Լրահոս
Օրվա լրահոսը

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՆՈՐ ՁԵՎՈՎ ՀԱՆԴԵՍ ԳԱ»

Փետրվար 24,2006 00:00

Ցանկություն
է հայտնում Հայաստանի ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:
– Տպավորությունն այնպիսին է, որ շարունակ արտահերթ ընտրություններից խոսող
ընդդիմությունը իր պասիվության ժամանակը երկարաձգելով կորցնելու է նաեւ հերթական
ընտրությունների պահը եւ կազմուպատրաստ չի ներկայանալու ընտրողին: – Ես համաձայն
չեմ, հասկանում եմ ձեր հարցադրումը, հասկանում եմ նաեւ, որ հասարակությունը ուզում
է տեսնել այն մարդկանց, ում ետեւից գնացել է, ուզում է տեսնել ավելի ակտիվ, իմանալ,
թե ինչ են մտածում եւ ի՞նչ ծրագրեր ունեն, դա շատ բնական եւ կարեւոր է, բայց համաձայն
չեմ, երբ ասում են, թե ընդդիմությունը սպառվել է: Այդպես չի, մանավանդ՝ այսօր ընդդիմությունը
ավելի արժեւորվել է, եւ վերջին մեկ ամսում իշխանությունները տպավորություն են ուզում
ստեղծել, թե իրենք քաղաքական կյանքում լուրջ գործընթացներ են սկսում, մի բան, որ
անցած երեք տարիներին չէին անում: Հիմա փորձում են նոր կուսակցություններ բացել,
խոսում են համագործակցությունից, այսինքն՝ փորձում են քաղաքական հետաքրքրության դաշտը
լցնել իրենք-իրենցով, բայց դրանք իմիտացիոն գործընթացներ են ընդամենը եւ դատապարտված
են: Իսկ ընդդիմությունը իր անելիքը գիտի: Ցավոք, առայժմ ժամանակը աշխատում է ի վնաս
ընդդիմության, բայց իշխանության օգտին եւս չի աշխատում: Այն ավտորիտար ռեժիմը, որ
այսօր ստեղծվել է Հայաստանում՝ հնարավոր չի բարեփոխումներով վերականգնել: Դրա համար
էլ խոսվում է հեղափոխությունների մասին: Հայաստանում չկա մի մարդ, որ հնարավոր է
համարում Հայաստանում ընտրությունների շնորհիվ հասնել դեմոկրատական գործընթացների:
Կյանքը ցույց տվեց, որ գործող իշխանությունները իսպառ վերացրել են ընտրությունները՝
որպես ժողովրդավարական մեխանիզմ: Իսկ սահմանադրական հանրաքվեն ցույց տվեց, որ հասել
են կատարելագործման եւ այլեւս չեն մանրանում, ձեւականության ետեւից էլ չեն ընկնում՝
նկարում են իրենց ուզած թիվը եւ վերջ: Իսկ հասարակությունը չի ուզում ապրել այս երկրում
այնպես, ինչպես կա: – Բայց հասարակությունը չի ընդվզում եւ այլեւս ոչ մեկի
հավեսը չունի՝ ոչ ընդդիմության, ոչ էլ իշխանությունների, հասարակությունը այսօր ապրում
է իր օրվա կյանքը եւ վերջ: – Հասարակության այդ ձեր նշած անտարբերությունը
երկար չի տեւելու, իշխանությունները գործընթացները հանել են քաղաքական դաշտից եւ
տեղափոխել այն դաշտ, որտեղ իրենք ուժեղ են: Հիմա իրենք փորձելու են ապաքաղաքականացնել
նաեւ 2007-ի ընտրությունները, ստեղծում են կուսակցությունների իմիտացիաներ, եղածներին
բերում են ներքին «ռազբորկաների» դաշտ եւ այդպիսով փորձելու են փակել իրական քաղաքական
գործընթացների դաշտը, այսինքն՝ փակել ընդդիմության ճանապարհը: Իսկ սա պետք է անհանգստացնի
առաջին հերթին ընդդիմությանը եւ հետո՝ հասարակությանը: Ես ձեզ հետ համաձայն եմ, թվում
է, թե հասարակությունը համակերպվել է այս ամենի հետ եւ առանձնապես չի ընդվզում: Սակայն
դա երկար չի տեւելու, եւ ընդդիմությունը պետք է նոր ձեւով հանդես գա հասարակության
առջեւ: – Պարոն Հովհաննիսյան, եթե դուք դարձյալ ակնարկում եք ձեր սիրելի նոր
ձեւաչափի մասին, ապա մի՞թե ակնհայտ չէ, որ այն չի կայանում եւ բազմիցս խոսվել է,
թե ինչու չի կայանում. ոմանց ամբիցիաների, ուրիշների՝ «խաղեր տալու», երրորդների՝
չուզելու եւ այլ պատճառներով: – Գիտե՞ք, դատապարտված է այդ նոր ձեւաչափը,
դատապարտված է ստեղծվելու, եւ ես պատահական որեւէ բան չեմ ասում: Դա արդեն հասունացել
է, եւ բոլորը պետք է հասկանան, որ եթե մինչեւ 2007 թվականը երկրում չեն փոխվելու
խաղի կանոնները, ապա անիմաստ է դառնում մասնակցել այն ֆարսին, որը պիտի կոչվի խորհրդարանական
ընտրություններ: Որովհետեւ այդ դեպքում առաջիկա գոնե հինգ տարում գործընթացները ձեւավորվելու
են ոչ թե քաղաքական, այլ՝ մեկ ուրիշ, եւ շատ վտանգավոր դաշտում: Ունենում ենք այսօրվա
վատի կրկնապատիկը, ունենում ենք ավելի վատ նախագահ, թեպետ սրանից ավելի վատը չեմ
պատկերացնում: – Մի առիթով Վազգեն Մանուկյանն ասաց, որ ելքը ավելի կոշտ ընդդիմություն
ունենալն է, դուք ե՞ւս այդպես եք կարծում: – Այո, քանի որ դասական դեմոկրատական
ձեւերը մեր երկրում այլեւս չեն աշխատում, ընդդիմությունը պետք է վերանայի իր ռազմավարությունը
եւ իսկապես ավելի կոշտ լինի: Իշխանության այս վիճակը, երբ իրենց թվում է, թե ինչ
ուզեն՝ կանեն, չի կարող երկար տեւել, մենք արդեն հասել ենք այն վերջին, որից հետո
այն, ինչ իրենց համար կառուցել են իշխանավորները, փլվելու է իրենց իսկ գլխին: Մարդկության
պատմության մեջ կան օրենքներ, որոնք չի կարելի անվերջ ոտնահարել. դա աշխատելու է
իշխանությունների դեմ: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել