Վստահեցնում
է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, «Օրինաց երկիր» խմբակցության
անդամ Հովհաննես Մարգարյանը: Մեր զրուցակիցը մեկն է կոալիցիայի անդամ ընդամենը
երկու այն պատգամավորներից, որոնք ճնշումներին հակառակ՝ չհրաժարվեցին Երեւանի Կենտրոնի
կառուցապատման վերաբերյալ կառավարության որոշումների սահմանադրականությունը վիճարկող՝
Սահմանադրական դատարան դիմումի ներքո իրենց ստորագրություններից: Սակայն մեր հարցին,
թե «փաստորեն ճնշումները կարելի է եւ մերժե՞լ, ինչն անելու համար չբավարարեց Ձեր
գործընկեր պատգամավորների սկզբունքայնությունը»՝ Հովհաննես Մարգարյանը նախընտրեց
մեղմ պատասխանել, թերեւս խնայելով գործընկերներին. «Ես չէի օգտագործի «ճնշումներ»
բառը: Իհարկե, իմ նկատմամբ էլ են եղել, այսպես ասած, հորդորներ: Սակայն հարգելով
իմ ստորագրությունը՝ տեր կանգնեցի դրան: Դեռ 2005-ի վերջին ծանոթացել էի ՍԴ դիմումի
ձեւաթղթի բովանդակությանը (ի տարբերություն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի
նախագահ Ռաֆիկ Պետրոսյանի, որը ստորագրել էր իբր առանց կարդալու.- Ա. Ի.): Եվ ստորագրել
էի այդ դիմումը, քանի որ այն վերաբերում է մեր ժողովրդի մի մասի սեփականության իրավունքին:
Համոզված եմ, որ սեփականության օտարումը պիտի կատարվեր յուրաքանչյուր առանձին դեպքի
համար ընդունված օրենքով եւ համարժեք փոխհատուցմամբ՝ սա Սահմանադրության հստակ պահանջն
էր»: Հովհաննես Մարգարյանը պատգամավորների համար ուղղակի վիրավորական է համարում
այն հրապարակումները, որտեղ իրենց ստորագրություններից հրաժարումը բնորոշվում է իբրեւ
«ականջներից ձգելու» հետեւանք. «21-րդ դարո՜ւմ ենք, խոսում ենք մարդու իրավունքների՜ց,
ժողովրդավարությունի՜ց, այսինքն՝ նախնադարյան համայնական հասարակարգում չենք կամ
ճորտատիրական ժամանակներում, որ ինչ-որ մեկը փորձի ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներին
քայլեր պարտադրել»: Արդեն հաղորդել ենք, որ ՍԴ նախագահը գրավոր դիմել է ԱԺ-ին՝
առաջարկելով կանոնակարգում դրույթ սահմանել, թե պատգամավորների ՍԴ դիմելու նախաձեռնության
վերաբերյալ ձեւաթուղթը դատարան ներկայացվելուց հետո ենթակա չէ փոփոխման: ԱԺ պետաիրավական
հարցերի հանձնաժողովի փոխնախագահն ասաց, որ խորհրդարանում ներկայացված քաղաքական
բոլոր ուժերի մասնակցությամբ փետրվարի 23-ին ԱԺ նախագահի մոտ անցկացված խորհրդակցության
ժամանակ եկել են քաղաքական համաձայնության, թե անպատճառ պիտի ամրագրվի այդ դրույթը:
Այս խորհրդակցության ժամանակ ձեռք բերված մեկ այլ պայմանավորվածությունն այն
է, որ ԱԺ կանոնակարգի փոփոխությունների համաձայն՝ հեռարձակվելու են այն 30 րոպեները,
երբ խմբերն ու խմբակցությունները հարցապնդումներով կդիմեն կառավարությանը: Հիշեցնենք,
որ սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ ԱԺ պատգամավորներն ունեն ոչ միայն կառավարությանը
հարց տալու, այլեւ խմբակցությունների անունից հարցապնդում անելու իրավունք (Սահմանադրության
80-րդ հոդված): Եվ ի տարբերություն պատգամավորական հարցերի՝ ԱԺ-ն իրավունք ունի որոշում
ընդունել հարցապնդման վերաբերյալ: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նախապես
դեմ էր արտահայտվել հարցապնդումների հեռարձակմանը. «Եթե սա նկարահանվում եւ ցուցադրվում
է՝ փաստորեն երկրորդական են դառնում օրենքների քննարկումները»: Եվ առաջարկել էր.
«Կա՛մ ընդհանրապես պիտի չցուցադրվի եւ «Խորհրդարանական ժամ» հաղորդման ընթացքում
հարցապնդման վերաբերյալ ուղղակի տեղեկություն տրվի, կա՛մ էլ պիտի ցուցադրվի ցանկացած
օրենքի նախագծի քննարկում, այսինքն՝ պետք է ցուցադրվի քառօրյան ամբողջությամբ. ամեն
օր 12:00-18:00-ն»: Այնուամենայնիվ՝ խորհրդարանական այլ կազմավորումների հետ նաեւ
ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչը ստորագրեց ԱԺ կանոնակարգի փոփոխությունների ներքո:
Մեր հարցին, թե մտավախություն չկա՞, որ նախընտրական տարում հեռարձակվող այս
հարցապնդումների հնարավորությունն ավելի շատ կօգտագործվի պոպուլիստական նկատառումներով՝
ՕԵԿ անդամն այսպես արձագանքեց. «Մեզանում, չգիտես ինչու, երբ ներկայացնում ես արդարացի
հարցադրումներ, որոնք վերաբերում են արմատական բարեփոխումներին՝ միշտ վերագրում են
պոպուլիզմին: Մինչդեռ կան շատ կուտակված խնդիրներ, որոնք հարկ է քննարկել ու լուծել
եւ ոչ թե պայքարել այդ հարցերը բարձրաձայն ասելու դեմ: Ահա այսպիսի խնդիր էր նաեւ
Սահմանադրական դատարան դիմելու հարցը: Վաղը կլինեն նման այլ կարեւոր խնդիրներ, որոնց
պետք է տալ հրապարակային բնույթ: Եվ սա էլ է պայքարի միջոց: Ավանդների, մասնավորեցման
ծրագրի եւ այլ հարցերի առնչությամբ «Օրինաց երկրին» էլի որակումներ տվեցին, բայց
կյանքը ցույց տվեց, որ մենք ոչ միայն խոսքով էինք պայքարում, այլ գործո՛վ»: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Ի դեպ, Բուզանդի փողոցի բնակիչները պատրաստվում
են նամակով դիմել Մարդու իրավունքների նոր պաշտպանին: