Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵԶ ԼԵԶՎԻ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ ՉԷ՞

Փետրվար 25,2006 00:00

ԿԳՆ
լեզվի պետական տեսչությանը լուրջ չեն վերաբերվում թե՛ տնտեսվարող մարմինները, թե՛
պետությունը Անցյալ
տարի ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը, տնտեսավարող մարմինների տուգանքներից բյուջե
է մուտքագրել 5 մլն 500 հազար դրամ։ Այս գումարից ոչ մի լումա տեսչությունը չի ստացել՝
թեկուզ աշխատակիցներին խրախուսելու համար։ Տուգանքներն իրականացվում են «Լեզվի մասին»
օրենքի խախտման՝ օտարալեզու ցուցանակների, գովազդների ու գործավարության առկայության
դեպքում։ Բացի այն, որ ամենօրյա ստուգումները ֆինանսական ծախսեր են պահանջում, տեսչության
աշխատակիցներն էլ չնչին աշխատավարձի դիմաց հաճախ են ահաբեկությունների ու ամոթանքի
զոհ դառնում։ ԼՊՏ պետ Լավրենտի Միրզոյանն անհանգստացած է իր աշխատակիցների ճակատագրով.
«Աշխատողներիս անվտանգությունն ապահովված չէ, ստուգումների ժամանակ փակում են սենյակում,
ինչ ասես՝ ասում։ Ուզում են զանգել՝ լարն են կտրում։ Մեկն էլ խելառ լինի՝ տա, սպանի,
հետո էլ տեսչության պետին կմեղադրեն»։ Բիզնեսմենների, օբյեկտների տերերի հետ լեզու
գտնելը բավական ծանր աշխատանք է։ «Գնում ես ստուգման, քեզ գժի տեղ են դնում։ Խախտումը
բռնում ես, այդ պահին ցուցանակը հանում է, դնում ներսում, ստացվում է, որ, ըստ էության,
այդ օտարագիր ցուցանակը չկա, չես կարող լուսանկարել, փաստն արձանագրել։ Մի ամսից
նորից հանում-կախում են։ Ասում են՝ ձեր խուճուճ-մուճուճ տառերի հետեւից պետք է ընկնե՞նք։
Դե արի ու այդ մարդուն բացատրի, որ դա քո մայրենի լեզուն է»,- զայրացած է տեսչության
պետը։ Ըստ նրա, այս պայքարում արդյունքի հասնելը բավական դժվար է, քանի որ շատ հաճախ,
դատարան դիմելով, անգամ վերջիններիս կողմից են սուբյեկտիվ դրսեւորումների հանդիպում.
վճիռը կախված է նրանից, թե ով է այդ տնտեսավարող մարմնի տերը. Ադիդա՞սն է, Մերսեդես
Բե՞նսը, թե՞ մի սովորական մթերային խանութ։ Թեեւ որոշ իմաստով նաեւ օրենքն է սուբյեկտիվ
դրսեւորումների հնարավորություն տալիս։ Ճիշտ է, «Գովազդի մասին» օրենքն ասում է,
որ գովազդի լեզուն հայերենն է, իսկ կառավարության համապատասխան որոշումով ամրագրված
է, որ ցուցանակի լեզուն հայերենն է, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ պետք է կարողանաս
ապացուցել, որ այդ փակցվածը գովազդ է կամ ցուցանակ։ Տնտեսավարող մարմինը եւ դատավորը
կարող են պնդել, որ դա ապրանքանիշ է։ Իսկ «Ապրանքանիշերի մասին» օրենքում լեզվի մասին
ոչինչ չկա։ Այստեղ է առաջ գալիս հակասությունը, որն էլ կամայական դրսեւորումների
տեղիք է տալիս։ Մասնագետների կարծիքով, նման դեպքերում հակասությունները լուծվում
են իրավունքի սկզբունքով, որով էլ ամրագրված է՝ ՀՀ պետական լեզուն հայերենն է։ Այս
կետը առաջին եւ դեռեւս վերջին անգամ հաշվի է առել դատավոր Պարգեւ Օհանյանը։ Վերջերս
դատավորներից մեկը մերժել է «ՎիվաՍելլի» դեմ հայցը՝ հիմնվելով Էդ. Աղայանի բացատրական
բառարանի վրա՝ ըստ որի, ցուցանակը փայտյա, ապակյա կամ մետաղյա իր է, որի վրա գրված
է տնտեսավարության կամ սեփականության ձեւը, աշխատանքային ռեժիմը։ Այս հիմքով, «ՎիվաՍելլի»
ցուցանակը համարվել է ապրանքանիշ։ Սակայն մեր հրապարակումներից մեկում ավելի վաղ
անդրադարձել ենք այն փաստին, որ նույն «ՎիվաՍելլը», տուգանվելուց հետո պարտաճանաչ
կերպով փոխել էր իր կենտրոնական գրասենյակի վրա փակցված ցուցանակը՝ դարձնելով այն
հայերեն։ «Հիմա մենք հո չենք գնալու՝ խեղճուկրակներին՝ մոյկաներին ու սվարչիկներին
տուգանենք, որ այս ցրտին մի մեքենա են լվանում՝ օրվա փող աշխատում, իսկ մյուսներն
իրենց համար միլիոններ են աշխատում ու չեն ենթարկվում օրենքներին»,- անարդարության
դեմ բողոքում է Լավրենտի Միրզոյանը։ Բողոքն այսքանով չի սահմանափակվում. «Շատ
տնտեսավարող մարմինների ղեկավարներ տեղյակ էլ չեն, որ կա լեզվի տեսչություն, անգամ
մեր դատավորներից ոմանք չէին լսել, որ գործադիր իշխանության հանրապետական մարմին
ենք։ Մարդիկ խոսում են այնպես, կարծես կոոպերատիվ լեզվի տեսչություն է, որ ինքնագործունեությամբ
է զբաղված»։ Մինչեւ վերջերս տեսչությունը լեզու չէր գտնում նաեւ «Բրաբիոնի»
հետ։ «Այդ ո՞ւր առանց ծաղիկ?» գրվածքը վերջերս, դատական քաշքշուկներից հետո փոխարինվեց
մեկ ուրիշով, որ նույնպես չի գոհացնում Լ. Միրզոյանին, բայց գոնե կոպիտ խախտումներ
այլեւս չկան։ Հիմա ցուցանակը հարցնում է՝ «Բա ծաղի՞կը»։ Ընդ որում, սկզբում հարցական
նշանը դրված է եղել ը-ի վրա, ինչը հայոց լեզվի տարրական գիտելիքների պակասի արդյունք
է։ Տեսչության աշխատակիցները հարցական նշանը ճիշտ տեղում են դրել. «Ի հեճուկս մեզ՝
հարցականը կարմիրով են արել, որ լավ տեսնենք։ «Բա»-ն էլ առաջարկեցինք փոխարինել «իսկ»-ով
կամ «հապա», «ապա» ձեւերով՝ չհամաձայնեցին։ Երբ այս հարցով դիմել էինք թաղապետարան,
ասացին՝ ի՞նչ եք ընկել դրա հետեւից, գնացեք «Զվարթնոց»՝ այնտեղ ամեն քայլափոխի «Լեզվի
մասին» օրենքի խախտում է։ Փաստորեն մեզ շեղում էին «Բրաբիոնից»։ Բայց «Զվարթնոց»
էլ ենք գնալու»։ Ի դեպ, «ՎիվաՍելլի» եւ «Բրաբիոնի» դեպքում խախտումներ են
արձանագրվել նաեւ գործավարության մեջ, ինչի համար նրանք դատական կարգով տուգանվել
են 100 հազարական դրամով։ Պարզվում է՝ տեսչության հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունք
է նկատվում նաեւ պետության կողմից։ «Լեզվի մասին» օրենքում ասվում է, որ Լեզվի պետական
տեսչությունը պատասխանատվություն է կրում Հայաստանից դուրս ապրող հայերի շրջանում
լեզվի պահպանման, տարածման ու զարգացման համար։ Բայց մի կոպեկ չեն տալիս, որ գնամ-տեսնեմ
Արցախում, Ջավախքում հայերը ոնց են ապրում,- ասում է Լավրենտի Միրզոյանը։- Բերել,
9-րդ հարկ են դրել՝ տանիքներն եմ վերահսկում, փոխանակ լինեմ 1-ին հարկում, որ մարդիկ
մեղվի փեթակի պես գան, մեկը անվան, մյուսն ազգանվան ստուգաբանությունն ուզի։ Պայմաններ
չկան՝ ոչ ջուր կա, ոչ զուգարան, 40 թվականի գոմի դռներ են։ Հեռուստացույցն էլ ես
եմ առել-բերել։ Մի տպիչ չունեմ, էլ ինչ լեզվի տեսչություն, որ ինտերնետ էլ չունենա»։
Այնուամենայնիվ, ԿԳ նախարարությունը տրամադրված է, որ լիցենզավորման եւ հավատարմագրման
վարչության հետ մի քանի սենյակ էլ տեսչությանը տրամադրի՝ կինոյի եւ թատրոնի ինստիտուտի
հարեւանությամբ մի հարկաբաժնում։ Իսկ գուցե մեզ, այնուամենայնիվ, պետք չէ՞
լեզվի տեսչություն։ «Մերձբալթյան հանրապետություններում, հենց Վրաստանում լեզվի տեսչություն
չկա, որովհետեւ նրանք ազգովի գիտակցում են, որ իրենք պետք է իրենց լեզվին տեր կանգնեն,-
ասում է Լ. Միրզոյանը։ Իսկապես, ինչո՞ւ ընկնել բառարանների հետեւից. ի՞նչ կարեւոր
է՝ ցուցանակը ապակուց է, փայտից է, Աղայանի ստուգաբանությունը համապատասխանո՞ւմ է
տվյալ դեպքին, թե՞ ոչ։ Կարեւորը ազգային ինքնագիտակցությունն է, որի պակասը խիստ
զգացվում է նաեւ այս ոլորտում։ Ինչ է, արտասահմանյան գրվածքն ավելի՞ ազդեցիկ է։ Իսկ
գուցե մեր տնտեսավարող մարմինները հաճախորդին գրավելու ավելի «օգտակար» միջոցնե՞ր
ձեռնարկեն. ասենք՝ բարձրացնեն սպասարկման որակը կամ մատչելի գներ սահմանեն։ ՀԱՍՄԻԿ
ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել