Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Ինչու է պետք բանակցել

Փետրվար 25,2006 00:00

Հայաստանը,
Ադրբեջանը եւ միջնորդները դեռ մի քանի «կիսատ գործ» ունեն Ադրբեջանի նախագահ
Իլհամ Ալիեւն այլեւս չի էլ թաքցնում, որ համանախագահների վերջին՝ Ռամբույեում ներկայացված
առաջարկների մերժողը հատկապես ադրբեջանական կողմն է: Ավելին՝ վերջինս բացահայտորեն
խոսում է այն մասին, որ ժամանակն աշխատում է Ադրբեջանի օգտին ու հենց այդ հանգամանքով
էլ փաստարկում մերժման անհրաժեշտությունը: Ահա թե, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, ինչ
է ասել Ալիեւը թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ներկայումս Լեռնային
Ղարաբաղի կարգավորման առումով մենք ընտրության երկու հնարավորություն ունենք. համաձայնել
մեզ չգոհացնող պայմանագրին, կամ սպասել որոշ ժամանակ եւ հասնել Ադրբեջանի համար ավելի
նպաստավոր արդյունքի: Ես երկրորդ տարբերակի կողմնակիցն եմ»: Խոսելով Ադրբեջանում
վերջին երկու տարում արձանագրված առաջընթացի մասին՝ Ալիեւը դարձյալ շեշտել է, որ
երկրի բյուջեն ներկայումս չորս անգամ գերազանցում է Հայաստանի բյուջեին, եւ տնտեսական
ու ռազմական աճող ներուժը կուժեղացնի Ադրբեջանի դիրքերը բանակցային գործընթացում:
Միեւնույն ժամանակ, «Արմինֆոյից» տեղեկանում ենք, որ առաջիկա մարտի 6-ին Վաշինգթոնում
տեղի է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Հաղորդվում է, թե
այդ հանդիպման ժամանակ քննարկվելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի
ներկայիս վիճակը: Ըստ աղբյուրի, ենթադրվում է, որ քննարկման արդյունքներով Ադրբեջանի
եւ Հայաստանի արտգործնախարարներին առաջարկ կարվի «Պրահայի գործընթացի» շրջանակներում
նոր հանդիպում անցկացնելու վերաբերյալ: Հետաքրքիր է, հիշյալ քննարկումներից
հետո համանախագահներն արդյո՞ք Իլհամ Ալիեւին կառաջարկեն այլեւս չբարձրաձայնել այնպիսի
սպեցիֆիկ ճշմարտություններ, որոնց ժամանակից շուտ եւ բարձր մակարդակով հրապարակումը
հարվածի տակ կդնի ԵԱՀԿ հովանու ներքո ընթացող բանակցային ողջ գործընթացը: Իսկ այդ
գործընթացը, որքան էլ որ ձեւական, այնուամենայնիվ, դեռ որոշ ժամանակ անհրաժեշտ է,
ընդ որում՝ գրեթե բոլոր շահագրգիռ ուժերին: Այսպես. Ադրբեջանին, ինչպես արդեն վերը
նշվեց, այն անհրաժեշտ է տնտեսապես, հետեւաբար եւ՝ ռազմական ներուժի տեսակետից հզորանալու
համար: Արեւմուտքին ու հատկապես ԱՄՆ-ին ղարաբաղյան բանակցությունների պատրանքն անհրաժեշտ
է տարածաշրջանում բոլոր «կիսատ մնացած» նախագծերն ավարտին հասցնելու եւ, մասնավորաբար՝
Իրանի դեմ ծրագրվելիք արշավին համակողմանիորեն նախապատրաստվելու համար: Ինչ
վերաբերում է Հայաստանին, ապա բանակցային գործընթացի երկարաձգման մեջ ամենից շատ
թերեւս հենց Երեւանում են շահագրգռված, թեեւ թվում է, որ օբյեկտիվորեն հակառակը պետք
է լիներ: Կհարցնեք՝ ինչո՞ւ, պատասխանը պարզ է. դեռեւս ամբողջությամբ չեն ձեւավորվել
իշխանա-օլիգարխա-նժդեհամետ եւս 52 կուսակցություն, վասն ազգային-պետական շահերի չեն
յուրացվել Կոնդը, Մարաշը, Սարի թաղը, որոնցում, ի դեպ, մարդիկ դեռ շարունակում են
լկտիաբար ապրել, ու էլի շատ ու շատ ազգանվեր ու կիսատ գործեր կան: ՏԻԳՐԱՆ
ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել