Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐԻՆՈՒՄ

Փետրվար 24,2006 00:00

ԹՈՒՐԻՆՈՒՄ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԵՆ ԲԱՑՎՈՒՄ Երեկ ու այսօր ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը մասնակից չունի: Սակայն մեր մարզական պատվիրակության ղեկավարության առօրյան անցնում է գործնական ու հագեցած: Երեկ մեր մարզական մեկնաբան Աշոտ Հակոբյանը հերթական հեռախոսազրույցն ունեցավ Թուրինում գտնվող մարզական մեկնաբաններ Սլավա Սարգսյանի ու Կարեն Գիլոյանի հետ: – Մեր դահուկավազորդները հուսախաբ արեցին Հայաստանում իրենց մրցելույթներին հետեւող մարզասերներին: Բայց օլիմպիական խաղերում նաեւ մարզական այլ խնդիրներ են լուծվում, որոնք պակաս կարեւոր չեն մասնակից երկրներում սպորտը զարգացնելու հեռանկարների առումով: – Անշուշտ: Փետրվարի 22-ի երեկոյան՝ դահուկավազքի անհատական արագավազքի ավարտից հետո Թուրինում Ուկրաինայի օլիմպիական տանը այդ երկրի օլիմպիական կոմիտեի նախագահ, աշխարհահռչակ ձողացատկորդ Սերգեյ Բուբկան հրավիրել էր ՄՕԿ-ի նախագահ Ռոգեին, Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պասկանտերին, տարբեր երկրների պատվիրակությունների ղեկավարների, Խաղերի մասնակից ճանաչված մարզիկների, -պատմեցին մեր գործընկերները:- ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը Ժակ Ռոգեին ներկայացրեց Հայաստանում մարզական կառույցների շինարարության ընթացքն ու վիճակը, Ծաղկաձորի մարզահանգրվանի հնարավորությունները: Հատկապես Ծաղկաձորով հետաքրքրվեցին շատերը: Մասնավորապես, ոգեւորված Թուրինում օլիմպիական հաջողություններով, ռուս դահուկորդները որոշել են այսուհետեւ կարեւորագույն մեկնարկներից առաջ հավաքներ անցկացնել միայն Հայաստանում: Սերգեյ Բուբկան, մասնավորապես, առաջարկեց քննարկել «Պեկին-2008»-ին համատեղ նախապատրաստվելու ծրագիրը, որում Ծաղկաձորին ամենակարեւոր դերերից մեկն է հատկացվում: – Փետրվարի 25-ին օլիմպիական մրցուղի է մտնելու ծաղկաձորցի լեռնադահուկորդ Աբրահամ Սարկախյանը: Նա, խոսելով անգամ Թուրինի պահեստային մրցուղու մասին, հայտարարել էր. «Սրա ու մեր հնարավորությունների միջեւ համեմատության ոչ մի եզր չկա: Այստեղ սահում ես, ասես, մերկասառույցի վրա»: Հնարավո՞ր է, որ Աբրահամն էլ իր թիմակիցների նման եզրագիծ չհասնի: – Նա օրական երկու մարզում է անցկացնում: Մենք գրեթե միշտ ներկա ենք լինում դրանց: Կարծես ընտելացել է: Կարծում ենք՝ եզրագիծ կհասնի, բայց էլի լուրջ ցուցանիշներ ակնկալելն անիմաստ է լինելու: Ինքն էլ ասում է, որ նախապատրաստական փուլում Ֆրանսիայում անցկացրած հավաքները մեծապես օգնել են իրեն: Ուկրաինացիների հրավերի ընթացքում զրույցները զուտ տեսական բնույթ չեն կրել: Այդ մասին պատմեց ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Քանի որ երկու ամսվա ընթացքում Սեուլում ազգային օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչների հավաք է կազմակերպվելու,- ասաց նա,- որոշվեց այստեղ՝ Թուրինում, մեզ հետ կապված հարցերին անդրադառնալ այդ հավաքում»: Օգտվելով առիթից՝ պարոն Գրիգորյանին խնդրեցինք իր առաջին տպավորություններն ասել մեր դահուկորդների մրցելույթների ու հավաքականի մարզչի՝ այս ընթացքում կատարած աշխատանքի մասին: – Բնականաբար, լավ բան չեմ կարող ասել: Լուրջ խնդիրներ կան, որոնք պետք է հիմնավոր քննարկել: Հասկանալի է, որ դժվար տարիներ ենք ապրել, բայց վերջին շրջանում շատ բան փոխվել է՝ պակաս ոչինչ նրանք չեն ունեցել ու ամեն տարի նույն բանը կրկնվել չի կարող: Կգանք Երեւան, օլիմպիական կոմիտեի ու ֆեդերացիայի համատեղ քննարկում կկազմակերպենք ու որոշում կկայացնենք: Հիմա չեմ ուզում որեւէ բան ասել՝ լսելով միայն Թուրինում գտնվող մասնագետների մեկնաբանությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել