Սյսպես են կարծում փորձագետները
ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում Մինչ ՀՀ պաշտոնական աղբյուրները ձեռնպահ
են մնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ռոբերտ Քոչարյանին ԼՂ հարցով խորհրդատվական
հանդիպման հրավիրելու մասին, օրերս Բաքվում արած հայտարարությունը մեկնաբանելուց,
ադրբեջանցի քաղաքագետները փորձում են կանխատեսել, թե արդյոք Ալիեւ կրտսերն ու Պուտինն
ինչ-որ համաձայնության եկե՞լ են Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Ադրբեջանական
«Էխո» թերթի մատուցմամբ, քաղաքագետ Հիքմեթ Հաջիզադեն ռուս-ադրբեջանական հարաբերություններում
արմատական փոփոխություններ չի ակնկալում եւ հույս չունի, որ Ալիեւն ու Պուտինը պայմանավորվածություններ
ունեն ԼՂ հիմնախնդրի շուրջ: Ըստ նրա, «ամբողջ խնդիրն այն է, որ Ռուսաստանն ուզում
է ամբողջովին վերականգնել իր ազդեցությունը նախկին ԽՍՀՄ տարածքում, ուստի՝ նրա նախկինում
ունեցած բոլոր պահանջները մնում են ուժի մեջ: Օրինակ՝ ամերիկացիները գալիս ու ասում
են, որ ուզում են Ադրբեջանում նավթ շահագործել, ապրանքներ վաճառել: Իսկ ռուսները
պնդում են, որ այդ ապրանքներն իրենցն են լինելու, իսկ ամերիկացիները այստեղ գործ
չունեն: Բացի այդ, Ադրբեջանի սահմանները պետք է պաշտպանեն ռուս զինվորները, Ռուսաստանի
ռազմական բազաները պետք է վերադառնան Ադրբեջան, եւ Ադրբեջանը պետք է մտնի ԱՊԿ կոլեկտիվ
անվտանգության համակարգ»: Հաջիզադեի կարծիքով, Քոչարյանին Մոսկվա հրավիրելով՝ Կրեմլի
տերուտիրականն ուզում է տպավորություն ստեղծել, թե, իբր, ԼՂ հիմնախնդրի կարգավորման
շուրջ բանակցությունների հերթական փուլ է անցկացնելու: «Դա ինչ-որ բան փոխելու անկեղծ
ցանկություն չէ: Ես այդ հանդիպումից ոչինչ չեմ սպասում: Հասկանալի է, որ ամեն ինչ
այդ բանակցություններում կախված է Ռուսաստանից, իսկ Ռուսաստանը փոխանակ հակամարտության
լուծմանը նպաստելու՝ աջակցում է Ղարաբաղին, Օսեթիային, Աբխազիային, Մերձդնեստրին:
Այնպես որ, փոփոխություններ սպասել առայժմ պետք չէ»: Ադրբեջանի Միլի մեջլիսի
պատգամավոր Մ. Միրզազադեն իր հերթին զգուշավոր լավատեսություն է հայտնել Մոսկվայում
Պուտին-Քոչարյան հնարավոր հանդիպման առնչությամբ. «Հնարավոր է, որ ԼՂ հիմնախնդրի
խաղաղ լուծման իրագործման մասին լուրը կլսվի Մոսկվայից, այլ ոչ թե աշխարհի որեւէ
այլ անկյունից»: Հայաստանյան քաղաքական փորձագետները առայժմ ձեռնպահ են մնում
այդ հրավերն ու դրա հեռանկարները վերլուծելուց: Երեկ «Ռազմավարական հետազոտությունների
ազգային կենտրոնի» փորձագետ Ստեփան Սաֆարյանը մեր խնդրանքով անդրադառնալով Պուտինի
հրավերի հնարավոր պատճառներին՝ ասաց. «Իմ գնահատմամբ, բավականին նուրբ տեխնոլոգիաներով
Արեւմուտքը հասկացրել է Ռուսաստանին, որ ԼՂ հակամարտության կարգավորված չլինելու
հանգամանքը, դրա ձգձգումը ամենեւին էլ չեն բխում Ռուսաստանի շահերից, եւ Պուտինը
դա հասկացել է: Մինչեւ հիմա Ռուսաստանն, իրոք, փորձում էր ամեն կերպ ձգձգել հակամարտության
կարգավորումը, բայց հիմա նրան ձեռնտու է այդ հարցում որոշակի լուծում գտնելը, որի
շրջանակներում ՌԴ-ն կկարողանա ամրագրել սեփական շահերը, օրինակ՝ հակամարտության գոտում
տեղակայվելիք խաղաղապահ ուժերում ՌԴ-ի ներկայացվածությունը, կարգավիճակի հարցում
այնպիսի տարբերակ գտնելը, որը հնարավորություն կտա Ռուսաստանին հավասարակշռել Հայաստանին
եւ Ադրբեջանին՝ հավասարապես չնեղացնելով նրանց ու չկորցնելով իր ազդեցությունն այդ
երկրների վրա»: Ստ. Սաֆարյանի համոզմամբ, վերջին զարգացումները մեր տարածաշրջանում,
հատկապես սրացումները Վրաստան-Ռուսաստան հարաբերություններում, Վրաստանից ռուսական
բազաների դուրսբերման վտանգը, Իրանի վրա ճնշումները սպառնում են Ռուսաստանին դուրս
մղել մեր տարածաշրջանից, ու հիմա ՌԴ-ն փորձում է ԼՂ հարցի լուծման նախաձեռնությունն
ինքը ստանձնել՝ իր ազդեցությունը Հարավային Կովկասում վերջնականապես չկորցնելու համար:
«ԼՂ կարգավորման առումով ՌԴ շահագրգռությունը որոշակիորեն պայմանավորված է
նրանով, որ հակամարտությունների կարգավորված չլինելու հանգամանքը տարածաշրջանի երկրներին
ետ չի պահում դեպի Արեւմուտք գնալուց: Արեւմուտքն ինքն է հարկադրում ՌԴ-ին սեփական
նախաձեռնություն դրսեւորել գոնե ԼՂ խնդրի կարգավորման հարցում, որովհետեւ ԵԱՀԿ ՄԽ
շրջանակներում նրա մասնակցությունը այլեւս բավարար չէ իր ազդեցությունը երկու երկրներում
պահելու համար: ՌԴ-ն հիմա փորձում է սեփական դերակատարումը մեծացնել»: Ինչ
վերաբերում է Ռ. Քոչարյանի՝ Պուտինի հրավերն ընդունել-չընդունելուն, ապա փորձագետի
դիտարկմամբ՝ «Քոչարյանը հիմա փակուղում է, ու դրա մասին վկայում է ԼՂՀ նախագահի հայտարարությունը:
Կարծում եմ, Քոչարյանը չի կարող ընդունել Պուտինի հրավերը եւ, ամենայն հավանականությամբ,
հանդիպման չի գնա: Եթե անգամ գնա էլ, չի համաձայնի այն պայմաններին, որոնք նրան կարող
են առաջարկել Մոսկվայում»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ