Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեխը քար կծակի»

Փետրվար 24,2006 00:00

«Մեխը քար կծակի» Հավատացնում են փաստաբանները Երեկ ՀՀ փաստաբանների պալատում ասուլիս էին հրավիրել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության վարչության նախկին պետ Լեւոն Շահինյանի եւ «Կրեդիտ-Սերվիս» բանկի նախկին գործադիր տնօրեն Արտաշես Դավթյանի պաշտպանները՝ Ռուբեն եւ Լուսինե Սահակյանները: Նրանց նպատակը դատաիրավական համակարգում տեղ գտած համատարած ապօրինությունների մասին տեղեկացնելն էր, ինչպես նաեւ «անգրագետ, գործ սարքող քննիչներին եւ դատավորներին» քննադատելը: Իրենց պաշտպանյալների նկատմամբ իրականացված անօրինություններից բանախոսները նախանշեցին մի քանիսը: Երկու քրեական գործերով էլ քննիչը եղել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր, ՀԿԳ քննիչ Բորիկ Ղալեչյանը, որը խախտելով ՀՀ սահմանադրության մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի, Եվրոպական դատարանի որոշումների դրույթները, իրեն է վերապահել դատարանի բացառիկ իրավասությունը: Քննիչը իր գրությամբ կասեցրել կամ երկարացրել է մեղադրյալներին կալանքի տակ պահելու ժամկետները, մինչդեռ կալանքի ժամկետի երկարացման յուրաքանչյուր դեպքում քննիչը պարտավոր էր դիմել դատարան: Լեւոն Շահինյանին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ դատապարտեց 7 տարվա ազատազրկման՝ կեղծ ձեռնարկատիրության մեղադրանքով: Այստեղ, ըստ փաստաբանների, ակնհայտ խախտում կա. կիրառված օրենքին հետադարձ ուժ է տրվել, որի իրավունքը չուներ: Կեղծ ձեռնարկատիրության մասին 189-րդ հոդվածը որպես քրեորեն պատժելի արարք սահմանվել է միայն 2003թ. օգոստոսի 1-ից ուժի մեջ մտած քրեական օրենսգրքով: Ըստ Լուսինե Սահակյանի, արարքի հանցավորությունը որոշվում է այն կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով, իսկ մեկ այլ հոդվածով արարքի հանցավորությունը սահմանող օրենքը հետադարձ ուժ չունի: Ըստ իրավաբանի, Շահինյանի դեպքում էլ այն չպետք է հետադարձ ուժ ունենար, քանի որ նրան մեղսագրվող արարքները կատարվել են մինչեւ 2003-ը: Դատարանն էլ այդ սխալը անտեսելու փոխարեն կայացրել է մեղադրական դատավճիռ: Իրավապաշտպանները գտնում են, որ Բ. Ղալեչյանի եւ Մնացական Մարտիրոսյանի գործողություններում առկա են քրեորեն պատժելի արարքներ եւ ակնկալում են, որ նրանց վերադաս-իրավասուները իրենց համակարգերի ինքնամաքրման գործընթացում հաշվի կառնեն նաեւ այս իրողությունը: Եթե վերաքննիչում էլ սխալները չշտկվեն՝ իրավապաշտպանները ասպարեզ կբերեն գլխավոր խաղաթուղթը՝ «մեխը, որը նույնիսկ քար կծակի»: ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել