Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ արցախցիներից

Փետրվար 24,2006 00:00

Այն ուղղված է ՀՀ ժողովրդին

Երեկ ԼՂ-ում ապրող ու ստեղծագործող մտավորականներ, հոգեւորականներ, քաղաքական գործիչներ ու ազատամարտիկների կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ թվով 16 հոգի, ինչպես իրենք են ներկայացել՝ «հազարավոր արցախցիների անունից» հանդես են եկել ՀՀ ժողովրդին ուղղված բաց նամակով, ուր մասնավորապես ասված է. «Թանկագին հայրենակիցներ, Ադրբեջանի հետեւողական քաղաքականության, դիվանագիտական ու քարոզչական նպատակաուղղված պայքարի շնորհիվ, ինչպես նաեւ Հայաստանի քաղաքական վերնախավի թողտվությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը վերաձեւվել է հայ-ադրբեջանական հակամարտության: Հայաստանյան ղեկավարությունը ԼՂՀ-ի փոխարեն մասնակցելով բանակցություններին՝ Արցախը դարձրել է տարածքային վեճ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Այս ենթատեքստում Ադրբեջանի համար մեծ դժվարություն չէր հայկական բանակը միջազգային ատյաններում եւ զանազան փաստաթղթերում գրանցել որպես ագրեսոր, ազատագրված տարածքները՝ «գրավյալ տարածքներ» եւ այլն:

Հայ դիվանագիտության պարտվողական կեցվածքի պատճառով պատերազմ սանձազերծող կողմը՝ Ադրբեջանը, միջազգային հանրության համար դահճից ու ագրեսորից վերածվել է զոհի, պահանջատերի: Ի պատասխան հակառակորդի կողմից զօրուգիշեր հնչող հակահայկական հիստերիայի եւ ատելության առ հայ ժողովուրդը, հայ քաղաքական գործիչները հանդես են գալիս տարածքներ հանձնելու, ադրբեջանցի փախստականների վերադարձի եւ Արցախում 15 տարի հետո կրկին հանրաքվե անցկացնելու հայտարարություններով:

Արդյունքում՝ միջազգային միջնորդական կազմակերպություններում «Ղարաբաղյան հակամարտության կարգավորում» անվան տակ շրջանառվում են փաստաթուղթ-փաթեթներ, որոնց իրականացումն ի վերջո հանգեցնելու է Արցախի կորստին: Փոխզիջում անվան տակ, որ նշանակում է զիջումներ բացառապես հայկական կողմից, փորձ է արվում հազարավոր հայորդիների կյանքի ու արյան գնով ձեռք բերված հաղթանակը մաս առ մաս զիջել թշնամուն»:

Բաց նամակի հեղինակները կարծիք են հայտնում, թե այն, ինչ Հայաստանում սխալմամբ համարվում է խաղաղության եւ անվտանգության երաշխիք, արցախցիները 7 տասնամյակ շարունակ իրենց մաշկի վրա են զգացել ու գիտեն Ադրբեջանի նմանատիպ «երաշխիքների» արժեքը, իսկ ինչ վերաբերում է 10-15 տարի հետո Արցախում անցկացվելիք հանրաքվեին, ապա՝ «ղարաբաղցիները միանշանակ դեմ են դրան», որովհետեւ, նրանց համոզմամբ, 10-15 տարի հետո ազերի ընտրողներն այնքան կլինեն Արցախում, որ նրանց շնորհիվ Ղարաբաղը վերջնականապես կդառնա ադրբեջանական:

«Սիրելի հայրենակիցներ, արցախյան պատերազմում մենք հաղթել ենք, որովհետեւ դուք եւ Սփյուռքը եղել եք մեր թիկունքում, բազմաթիվ ձեր զավակներ մեզ հետ կյանքի ու արյան գնով պաշտպանել են հայկական այս հողը: Այսօր երեւանյան որոշ «գործիչներ» Արցախն ու արցախցիներին նույնացնելով հայաստանյան որոշ բարձրաստիճան անձանց հետ, իրենց ատելությունն ուղղելով այն ամենի դեմ, ինչ ղարաբաղյան է, փորձում են սեպ խրել հայ ժողովրդի երկու հատվածների միջեւ»,- ասված է նամակում, ուր հավելված է նաեւ, թե՝ «Ղարաբաղյան հակամարտության լուծման միակ բանալին բանակցություններում արցախյան կողմի մասնակցության մեջ է: Եթե ԼՂՀ-ն, որպես երկու հիմնական հակամարտող կողմերից մեկը, մասնակցի այդ բանակցություններին, ապա Ադրբեջանն այլեւս չի կարող շահարկել «տարածքային ամբողջականության» սկզբունքը»:

«Հայրենակիցներ, ահա թե ինչու այսօր առավել շատ մենք զգում ենք ձեր բարոյական աջակցությունը: Ղարաբաղի հաղթանակը ոչ միայն ղարաբաղցիներիս, այլեւ ողջ հայ ժողովրդի հաղթանակն է: Հիշենք Արցախի հերոս Ավոյի՝ Մոնթե Մելքոնյանի խոսքերը. «Եթե կորցնենք Արցախը, ապա կշրջենք մեր պատմության վերջին էջը…»,- եզրափակված է նամակում:

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել