Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԻ՛ ՏՎԵՔ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ

Փետրվար 24,2006 00:00

Առաջարկում
է Հայաստանի նախագահի խորհրդական Բագրատ Եսայանը Հակակոռուպցիոն միջոցառումների
իրականացման մոնիտորինգի հանձնաժողովին կից կա աշխատանքային խումբ, որը զբաղվում
է տեղեկատվության ազատության, ԶԼՄ-ների մասին օրենքների խախտումներով, ինչպես նաեւ
«Քրեական օրենսգրքի» այն հոդվածներով, որոնք վերաբերում են լրագրողների իրավունքների
խախտման դեպքերին. «Աշխատանքային խումբը զբաղվում է նման խախտումների ուսումնասիրությամբ
ու համապատասխան գերատեսչություններից պարզաբանումների ստացմամբ»,- ասաց Մոնիտորինգի
հանձնաժողովի ղեկավար Բագրատ Եսայանը: 2005-ի ընթացքում տարբեր կազմակերպությունների
կողմից համանման խախտումների վերաբերյալ խմբին ներկայացվել է 3 դեպք: Առաջինը «Հայլուրի»
թղթակից Տաթեւիկ Նալբանդյանի նկատմամբ իրականացված բռնությունն է: Հանձնախումբը դատախազությունից
այս կապակցությամբ ստացել էր պատասխան, թե գործն ուղարկվել է դատարան: «Որոշեցինք
հետագայում ուսումնասիրել նաեւ այս հարցի վերաբերյալ դատարանի որոշումը՝ պարզելու
համար, թե խնդիրը հասե՞լ է տրամաբանական ավարտին, թե՞ ոչ»,- ասաց պրն Եսայանը: Ուշագրավ
է երկրորդ գործի՝ «Առավոտի» թղթակից Նաիրա Մամիկոնյանի մասնագիտական գործունեությունը
խոչընդոտելու փորձի շուրջ ոստիկանության պարզաբանումը՝ հայտնել են, թե անցկացվել
է ծառայողական քննություն: Մեր հարցին, թե որեւէ ոստիկան ենթարկվե՞լ է գոնե կարգապահական
տույժի՝ Բագրատ Եսայանը պատասխանեց. «Ո՛չ, քանի որ պարզաբանման համաձայն՝ դեպքը տեղի
է ունեցել դեկտեմբերի սկզբին, երբ Նոր Հաճընում նախապատրաստվում էին տեղական ինքնակառավարման
մարմինների ընտրություններին, եւ տեղի է ունեցել տեղամասերից մեկի հարեւանությամբ:
Քանի որ Նոր Հաճընում բավական լարված իրավիճակ էր՝ ոստիկանության աշխատակիցները տեսնելով,
որ լուսանկարահանում է կատարվում՝ ուղղակի փորձել էին հասկանալ, թե ով է դա անում:
Եվ երբ պարզել էին, որ լրագրողներ են՝ 5-10 րոպե հետո նրանցից ներողություն էին խնդրել
ու բաց թողել»: Հանձնաժողովի ղեկավարը խոստացավ, թե այս պարզաբանումն ուղարկելու
են նաեւ Նաիրա Մամիկոնյանին: Վերջինս այս պարզաբանումն այսպես գնահատեց. «Սկզբից
մինչեւ վերջ սո՛ւտ է»: Երրորդ դեպքը վերաբերում է «Տեղեկատվության ազատության
մասին» օրենքի խախտմանը, երբ Արարատի մարզպետը «Տեղեկատվության ազատության կենտրոն»
կազմակերպությանը չէր տրամադրել որոշ տվյալներ իր ընդունած որոշումների մասին՝ պատճառաբանելով,
թե հարցումը նման է վերահսկողության: Կենտրոնն այս պատասխանը վիճարկել էր դատարանում:
«Սակայն մինչդատական վարույթում մարզպետարանն արդեն իսկ տեղեկատվությունը գրեթե ամբողջությամբ՝
բացառությամբ 2 որոշումների, տրամադրեց կազմակերպությանը: Այդ երկու որոշումներն
էլ, ըստ մարզպետարանի պարզաբանումների՝ պարունակում են որոշակի տեղեկություններ,
որոնք չի կարելի հրապարակել ըստ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի»: Հիշեցնենք,
որ նման տեղեկությունների շարքին են դասվում մասնավորապես ծառայողական ու առեւտրային
գաղտնիքներին եւ մարդու անձնական կյանքին վերաբերող տվյալները: Քննարկվել
է նաեւ տեղեկություններ չտրամադրելու համար պատասխանատվության խնդիր: «Տեղեկատվության
ազատության մասին» օրենքով նախատեսվում է պատասխանատվություն այն անձանց նկատմամբ,
ովքեր հրաժարվում են տրամադրել տեղեկություն կամ տալիս են ոչ հավաստի տվյալներ: Եվ
«Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 189.7 հոդվածի համաձայն՝ նախատեսվում
է պատասխանատվություն պաշտոնատար այն անձանց նկատմամբ, ովքեր օրենքին համապատասխան
ձեւակերպված պահանջի դեպքում չեն տրամադրում տեղեկատվություն՝ առաջին անգամ՝ նվազագույն
աշխատավարձի 50-ապատիկի չափով, իսկ կրկնվելու դեպքում՝ մինչեւ 100-ապատիկ: Բագրատ
Եսայանն ուշադրության հրավիրեց. «Այս կետը դեռեւս ոչ մի կազմակերպության կողմից պատշաճ
ձեւով չի հետապնդվել: Մինչ այժմ եղել են դատարանի որոշումներ, որոնց համապատասխան
գերատեսչությունները տրամադրել են իրենց որոշումները: Սակայն այդ ԶԼՄ-ներից կամ քաղաքացիներից
եւ ոչ մեկը, ովքեր չեն ստացել համապատասխան տեղեկատվություն՝ վարչական վարույթ հարուցելու
հայցով չի դիմել դատարան: Մինչդեռ այդպիսի գործընթաց նախատեսվում է, եւ սա տվյալ
պաշտոնյայի անձնական պատասխանատվությունն է՝ գերատեսչությունը չի ենթարկվում պատասխանատվության:
Եվ ես կոչ եմ անում բոլոր կազմակերպություններին՝ պատասխանատվության կանչել պետական
պաշտոնյաներին, եթե չտրամադրեն պահանջված տվյալները»: Ենթադրելի հակափաստարկի
առնչությամբ, թե դատարաններին ապավինելը միայն ժամանակի անտեղի վատնում է՝ պրն Եսայանը
հիշատակեց հետեւյալ օրինակը. «Հետաքննող լրագրողների ընկերակցության հայցն 1-ին ատյանի
դատարանում մերժվեց, սակայն հետագա բոլոր ատյաններում նրանք ստացան դրական դատավճիռ:
Եվ ընկերակցությանն այսօր տրամադրված են Երեւանի քաղաքապետի որոշումները: Կարծես
թե դատարանները հասկացել են, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը պիտի կատարվի
աներկբայորեն: Կայացված որոշումները դա են ապացուցում»: Երեւանի մամուլի ակումբի
նախագահ Բորիս Նավասարդյանը պաշտոնյաներին պատասխանատվության կանչելու կոչի առնչությամբ
ասաց. «Միգուցե կարելի է փորձել, բայց ինձ թվում է՝ իրավական բավական դժվարություններ
կարող են ունենալ այն լրագրողներն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները,
որոնք կփորձեն պատասխանատվության ենթարկել համապատասխան պաշտոնյային: Քանի որ՝ ըստ
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի, նախատեսվում է, թե տվյալ գերատեսչության
կամ նախարարության ղեկավարը կա՛մ ինքն է պատասխանատու տեղեկատվություն ներկայացնելու
համար, կա՛մ իր կողմից լիազորված անձը: Սակայն այդ դրույթի իրականացումը, ինչքան
հասկանում եմ, բավական արգելքների է հանդիպում, քանի որ դեռ ընդունված չէ կառավարության
որոշում այս օրենքի կիրառման մասին: Ինչքան գիտեմ, տեղեկություններ ներկայացնելու
այդ գործառույթը շատ դեպքերում դրված չէ ոչ մի կոնկրետ անձի վրա: Եվ գտնել հենց այն
պաշտոնյային, որն անպայման պարտավոր էր օրենքի համաձայն տրամադրել տեղեկություններ՝
շատ դժվար կլինի, եւ համապատասխանաբար՝ կոնկրետ անձին դատական պատասխանատվության
ենթարկելը եւս կհանդիպի խոչընդոտների»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել