Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԽԱ՞Ղ, ԹԵ՞…

Փետրվար 25,2006 00:00

ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ
ԽԱ՞Ղ, ԹԵ՞… Ռոբերտ Քոչարյանը երեկ հրամանագիր է ստորագրել
Արտաշես Թումանյանին, իր դիմումի համաձայն, նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
ազատելու մասին: Հիշեցնենք, որ այս շաբաթվա սկզբին ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը
մամուլում հայտարարեց. «Եթե կուսակցություններ են հիմնում բարձրաստիճան պաշտոն ունեցող
անձինք, պիտի նաեւ նկատի ունենան, որ այսօր այդ պաշտոնը զբաղեցնում են ոչ որպես այդ
կուսակցության անդամներ, եւ ճիշտ կլինի, որ հրաժարվեն։ Որովհետեւ Հայաստանում քաղաքական
եւ հայեցողական պաշտոններում թեկնածուներ են առաջադրվում այն քաղաքական ուժերը, որոնք
խորհրդարանում մեծամասնություն են եւ քաղաքական պատասխանատվություն են կրում»: Այսպիսով
Հայաստանում ծայր առած բուռն կուսակցաշինարարությունը տվեց իր առաջին զոհը: Հրաժարականի
վերաբերյալ առաջանում է երկու հիմնական վարկած. 1/ Ռ. Քոչարյանը պայմանավորվել է
իր աշխատակազմի ղեկավարի հետ, եւ 2007-ի խորհրդարանական ընտրություններից հետո պարոն
Թումանյանը կստանա նոր պաշտոն (կամ նույն պաշտոնը): 2/ Նախագահը դժգոհ է Ա. Թումանյանի՝
կուսակցություն ստեղծելու փորձից եւ ինքն է «ապահարզան» առաջարկել: Առայժմ
առավել հավանական է թվում երկրորդ վարկածը: Բնականաբար, Ա. Թումանյանի նման փորձառու
գործիչը չէր կարող նախագահի թույլտվությունը չհարցնել: Եվ կարելի է ենթադրել, որ
Ռ. Քոչարյանը կեսբերան իր համաձայնությունը տվել է: Բայց ընդհանուր առմամբ «Նոր երկիրը»
չի տեղավորվում իշխանության գծած խորհրդարանի համապատկերի մեջ. իշխանամետ հավակնորդները
շատ են, քաղցր բլիթները՝ քիչ: Լուրջ կոմունիստական դպրոց անցած «նոմենկլատուրշիկը»
առաջին՝ «ռիսկային» տարբերակի դժվար թե գնա. 2007-ից հետո ով սաղ, ով՝ մեռած: Բայց
վարկածների իսկությունը, բնականաբար, կստուգի ժամանակը: Իսկ առայժմ կարելի է հստակ
ասել երկու բան. ա/ նրանք, ովքեր ուզում էին «Նոր երկիր» մտնել՝ քոչարյանական կուսակցությունից
պաշտոն ստանալու հեռանկարով, այլեւս չեն մտնի, բ/ «Նոր երկիրը» ընդդիմադիր կուսակցություն,
այնուամենայնիվ, չի լինի՝ իշխանությունը նախկին պաշտոնյաների վրա մի քանի թղթապանակ
կոմպրոմատ կունենա: Փորձեն քննադատել՝ իսկույն լույս աշխարհ կհանի: ԱՐԱՄ
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել