Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն անակնկա՞լ է պատրաստել

Փետրվար 25,2006 00:00

Թե՞ համաձայնության է եկել իշխանությունների թեկնածուի հետ

Երկուշաբթի կկայանան Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի ընտրությունները։ Հստակ է, որ բուհը հետագա 5 տարիներին գտնվելու է կնոջ ձեռքերում. ռեկտորի պաշտոնի համար հայտ են ներկայացրել բուհի ամբիոնի վարիչներ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Գոհար Քյալյանը եւ Մարինա Սաֆարյանը։

Բուհի ֆինանսական եւ մարդկային զգալի ռեսուրսները հաշվի առնելով՝ մեր նախորդ հրապարակումներում կանխատեսել էինք, որ ընտրությունները քաղաքական թեժ պայքարի կվերածվեն։ Այս առումով նշել էինք, որ ՀՀԿ-ն մեծ հնարավորություններ ունի առաջ տանելու իր թեկնածուին. բուհի խորհրդի կազմում գտնվող ուսանողական հատվածը (շնորհիվ ուսանողական խորհրդարանի նախագահ, վարչապետի օգնական Կարեն Ավագյանի), կառավարության հատվածը (որ մեծ մասամբ հանրապետականներից է կազմված) եւ բուհական հատվածի կեսը կարող էր ապահովել ՀՀԿ-ին անհրաժեշտ ձայներ։ Նաեւ չէինք բացառել, որ ՀՀԿ-ականները կարող են համաձայնության գալ Գ. Քյալյանի՝ համեմատաբար ուժեղ թեկնածուի (նա նախագահական ընտրություններում ղեկավարում էր ընտրական հանձնաժողովներից մեկը) հետ այն դեպքում, եթե սեփական թեկնածուն պայքարին չմասնակցի։ Իսկ ՀՀԿ-ի թեկնածուն կարող էր լինել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը (նա Սերժ Սարգսյանի խնամին է)։ Ինչպես տեսանք, վերջինս ընտրություններում հայտ չներկայացրեց։ Իսկ գուցե մյուս թեկնածուին՝ Մարինա Սաֆարյանի՞ն հանրապետականները օգտագործեն՝ Գ. Քյալյանից ազատվելու համար։ Արդյոք անակնկալներ չե՞ն սպասվում, ինչպես ԵՊՀ խորհրդի նախագահի ընտրությունների դեպքում։

«Լրատվության դաշտը սպասում է անակնկալների եւ սկանդալների։ Բժշկական համալսարանը աշխատում է զերծ մնալ նման շահարկումներից եւ ռեկտորի ընտրությունները բացառություն չեն,- մեր այս դիտարկմանն ի պատասխան ասաց բուհի խորհրդի անդամ, նախկին ռեկտորի օգնական, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կուսակցության առաջնորդ Արմեն Աշոտյանը։- Առհասարակ անհասկանալի են ինձ համար մամուլում տեղ գտած այն հրապարակումները, որոնք վերաբերում են բուհերի ռեկտորների պաշտոնների համար հայտարարված մրցույթների քաղաքականացմանը։ Չեմ կարծում, որ բուհական համակարգն արժանի է նման մոտեցումների, որովհետեւ ցանկացած քաղաքական մոտեցում նշանակում է հարցականի տակ դնել բուհի ապագան»։

Պրն Աշոտյանը հերքեց նաեւ լուրերը, թե Արա Մինասյանին ոչ վաղ անցյալում ՀՀԿ-ն ուզում էր տեսնել ռեկտորի պաշտոնում։ «Որեւէ հանրապետականի շուրթերից Արա Մինասյանին սատարելու մասին որեւէ բան չեմ լսել, դրանք ասեկոսեներ են եղել։ Փաստը մնում է փաստ, որ նա չի առաջադրել իր թեկնածությունը եւ ինքնըստինքյան ապացուցվեց, որ նման խնդիր չի եղել»։

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի ձայներին, ապա, ըստ Ա. Աշոտյանի, «ոչ թե ՀՀԿ-ն ունի ձայներ, այլ ուսանողական հատվածը եւ դասախոսականի մի մասը որոշակի կուռ համագործակցության փորձ ունեցել են նախորդ տարիներին եւ չի բացառվում, որ այս ընտրություններին եւս միահամուռ կարծիք դրսեւորեն։ Կառավարության կողմից առաջադրված խորհրդի անդամների մեջ էլ, իհարկե, հանրապետականներ կան»։

Արդյոք պրն Աշոտյանը չի՞ կարծում, որ նման հզոր ռեսուրսներ ունեցող կառույցում, լինի բուհ, թե մեկ այլ մարմին՝ քաղաքականացումը մեր երկրում անխուսափելի է եւ «արդարացված»։ «Իսկապես, Բժշկական համալսարանը ունի բավական մեծ մարդկային, կազմակերպական ռեսուրս եւ ֆինանսական հնարավորություններ, ՀՀ անցյալ տարվա պաշտոնական տվյալներով, այն տեղ է գտել 3 խոշորագույն հարկատուների շարքում։ Այս ամենը բաղձալի պտուղ կարող են դարձնել համալսարանը՝ որոշակի քաղաքական շրջանակներում։ Բայց աշխարհում չկա ավելի ապաքաղաքականացված մասնագիտություն, քան բժշկի մասնագիտությունն է, ինչը ամրագրված է նաեւ Հիպոկրատի երդմամբ, այնպես որ, քաղաքական ամբիցիաները կարող են դրսեւորվել ամեն տեղ, բացի Բժշկական համալսարանի պատերի ներսից։ Բուհի ներսում նախեւառաջ, կարծում եմ, իշխելու է կրթության ոգին»,- իր երազած երկրի համալսարանի մասին այսպես արտահայտվեց պրն Աշոտյանը։ Նա, իբրեւ բուհի նախկին ուսանող, դժվարացավ գերադասելի թեկնածու մատնանշել. «Երկուսն էլ ինձ դասավանդել են եւ երկուսն էլ մասնագիտական իրենց կարողություններով մեծ հաջողությունների են հասել։ Իհարկե, Գոհար Քյալյանի անունը ավելի շատ է հնչում, գուցե ավելի ակտիվ է եղել բուհի ներքին եւ հասարակական կյանքում եւ հնարավոր է՝ իր շանսերն ավելի բարձր են, բայց իմ անձնական դիրքորոշման մասին կհայտնեմ ընտրություններից հետո։ Իմ դիրքորոշումների մեջ գաղտնիքներ չեմ ունենալու, բայց հիմա վաղ է խոսել այդ մասին, դա չի նպաստի ընտրությունների շուրջ առողջ մթնոլորտի ձեւավորմանը։ Հուսով եմ, որ Վիլեն Հակոբյանի ժառանգությունը արժանի ձեռքերում կհայտնվի»։

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել