Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐԻՆՈՒՄ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԵՆ ԲԱՑՎՈՒՄ

Փետրվար 24,2006 00:00

Երեկ
ու այսօր ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը մասնակից չունի: Սակայն մեր մարզական
պատվիրակության ղեկավարության առօրյան անցնում է գործնական ու հագեցած: Երեկ
մեր մարզական մեկնաբան Աշոտ Հակոբյանը հերթական հեռախոսազրույցն ունեցավ Թուրինում
գտնվող մարզական մեկնաբաններ Սլավա Սարգսյանի ու Կարեն Գիլոյանի հետ: – Մեր
դահուկավազորդները հուսախաբ արեցին Հայաստանում իրենց մրցելույթներին հետեւող մարզասերներին:
Բայց օլիմպիական խաղերում նաեւ մարզական այլ խնդիրներ են լուծվում, որոնք պակաս կարեւոր
չեն մասնակից երկրներում սպորտը զարգացնելու հեռանկարների առումով: – Անշուշտ:
Փետրվարի 22-ի երեկոյան՝ դահուկավազքի անհատական արագավազքի ավարտից հետո Թուրինում
Ուկրաինայի օլիմպիական տանը այդ երկրի օլիմպիական կոմիտեի նախագահ, աշխարհահռչակ
ձողացատկորդ Սերգեյ Բուբկան հրավիրել էր ՄՕԿ-ի նախագահ Ռոգեին, Եվրոպայի օլիմպիական
կոմիտեի նախագահ Պասկանտերին, տարբեր երկրների պատվիրակությունների ղեկավարների,
Խաղերի մասնակից ճանաչված մարզիկների, -պատմեցին մեր գործընկերները:- ՀԱՕԿ-ի գլխավոր
քարտուղար Արմեն Գրիգորյանը Ժակ Ռոգեին ներկայացրեց Հայաստանում մարզական կառույցների
շինարարության ընթացքն ու վիճակը, Ծաղկաձորի մարզահանգրվանի հնարավորությունները:
Հատկապես Ծաղկաձորով հետաքրքրվեցին շատերը: Մասնավորապես, ոգեւորված Թուրինում օլիմպիական
հաջողություններով, ռուս դահուկորդները որոշել են այսուհետեւ կարեւորագույն մեկնարկներից
առաջ հավաքներ անցկացնել միայն Հայաստանում: Սերգեյ Բուբկան, մասնավորապես, առաջարկեց
քննարկել «Պեկին-2008»-ին համատեղ նախապատրաստվելու ծրագիրը, որում Ծաղկաձորին ամենակարեւոր
դերերից մեկն է հատկացվում: – Փետրվարի 25-ին օլիմպիական մրցուղի է մտնելու
ծաղկաձորցի լեռնադահուկորդ Աբրահամ Սարկախյանը: Նա, խոսելով անգամ Թուրինի պահեստային
մրցուղու մասին, հայտարարել էր. «Սրա ու մեր հնարավորությունների միջեւ համեմատության
ոչ մի եզր չկա: Այստեղ սահում ես, ասես, մերկասառույցի վրա»: Հնարավո՞ր է, որ Աբրահամն
էլ իր թիմակիցների նման եզրագիծ չհասնի: – Նա օրական երկու մարզում է անցկացնում:
Մենք գրեթե միշտ ներկա ենք լինում դրանց: Կարծես ընտելացել է: Կարծում ենք՝ եզրագիծ
կհասնի, բայց էլի լուրջ ցուցանիշներ ակնկալելն անիմաստ է լինելու: Ինքն էլ ասում
է, որ նախապատրաստական փուլում Ֆրանսիայում անցկացրած հավաքները մեծապես օգնել են
իրեն: Ուկրաինացիների հրավերի ընթացքում զրույցները զուտ տեսական բնույթ չեն
կրել: Այդ մասին պատմեց ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Քանի
որ երկու ամսվա ընթացքում Սեուլում ազգային օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչների
հավաք է կազմակերպվելու,- ասաց նա,- որոշվեց այստեղ՝ Թուրինում, մեզ հետ կապված հարցերին
անդրադառնալ այդ հավաքում»: Օգտվելով առիթից՝ պարոն Գրիգորյանին խնդրեցինք
իր առաջին տպավորություններն ասել մեր դահուկորդների մրցելույթների ու հավաքականի
մարզչի՝ այս ընթացքում կատարած աշխատանքի մասին: – Բնականաբար,
լավ բան չեմ կարող ասել: Լուրջ խնդիրներ կան, որոնք պետք է հիմնավոր քննարկել: Հասկանալի
է, որ դժվար տարիներ ենք ապրել, բայց վերջին շրջանում շատ բան փոխվել է՝ պակաս ոչինչ
նրանք չեն ունեցել ու ամեն տարի նույն բանը կրկնվել չի կարող: Կգանք Երեւան, օլիմպիական
կոմիտեի ու ֆեդերացիայի համատեղ քննարկում կկազմակերպենք ու որոշում կկայացնենք:
Հիմա չեմ ուզում որեւէ բան ասել՝ լսելով միայն Թուրինում գտնվող մասնագետների մեկնաբանությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել