Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԴՈԳՄԱ ՉԷ»

Փետրվար 24,2006 00:00

Լեզվաբանության
եւ Գրականության ինստիտուտները պետք է ոչ միայն հայտնվեն մի շենքում, այլեւ հնարավոր
է՝ տարրալուծվեն իրար մեջ: Լեզվաբանության եւ Տնտեսագիտության ինստիտուտների
շենքի տարածքը մոտ 2 տարի առաջ կառավարության որոշմամբ նվիրաբերվեց Հայ առաքելական
եկեղեցուն՝ Վեհարան կառուցելու նպատակով: Գիտնականների եւ ինստիտուտների տարածքում
գործող տնտեսավարող մարմինների բողոքները ոչ մի օգուտ չտվեցին, որոշումը մնաց ուժի
մեջ: Սակայն մինչ այսօր առկախ է մնում այդ շենքում գործող կազմակերպությունների տեղափոխման
եւ այլ տարածք տրամադրելու հարցը: Վերջերս մեզ հետ զրույցում ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանն
ասաց, որ իրեն ամեն օր զանգում են հիշյալ ինստիտուտների աշխատակիցները եւ անհամբեր
հարցնում, թե երբ պետք է տեղափոխվեն իրենց հատկացված նոր տարածքը՝ Գրականության ինստիտուտ:
Ֆ. Սարգսյանը նաեւ մեզ փորձում էր համոզել, որ շենքի օտարման հարցով ոչ մի գիտնական
բողոք չի ներկայացրել, եւ որ այդ մասին իրենց դժգոհությունն են հայտնել միայն տարածքը
վարձակալող մի քանի գործարարներ: Մինչդեռ կան կոնկրետ փաստաթղթեր՝ գիտնականների,
ակադեմիկոսների ստորագրությամբ, ի վերջո՝ մամուլի բազմաթիվ հրապարակումներ, որտեղ
հստակ պահանջ էր ներկայացվում՝ չեղյալ ճանաչել կառավարության սույն որոշումը: «Մենք
իհարկե ցույցեր ենք կազմակերպել, բողոքներ ենք ներկայացրել, բայց կառավարությունը
որոշեց գնալ այդ քայլին, հիմա մենք ինչ-որ տեղ հույսեր ենք փայփայում, որ ինչ-որ
բան կարող է փոխվել: Ամենաճիշտն այն կլինի, որ կառավարությունն իր որոշումը հետ վերցնի.
վերջին հաշվով կառավարության որոշումը աստվածաշնչյան դոգմա չէ»,- մեզ հետ զրույցում
երեկ ասաց Լեզվաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Լավրենտի Հովհաննիսյանը:
Ի սկզբանե նախատեսված էր այս երկու ինստիտուտները տեղափոխել գրականության ինստիտուտի
շենք, որտեղ էլ մեկ հարկ պետք է տրամադրեին միայն Լեզվաբանության ինստիտուտին: Երկու
օր առաջ էլ պրն Հովհաննիսյանին ԳԱԱ նախագահությունից հերթական անգամ զգուշացրել են՝
պատրաստվել տեղափոխվելու: Պրն Հովհաննիսյանը, սակայն, ասում է, որ հիմա նախատեսված
հարկաբաժնում այլ կազմակերպություններ կան եւ ֆիզիկապես անհնար է տեղավորվել այդ
մի քանի սենյակում՝ 65 հոգանոց կոլեկտիվով: Բացի այդ, ինստիտուտը մեծ գրականություն
ունի եւ դրա համար էլ տարածք է պետք, ինչն ապահովված չէ: «Ոչ մեկը հստակ բան չի ասում,
նույնիսկ՝ ամենաբարձր մակարդակով»,- ասում է Լ. Հովհաննիսյանը: Խոսակցություններ
կան, որ Գրականության եւ Լեզվաբանության ինստիտուտները միայն ֆիզիկապես չէ, որ պետք
է միանան: Այս մասին վերջերս մեզ հետ զրույցում ասաց նաեւ գրականության ինստիտուտի
տնօրեն Ազատ Եղիազարյանը եւ իր հերթին դժգոհություն հայտնեց այս գաղափարի վերաբերյալ:
Լ. Հովհաննիսյանը նույնպես անհնար է համարում երկու ինստիտուտների բովանդակային միացումը:
«Բովանդակային միացման մասին էլ բան չեն ասում, ոչինչ պարզ չէ մեզ այնպես, ինչպես
պարզ չէ ակադեմիայի ճակատագիրը»: Ըստ պրն Հովհաննիսյանի, միացման գաղափարը ակադեմիայինը
չէ, եւ ոչ էլ ՄԱԿ-ի փորձագետներինը (որովհետեւ գաղափարը ծագել է փորձագետների առաջարկներից
շատ առաջ): Այն, ըստ ամենայնի, հղացել է կառավարությունը՝ ֆիզիկական միացումը նույնացնելով
բովանդակայինի հետ: «Դա այն մարդկանց մտածածն է, որոնք կարծում են, որ եթե դպրոցում
հայոց լեզվի եւ գրականության դասերը կարող է մեկ ուսուցիչ դասավանդել, այս ինստիտուտներն
էլ կարելի է միացնել: Լեզուն եւ գրականությունը տարբեր ուղղություններ են արդեն ստացել,
կապ չունեն միմյանց հետ: Նրանց պատկերացմամբ, հայոց լեզուն հայ գրականության լեզուն
է: Դա կոպիտ սխալ կլինի, կքանդի հայ լեզվաբանության ավանդույթները, ձեռքբերումները
եւ վերջնականապես լեզվաբանության շատ ճյուղեր կանհետանան: Իսկ եթե ուզում են ֆինանսներ
տնտեսել, ապա արդյունքում միայն մի հաշվապահ ու փոխտնօրեն պետք է կրճատվի, այնպես
որ՝ դա սխալ հաշվարկ է»: Այս հարցով դիմեցինք նաեւ Տնտեսագիտության ինստիտուտի
տնօրեն Վլադիմիր Խոջաբեկյանին: Նա եւս տեղյակ չէր, թե ինչ է սպասվում իրենց. «Երկու
տարի առաջ ասում էին՝ Գրականության ինստիտուտ պետք է գնանք, բայց հիմա ոչինչ չգիտենք,
ոչինչ հայտնի չէ»: Նկատենք, որ հիշյալ ինստիտուտների նկուղային հարկերում
գործող ռեստորանների ու սրճարանների վարձակալությունից ստացված գումարները գնում
են նախագահություն, իսկ ինստիտուտներին դրանից ոչինչ չի հասնում: ՀԱՍՄԻԿ
ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել