Լրահոս
Օրվա լրահոսը

Լեզվաբանները բողոքեցին հայոց լեզվի ժամերի կրճատումից

Փետրվար 24,2006 00:00

Լեզվաբանները բողոքեցին հայոց լեզվի ժամերի կրճատումից «Տնաքանդված» լեզվի հանդեպ նրանք լուրջ պետական մոտեցում են պահանջում Երեկ Գրողների միությունում լեզվաբաններն ու գրողները հերթական թեժ քննարկումն անցկացրին կրթական ծրագրերում հայոց լեզվի հալածված կարգավիճակի շուրջ: Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը ցավով նշեց, որ չնայած մայրենիին նվիրված բազմաթիվ ճոխ տոնակատարություններին՝ «տոնական ծխածածկույթի տակ լեզվի տունը քանդող իրադարձություններ են կատարվում»: Երեւանի պետհամալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանը, քննարկումն ավելի արդյունավետ դարձնելու համար, խորհուրդ տվեց, ոչ թե ներկայացնել իրավիճակը, այլ մտածել, թե ինչո՞ւ նման վիճակում հայտնվեց լեզուն: Գ. Անանյանի կարծիքով, մեր դժբախտությունն այն է, որ ԿԳ նախարարի փոխարեն կրթական ծրագրերում որոշում ընդունողը Համաշխարհային բանկն է: «Հերիք է մեզ մխիթարենք, թե անկախություն ենք ձեռք բերել: Եթե նախկինում մի երկրից էինք կախված, ապա անկախությունից հետո կախված ենք մի քանիսից: 15 տարում այս ոլորտում մեր ձեռքբերումը եղել է այն, որ անգրագիտությունն ավելի ենք խորացրել, քանի որ դարձել ենք միջազգային կազմակերպությունների ստրուկը»,- ասաց Գ. Անանյանն ու առաջարկեց իրավիճակից դուրս գալու իր դեղատոմսը. «Լեզվի վիճակը կկայունանա այն դեպքում, երբ, այսպես կոչված, անկախ իշխանությունները ձեռք բերեն իսկական անկախություն»: ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Լեւոն Եզեկյանի համոզմամբ. «Լեզվի մասին օրենքի ընդունումից հետո մայրենիի դասավանդման նորմալ ժամաքանակը պահպանվում էր, բայց երբ ուսուցումը դարձավ երկաստիճան, ժամերի փոփոխության ամբողջ մահակը կոտրվեց հայոց լեզվի գլխին: Զարմանալին այն է, որ նույնիսկ հումանիտար ֆակուլտետներում այսօր հայոց լեզուն անցնում են երկու կիսամյակ եւ ոչ մի քննություն չեն հանձնում»: Երեւանի ճարտարապետաշինարարական համալսարանի հայոց լեզվի եւ մշակույթի ամբիոնի վարիչ Ռոբերտ Դավթյանն էլ է այս հարցում մեղավոր համարում ԿԳ նախարարությանը: «Վերջին 15 տարում չեմ հիշում մի դեպք, որ նախարարը հավաքի հայոց լեզվի ամբիոնների վարիչներին եւ հանձնարարի մշակել ծրագիր: Նախարարությունը զբաղված է միայն ընդունելություններով»,- դժգոհեց պրն Դավթյանը: Բանախոսներին զայրացրել էր, որ քննարկմանը ներկա չէ ոչ ԱԺ կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը, ոչ էլ ԿԳ նախարարության ներկայացուցիչը: Քննարկմանը մասնակցում էր Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանը: «Ճնշեք մեզ, քննադատեք, բայց եղեք գործնական եւ միայն խոսելով մի սահմանափակվեք»,- առաջարկեց պրն Մարտիրոսյանը: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել