Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԱՄԸ

Փետրվար 24,2006 00:00

«ԱՐԱՄԸ ԵՐԳԵԼ Ա ՈՒ ՊԻՏԻ ԵՐԳԻ» «Առավոտի» երեկվա՝ «Հայ եմ ես, հայ ես դու» հրապարակումից հետո օպերատոր Վաղինակ Աճեմյանի հետ՝ տեսախցիկով «զինված», խմբագրություն էր եկել երգիչ Արամ Ասատրյանը: Նա հայտարարեց, որ լուրերը, թե ԱՄՆ-ում ինքը զբաղված է Հայաստանից արտագաղթածների համար վիզաներ «սարքելով» կամ ինչ-ինչ ճանապարհներով գումար աշխատելով (ինչպես պնդում էր մեր աղբյուրը- Գ. Հ.)՝ չեն համապատասխանում իրականությանը: «Աղջիկ ջան, ամոթ ա: Արամը տենց մարդ չի, եթե ես մարդու փող չտամ, փող չեմ վերցնի»,- ասաց նա: Բնականաբար, հիշեցրինք ԱՄՆ-ի հայկական որոշ հեռուստաալիքներով իր հասցեին հնչող ոչ բարենպաստ ինֆորմացիայի մասին: Երգիչն ասաց, որ այդ ամենի մեղավորը տեղի «55» հայկական հեռուստաալիքն է՝ իր դաշնակցական տնօրենով: «Ես իմ ժողովրդի կողմից քիչ թե շատ սիրված մարդ եմ: Էդ ժողովրդի համար եմ էսօր հայտնվել օտար ափերում, որ նրանց մի մասին էլ երգեմ-ուրախացնեմ: Բայց կան իմ ազգի մասնիկներ, որոնք չար են, մարդկանց վիրավորում, ուզում են նեղացնել: Էդ հեռուստատեսությամբ անընդհատ ավել-պակաս խոսում են իմ հասցեին: Անցյալ տարի ասում էին, թե իբր մահացել եմ: 2 ամիս առաջ էլ շշուկներ էին տարածել, թե իբր ամուսնացել եմ ռուսական մի աստղուհու հետ: Ախր էսքան չի կարելի բամբասել… Էնտեղ (ԱՄՆ-ում) կան կուսակցություններ, որոնց բոլորին սիրում եմ, բայց դաշնակցության մեջ կա մի աղջիկ Բիանկա անունով, որին ամբողջ Լոս Անջելեսն ա ճանաչում: Նա պայթում ա ինձանից, չի թույլատրում իր ղեկավարած «55» ալիքով ցույց տան: Բայց վերջերս, երբ հարսանիք երգեցի, էդ նույն Բիանկան առաջինը վեր կացավ ու պարեց իմ երգի տակ: Այ էդպիսի սրիկայություն ա անում հայ աղջիկն իմ նկատմամբ: Դաշնակցականների մեջ շատ ընկերներ ունեմ, սաղ աշխարհի դաշնակցության ու լյուբոյ կուսակցության ցավն էլ տանեմ, որովհետեւ ես ժողովրդի երգիչ եմ, դրանք՝ իմ ժողովրդի կուսակցությունները: Բայց դաշնակցական «55» TV-ով ինչ լուրեր ասես, որ չեն տարածում, էս էլ շանտաժ էր: Ես էլ պաշտպանվելու համար եթերով էլ ասացի ժողովրդին, որ ամբողջը սուտ ա, չհավատան»: Հարցին՝ ինչո՞ւ, ի տարբերություն իր մյուս կոլեգաների, ինքն ավելի հաճախ է նման պատմությունների մեջ ընկնում, Արամ Ասատրյանը պատասխանեց. «Որովհետեւ հայկական մեծ գործ եմ անում, հայերեն խոսում, հայերեն երգում եմ, որովհետեւ դարձել եմ ժողովրդի աշխարհը… («Դո՜ւ դարձե՜լ ես իմ աշխարհը, ի՜նչն է պատճառը…»,- խոսքը երգով է համեմում- Գ. Հ)…. Որովհետեւ լավ ընտանիք ունեմ, լավ երեխեք, թոռներ, լավ աշխատում եմ, մեծահարուստ եմ՝ նախ հոգով, հազարավոր երգեր ունեմ, հիմա եկել եմ, որ 50 հատ համերգ տամ՝ Սոչիից մինչեւ Լոնդոն, Լոնդոնից մինչեւ Ռիգա, Լեհաստան, Գերմանիա, Մոսկվա, Լենինգրադից մինչեւ Սախալին ու Մուրմանսկ»: Արամ Ասատրյանի կարծիքով իր երգերը «քրիստոնեական, Աստծո պարգեւած երգեր են», որոնց մեջ չարություն չկա: Օրինակ՝ «Սուրբ Սարգիսը» կամ «Ես կմեռնե՜մ ու կը՜ գնա՜մ, բայց սրտիդ մե՜ջ հուշ կը՜մնա՜մ»,- երգեց հեղինակը: Անդրադարձ եղավ ժամանակին Հայաստանից իր անակնկալ հեռանալուն: Արամ Ասատրյանը նորից շեշտեց, որ ինչ-ինչ ճնշումների պատճառով չի հայտնվել ԱՄՆ-ում. «Արամին ամբողջ ազգը սիրում ա… սկսած ղեկավարությունից, վերջացրած ծայրամասի վրա ապրող հայով, բոլորն իմ գլխի վրա տեղ ունեն: Ես Ամերիկայում տուրիստ եմ, գնացել եմ հայրենակիցներիս իմ երգերով ուրախացնելու, աշխատելու: Ես Հայաստանի քաղաքացի եմ: Ամեն անգամ ինչ-որ տեղ կամ Եվրոպա մեկնելուց առաջ նախ գալիս եմ իմ քաղաքը՝ Էջմիածին, պարտադիր մոմ եմ վառում, նոր գնում: Ասեմ, որ աշնանն էլ Հայաստանում եմ համերգներ ունենալու… Անցյալ տարի Հայաստանում թերթերը գրել էին, թե Արամին էստեղ հարսանիքից գողացել են: Ախր Արամին ո՞վ պիտի գողանա: Արամի կարիքը ով ունի՝ ես իր կողքին եմ»: Հետաքրքրվեցինք նաեւ, թե որն է այսօր Ժուռնալիստների միությունում իր հրավիրած ասուլիսի թեման: «Ասուլիս եմ տալու կայանալիք 50 համերգներիս առիթով: Նաեւ ասելու եմ ժողովրդիս, որ Արամը դեռ երգելու ա Աստծո կամքով»: Երգիչը տեղեկացրեց, որ իր երգերի տեքստերի ու երաժշտության հեղինակը հիմնականում ինքն է, երգում է նաեւ հայ աշուղների ու գուսանների երգեր, համագործակցում Լեւոն Աբրահամյանի, Սերգեյ Կարինյանի, Խաչիկ Սահակյանի ու Արամայիս Սահակյանի հետ: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել