Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարտի 8-ն է գալիս

Փետրվար 25,2006 00:00

Մեր
միջնակարգ դպրոցներում ուսուցումն անվճար չէ Օրերս մեզ ահազանգով դիմել էր
թիվ 51 դպրոցի ծնողներից մեկը. «Երեխաս 1-ին դասարանում է սովորում, ինչ դպրոց է
գնում՝ ես աշխատավարձիս մեծ մասը դպրոցի վրա եմ ծախսում: Հենց առաջին օրվանից ուսուցիչը
պահանջեց, որ մեր առած տետրերն անիմաստ են: Նա պահանջեց, որ բոլոր տետրերը եւ օրագիրը
միայն «Նոյյան տապան» գրախանութից լինի, որտեղ գները մատչելի չեն»: Ծնողը նշեց, որ
հետագայում ուսուցիչը ծնողկոմիտեի հետ առաջարկել Է վերանորոգման համար հավաքել 10000
դրամ, այնուհետեւ նույն նպատակով եւս 3500. «Ասում են մանրահատակ եւ կախովի առաստաղներ
պետք է սարքեն դպրոցում: Էլ չեմ ասում, թե ինչքան նվերի գումարներ ենք հավաքում:
Օրինակ, Այբբենարանի հանդեսին պարտադրում են ե՛ւ դասվարին, ե՛ւ տնօրենին նվերներ
եւ ծաղկեփնջեր գնել»: Դպրոցի տնօրեն Ժաննա Ծաղիկյանը նշեց, որ իրենց մոտ որեւէ «փողահավաք»
չկա. «Երեւի բարի կամ չար նախանձով լցված մարդիկ են նման բաներ տարածում»,- նշեց
տիկին Ծաղիկյանը: Նա ավելացրեց. «Մենք ունենք ծնողկոմիտեներ, որոնք զբաղվում են աշակերտների
գրքերի, տետրերի գնման հարցով: Երեխաների համար մենք միանման տետրեր ենք պահանջում,
որ չգնան, օրինակ, «Ջեյդի» (հայտնի կինոսերիալի հերոսուհի- Լ. Օ.) նկարով տետր գնեն:
Բայց չենք պարտադրում, որ դա հատուկ խանութից գնվի: Ես այդ տետրերը ինձ հետ հո տուն
չե՞մ տանելու, իրենց համար է…»: Մոտենում են կանանց նվիրված տոները, եւ
այժմ շատ դպրոցներում խոշոր դրամահավաքներ են իրականացվում: Տարիներ առաջ դպրոցի
տնօրեններին, ուսուցիչներին ծաղիկներ ու գրքեր, բացիկներ ու բանաստեղծություններ
էին նվիրում: Այժմ ժամանակները փոխվել են, եւ ուսուցիչներն ու տնօրեններն իրենք են
նախօրոք որոշում, թե ինչ նվերներ պետք է ստանան: Որպես կանոն, հիմա նրանք նախընտրում
են գումար կամ ոսկեղեն: Իհարկե, մեզ հետ զրույցներում բոլոր տնօրենները հերքում են
այս մասին լուրերը՝ ասելով, որ ոչ ոք երեխաներից նվեր չի սպասում, երեխաներն իրենք
են որոշում ինչպես շնորհավորել: Մեկ այլ ահազանգ օրերս ստացել էինք թիվ 82
դպրոցից: Ահազանգի հեղինակը, որը չցանկացավ ներկայանալ, ասաց, որ այս դպրոցի տնօրեն
Ռիմա Բախշինյանը «նախընտրական քարոզարշավ» է անցկացնում ուսուցիչների շրջանում. «Նա
մեզ համոզում է անդամագրվել ՕԵԿ-ին»: Դպրոցի տնօրենը «Առավոտին» հավաստիացրեց, որ
իրենց դպրոցում նման խոսակցություններ չկան, եւ ուսուցիչներն իրենք են գնում ՕԵԿ-ի
գրասենյակներ եւ անդամագրվում. «Չե՞ք կարծում, որ եթե ես ստիպեի, ապա իմ դպրոցի ոչ
թե 20, այլ 52 (դպրոցում աշխատում է 52 ուսուցիչ-Լ.Օ.) ուսուցիչները ՕԵԿ-ի անդամ
կլինեին: Բայց մենք ունենք նաեւ դաշնակցական, հանրապետական ուսուցիչներ»: Ռ. Բախշինյանը
նույնպես ՕԵԿ-ի անդամ է եւ բացահայտեց. «Մեր դպրոցների 56 տնօրեններ եւս ՕԵԿ-ի անդամ
են»: Նաեւ վստահեցրեց, որ բազմակուսակցական ուսուցիչների ոլորտում որեւէ պաշտոնական
քննարկում չի իրականացվում. «Ես կարող եմ իմ հարեւաններին համոզել անդամագրվել, սակայն
իմ դպրոցի ուսուցիչներին՝ ոչ մի դեպքում»: Ի դեպ, ՕԵԿ-ի մի գրասենյակ էլ գտնվում
է այս դպրոցի հենց դիմացի մայթին: Դպրոցների շրջանում կատարած մեր հարցախույզի
ժամանակ մի փաստ էլ հայտնաբերեցինք: Պարզվում է, Սիամանթոյի դպրոցը 2 անվտանգության
աշխատակից ունի: Տնօրեն Սիլվա Հակոբյանի տեղեկացմամբ, նրանց վարձել են համայնքի խնդրանքով՝
Բեսլանի դեպքերից հետո: «Ինչ իմանաս, մի սմերտնիցա գա, ծնողի անվան տակ մտնի ու 16
հազար քմ տարածք ունեցող դպրոցը պայթեցնի»,- մեզ հետ զրույցում ասաց նա: Անվտանգության
աշխատակիցներին վճարելու հարցը դեռեւս լուծված չէ. «Գուցե մի մեծահարուստ ծնող դա
իր վրա վերցնի, գուցե՝ թաղապետարանը օգնի»,- ասաց տիկին Հակոբյանը: Նա վստահեցրեց,
որ այդ կապակցությամբ դրամահավաք չի նախատեսվում եւ ավելացրեց, որ իրենց դպրոցը միակը
չէ, որ այդ քայլին է գնացել՝ երեխաների անվտանգությունն ապահովելու համար: ԼՈՒՍԻՆԵ
ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել