Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԵՔԱԿԱՆ «ՈՍԿԻ» ԵՎ «ԲՐՈՆԶ»

Փետրվար 25,2006 00:00

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Փարիզի Կրետել արվարձանում մասնակցեց միջազգային «A» կարգի մրցաշարի:

15 երկրների 17 թիմերի պայքարում գրավեց թիմային առաջին տեղը՝ իր հաշվարկում գրանցելով 3-ական առաջին եւ երրորդ տեղ:

Ըստ քաշային կարգերի՝ պատվո պատվանդանի առաջին աստիճանին բարձրացան Ռոման Ամոյանը՝ 55 կգ քաշային կարգ, Կարեն Մնացականյանը՝ 60, եւ 66 կգ քաշային Վահրամ Հունանյանը: Երրորդ մրցանակակիր դարձան Արտակ Հարությունյանը՝ 60 կգ, Տիգրան Սահակյանը՝ 84, եւ Ռոբերտ Պետրոսյանը՝ 96:

Երեկ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը մամուլի ասուլիս էր հրավիրել: «Տղաների մրցելույթից գոհ եմ,- ասաց նա,- քանի որ թիմային հաղթանակը ձեռք է բերվել ըմբշամարտի աշխարհում մեծ հեղինակություն ունեցող Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բուլղարիայի հետ պայքարում: Մրցումներից հետո ֆրանսիացիներն առաջարկեցին կազմակերպել միայն երկու երկրների միջեւ ընկերական հանդիպում, որն ընդունեցինք սիրով, ու այս անգամ էլ 5:3 հաշվով առավելության հասանք»:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Սեուլի օլիմպիական չեմպիոնը նշեց, որ իր սաները դեռ իրենց լավագույն մարզավիճակում չեն: Ու դա լավ է: «Մեր առաջին պաշտոնական կարեւոր մեկնարկը Մոսկվայում կայանալիք Եվրոպայի առաջնությունն է: Հետեւաբար, աշխատանքները կազմակերպել ենք այնպես, որպեսզի տղաները մարզավիճակի գագաթնակետին հասնեն հենց այդ ժամանակ: Իսկ այս, ինչպես նաեւ մոտ օրերս Իրանում կայանալիք խոշոր մրցաշարում, որտեղ հանդես են գալու մեր մյուս առաջատար ըմբիշները, իմ եւ հավաքականի մարզիչ Էդիկ Սահակյանի խնդիրն է տեսնել յուրաքանչյուր մարզիկի թույլ կողմերը, աշխատել դրանց վերացման վրա»:

«Առավոտի» հարցին, թե մյուս երկրներն իրենց առաջի՞ն համարներով էին մասնակցում, Լեւոն Ջուլֆալակյանը պատասխանեց. «Ռուսաստանը, բացառությամբ երկու քաշային կարգերի, մրցավայր բերել էր նրանց, ովքեր իրենց երկրի առաջնությունում նվաճել են չեմպիոնի կոչումները: Վրաստանը եկել էր երկու թիմով: Մեկում՝ առաջին, մյուսում երկրորդ համարներն էին: Նույնը կարելի է ասել նաեւ մյուս երկրների մասին: Ֆրանսիայում մրցագորգ մտածների մեջ քիչ չէին օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրները»:

Հավաքականի մարզիչը դժգոհեց իրենց մարզաձեւում կանոնների հաճախակի փոփոխություններից, որի պատճառով ոչ մի երկիր չի կարողանում լիարժեք ու նպատակային նախապատրաստվել աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններին: Հիմա էլ FILA-ն անհեթեթ կանոններ է դրել շրջանառության մեջ, որոնք ըմբշամարտը դարձնում են շոու, բայց խոչընդոտում են մարզաձեւի բնականոն զարգացմանը:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Լ. Ջուլֆալակյանն ասաց, որ նախատեսված է եւս երկու հավաք, որոնց կհաջորդի Եվրոպայի առաջնությունը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել