛ր,- ասաց Ներսիսյանը:- Շարունակի՛ր, Շերենց:
– Մտքիս թելը կտրվեց,- ասաց Շերենցը.- արդեն մոռացա՝ ինչ էի պատմում:
– Ասում էիր՝ Մարգունու հետ Աբովյանով իջնում էիր, տեսար՝ մսով կարկանդակ են վաճառում,- ասաց Ներսիսյանը:
– Հա,- ասաց Շերենցը:- Էդ մսով պեռաշկիները որ տեսա, սիրտս մի տեսակ քաշեց: Վաղոյին՝ այսինքն Մարգունուն ասեցի՝ ոտի վրա մի-մի հատ չուտե՞նք:
– Ճանաչված մարդիկ եք,- ասաց Ֆրունզիկը.- ոտի վրա պեռաշկի ուտե՞լը որն ա:
– Հետո՞, Շերե՛նց,- հարցրեց Ներսիսյանը.- Մարգունի՞ն ինչ ասաց:
– Ինքն էլ Ֆրունզի պես ասեց. ասեց՝ ճանաչված մարդիկ ենք, ասեց՝ ժողովուրդը որ մեզ ոտի վրա պեռաշկի ուտելուց տեսնի, մեր մասին ի՞նչ կմտածի:
– Շատ ճիշտ ա ասել,- ասաց Ֆրունզիկը:
– Այսինքն, ուզում եմ ասեմ, որ ճանաչված ըլնելը մի բան չի:
– Բայց ճանաչված չըլնելն ավելի վատ ա,- ասաց Ֆրունզիկը.- որ ճանաչված չես ըլնում, սաղ կյանքդ ճանաչվածներին նախանձում ես:
– Այսինքն, ո՛չ ճանաչված ըլնելն ա մի բան, ո՛չ էլ՝ ճանաչված չըլնելը,- ասաց Շերենցը:
– Փաստորեն էդպես ա ստացվում,- ասաց Ֆրունզիկը:
– Ճանաչված լինելը մի բան չէ, բայց դերասանի համար երեւի պարտադիր պայման է,- ասաց Ներսիսյանը.- դերասանին որ չեն ճանաչում, ահավոր կոմպլեքսավորվում է:
– Էդ տեսակ կոմպլեքսավորներ մեր Սունդուկյանում մի վագոն կան,- ասաց Ֆրունզիկը:
– Կամրջից աջ կթեքվես, Մհե՛ր,- ասաց Ներսիսյանը:
– Հա,- ասաց Ֆրունզիկը.- Չերեմուշկա եմ, չէ՞, մտնում:
– Այո,- ասաց Ներսիսյանը.- կինոթատրոնի մոտ կկանգնես:
– Էղավ, Լեւո՛ն ջան,- ասաց Ֆրունզիկը:
– Այսօր իսկապես շատ խոսեցինք,- ասաց Ներսիսյանը, երբ «Արագած» կինոթատրոնի մոտ մեր մեքենան կանգ առավ:
– Վաղն ավելի շատ ենք խոսալու, Լեւո՛ն ջան,- ասաց Ֆրունզիկը:
– Միգուցե տո՞ւն բարձրանանք,- ասաց Ներսիսյանը.- իմ եփած սուրճն է՛լ կփորձեք:
– Մի ուրիշ անգամ, Լեւոն ջան,- ասաց Շերենցը.- արդեն շատ ուշ ա:
– Հա. մնա մի ուրիշ անգամ,- ասաց Ֆրունզիկը:
– Այսօր այնքան խոսեցինք, որ մի քանի տարի կարող ենք լռել,- ասաց Ներսիսյանը:
– Վաղը ավելի շատ ենք խոսալու,- կրկնեց Ֆրունզիկը:- Կարող ա՞ ռեստորանում լուռ նստենք ու իրար էրեսի նայենք:
– Ի՞նչ ռեստորան,- զարմացավ Ներսիսյանը:
– «Արարատ»,- ասաց Ֆրունզիկը.- թե «Արարատի» պադվալը ձեռ չի տալի, կարանք ուրիշ տեղ գնանք:
– Ոչինչ չեմ հասկանում,- ասաց Ներսիսյանը:
– Թոռանս մաղարիչի հաշվով ա ասում, Լեւո՛ն ջան,- ասաց Շերենցը.- ինքը չխոստացա՞վ, որ վաղը ռեստորան ա տանելու:
– Ո՞վ խոստացավ,- հարցրեց Ներսիսյանը:
– Ֆրո՛ւնզը,- ասաց Շերենցը.- քո լեզվով ասած՝ Մհերը:
– Մհերն ի՞նչ է խոստացել,- հարցրեց Ներսիսյանը:
– Ինքը չխոստացա՞վ, որ էրեխի ընդունվելու մաղարիչը կանի,- ասաց Շերենցը:
– Փայլուն հիշողություն ունես, Շերե՛նց,- ասաց Ներսիսյանը:- Բայց թոռնիկդ դեռ չի ընդունվել, չէ՞:
– Լեւոն ջան, մի քիչ առաջ դու էիր ինձ հույս տալով ասում, որ էրեխեն հարուր տոկոսով ընդունված ա,- նեղսրտեց Շերենցը:
– Հիմա է՛լ եմ ասում,- ասաց Ներսիսյանը:- Բայց քննությունը վաղն է, չէ՞:
– Հա,- ասաց Շերենցը.- վաղն առավոտ:
– Մինչեւ մեր ռեստորան գնալն արդեն պարզ կըլնի՝ ընդունվե՞լ ա, թե՝ չէ,- ասաց Ֆրունզիկը:
– Ա՛յ Ֆրունզ, արդեն դու էլ սկսեցիր կասկածե՞լ,- խեղճացավ Շերենցը.- դու չէիր ասո՞ւմ, որ էդ գործն արդեն էղած ա:
– Էլի՛ եմ ասում,- ասաց Ֆրունզիկը.- որ էդ գործն էղած չհամարեի, ձեզ խի՞ պիտի ռեստորան հրավիրեի:
– Դո՞ւ ինչ կարծիքի ես, Արմո՛ ջան. թոռս կընդունվի՞,- ինձ հարցրեց Շերենցը, եւ քանի որ Ֆրունզիկը վառել էր մեքենայի ներսի լույսը, ես տեսա Շերենցի՝ ինձ ուղղված աղիողորմ ու սարսափահար հայացքը:
– Հնարավոր չի, որ որեւէ ռեկտոր մերժի Մհեր Մկրտչյանի խնդրանքը,- ասացի ես:
– Էդ դու էլ ես իրան Մհեր ասո՞ւմ,- զարմացավ Շերենցը:
– Փորձում եմ,- ծիծաղեցի ես:
– Ես էլ եմ կարծում, որ Ֆրունզի պես տղի խնդրանքը չեն մերժի,- ասաց Շերենցը:- Փաստորեն, մեջներիցս մենակ Լեւոնն ա կասկածում:
– Չեմ կասկածում,- ասաց Ներսիսյանը:- Պարզապես, ռեստորանի մասին խոսակցությունը լուրջ չէի ընդունել:
– Ռեստորանի հարցն արդեն որոշված ա,- ասաց Ֆրունզիկը:- Վաղը վեցի կողմերը գալիս ենք նկարիչների կաֆեն, հետո էնտեղից կիջնենք «Արարատի» պադվալ:
– Ա՛յ Ֆրունզ, ինչի՞ ես ուզում հետեւներիցս հազար շուն ու շանգյալ կպցնես. ավելի լավ չի՞ միանգամից ռեստորանի մոտ ժամադրվենք:
– Ոնց կուզեք,- ասաց Ֆրունզիկը.- որ ըտենց ա՝ ուղիղ յոթին ռեստորանի մոտ հանդիպում ենք: Ես մինչեւ էդ կզանգեմ զալի վարիչին՝ սեղան զակազ կտամ:
– Ես վաղը երեկոյան հանդիպում ունեմ,- ասաց Ներսիսյանը:
– Ասում եմ, չէ՞. Լեւոնը կասկածում ա,- փնթփնթաց Շերենցը.- չի հավատում, որ թոռս կընդունվի:
– Բնավ չեմ կասկածում,- ասաց Ներսիսյանը.- պարզապես, այդ մարդու հետ արդեն պայմանավորվածություն ունեմ:
– Էդ ի՞նչ մարդ ա,- հարցրեց Շերենցը:
– Չես ճանաչի,- ասաց Ներսիսյանը:
– Մեզնից լավ մարդ ա՞,- նեղսրտեց Շերենցը:
– Իհարկե՝ ոչ,- ասաց Ներսիսյանը:
– Վատ մարդ ա՞,- հարցրեց Ֆրունզիկը:
– Չէի ասի,- ասաց Ներսիսյանը:
– Դե որ վատ մարդ չի, կարաս հետդ բերես,- ասաց Ֆրունզիկը:
– Ռեստորանի մարդ չի,- ասաց Ներսիսյանը.- գրականությունից այնքան կճամարտակի, որ ախորժակներս կփչացնի:
– Հարմարությանդ նայի, Լեւո՛ն ջան,- ասաց Ֆրունզիկը.- բայց քո գալը պարտադիր ա:
– Որ Լեւոնը չգա՝ ե՛ս էլ չեմ գա,- սրտնեղեց Շերենցը:- Առանց իրա, փաստորեն, մեր գնալն անիմաստ ա:
– Պարզ ա,- ասաց Ֆրունզիկը.- որ Լեւոնը չգա, էդ ռեստորանի հարցը կհետաձգվի:
– Իմ պատճառո՞վ,- զարմացավ Ներսիսյանը:
– Քիչ պատճառ ա՞,- փնթփնթաց Շերենցը:
– Հո առանց քեզ չենք գնա, ա՛յ Լեւոն,- ասաց Ֆրունզիկը:
– Լեւոնին թվում ա՝ մեր ուշքն ու միտքը ուտելն ու խմելն ա,- դժգոհեց Շերենցը:
– Կարեւորն էն ա՝ ո՞ւմ հետ ես ուտում ու խմում,- ասաց Ֆրունզիկը:
– Դու էդ բանը Լեւոնի՛ն ասա,- ասաց Շերենցը:
– Ես ի՞նչ ասեմ, ավելի լավ ա՝ դո՛ւ ասես. ինքը քեզ շատ ա հարգում,- ասաց Ֆրունզիկը:
– Հեչ չի էրեւում, որ հարգում ա,- ասաց Շերենցը.- որ հարգեր՝ հետս ռեստորան չէր գա՞:
– Մի հատ իրան մարդավարի խնդրի՛,- ասաց Ֆրունզիկը.- կարող ա սպիտակ մազերդ հաշվի առնի ու քարը փեշից թափի:
– Սպիտակ մազ ունե՞մ, որ հաշվի առնի,- ժպտաց Շերենցը:
– Իմ սպիտակ մազերն ավելի շատ են, քան՝ Շերենցինը,- ծիծաղեց Ներսիսյանը:
– Համ էլ՝ էս մարդը որ չի ուզում հետներս ռեստորան գա, հո զոռով չե՞նք ստիպի,- փնթփնթաց Շերենցը:
– Տեսնում եմ՝ իմ գալը չափից ավելի՛ եք կարեւորում,- ասաց Ներսիսյանը.- եթե իմ գալն այդքան էական նշանակություն ունի՝ կգամ:
– Առանց քեզ մեր գնալը հեչ իմաստ չունի, Լեւո՛ն ջան,- ասաց Շերենցը.- հո մեր նպատակը մենակ փորներս լցնելը չի՞:
– Գլուխներս է՛լ ենք ուզում լցնենք,- ծիծաղեց Ֆրունզիկը: