Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ-Ի ԿՈՇՏ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ Է

Փետրվար 24,2006 00:00

Այս
կարծիքին է ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանը Ինչպես ակնկալվում էր, ե՛ւ Հայաստանում,
ե՛ւ Ղարաբաղում քաղաքական, զինվորական շրջանակները, նաեւ հասարակությունները ակտիվորեն
քննարկում են ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի՝ օրերս արած այն հայտարարությունը, թե
ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններն առանց Ղարաբաղի մասնակցության արդյունավետ
չեն, իսկ Ղարաբաղի մասնակցության միակ ձեւը Ադրբեջանի հետ բանակցություններից Հայաստանի
հրաժարվելն է: Ա. Ղուկասյանը նաեւ չէր բացառել, որ եթե Ադրբեջանը շարունակի որեւէ
զիջման չգնալ, ԼՂ ղեկավարությունը կարող է արդեն Ղարաբաղի անկախությունը Հայաստանի
կողմից ճանաչելու հարց դնել: «Ես ուզում եմ ողջունել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի՝
վաղուց սպասված դիրքորոշումը»,- երեկ հայտարարեց ԱԺ «Արդարություն» խմբակցության
պատգամավոր, ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանը: Նրա գնահատմամբ, «ԼՂՀ ղեկավարն, իրոք,
պետք է հե՛նց այսպես արտահայտվեր, որովհետեւ բանակցային պրոցեսը, եթե դա կարելի է
բանակցային անվանել, կսկսվի միայն այն պահից, երբ այնտեղ ներկայացված լինեն ԼՂ ներկայացուցիչները,
երբ նրանց մասնակցությամբ ձեւավորվեն հարցի կարգավորման աշխատանքային խմբեր»: ՀԴԿ
նախագահը Ա. Ղուկասյանի հայտարարությունից գոհ էր նաեւ այն պատճառով, որ նա բարձրաձայնել
էր, ըստ էության, այն երկու սկզբունքների մասին, որոնք օրերս ԳԱԱ-ում հրավիրված կլոր
սեղանի քննարկումների ժամանակ ու տարիներ շարունակ պնդել էր «Ի պաշտպանություն Լեռնային
Ղարաբաղի կազմկոմիտեն» իր ընդունած բանաձեւում: Այն է՝ Հայաստանը պետք է հրաժարվի
բանակցություններ վարելուց՝ մինչեւ վերականգնվի Բուդապեշտի գագաթաժողովի նախանշած
ձեւաչափը (ըստ այդմ, ԼՂ-ն ճանաչվել էր բանակցությունների կողմ- Ն. Մ.), երկրորդ՝
ՀՀ-ն պարտավոր է ճանաչել ԼՂՀ օրինական եւ իրավական ձեւավորումը՝ որպես ինքնուրույն
եւ Ադրբեջանից անկախ միավոր: ԼՂՀ նախագահի՝ արդեն հայտնի հայտարարությունները
Հայաստանում ոմանք գնահատում են որպես ԼՂ եւ ՀՀ իշխանությունների փոխհամաձայնության
արգասիք: Դրա պատճառաբանությունները տարբեր են՝ խնդրի կարգավորման մանրամասների շուրջ
բանակցությունների ձեւաչափը տեղափոխել ԼՂ պահանջով վերանայելու շուրջ բանակցությունների
հարթություն՝ ինչ-որ ժամանակ եւս ձգձգելով հիմնախնդրի «մոտալուտ» լուծումը: ՀԴԿ
նախագահը, սակայն, բացառեց սրա հնարավորությունը: «Ճանաչելով երկու կողմերին (ՀՀ
եւ ԼՂ իշխանություններին- Ն. Մ.), տեղյակ լինելով, թե ինչպիսի տրամադրություններ
են տիրում ԼՂ-ում հասարակության եւ ղեկավարների շրջանում՝ կարող եմ միանշանակ ասել,
որ սա պայմանավորված քայլ չէ: Սա ինքնուրույն քայլ է, որի դրդապատճառների մասին կարող
եմ ենթադրել: Բանն այն է, որ վերջին տարիների ընթացքում արդեն քանի անգամ Ա. Ղուկասյանն
ակնարկում էր, որ առանց ԼՂ-ի բանակցությունները որեւէ արդյունքի հասնել չեն կարող:
Ակնարկելով դրա մասին՝ նա նաեւ ակնկալում էր, որ Հայաստանը անպայման կպնդի բանակցություններին
ԼՂ մասնակցության հարցը կամ կհրաժարվի առանց ԼՂ-ի բանակցելուց: Այդ ակնարկները Հայաստանում
չընկալվեցին»,- պնդեց Ա. Սարգսյանը: Նրա խոսքերով, միաժամանակ ԼՂ ղեկավարության համար
պարզ դարձավ նաեւ, որ Քի Ուեսթից սկսած մինչեւ Ռամբույեում տեղի ունեցած «բանակցություններում»
հակամարտող կողմերին առաջարկված ոչ հայանպաստ տարբերակները չեն ընդունվել բացառապես
Ադրբեջանի ղեկավարության կողմից, որոնք մշտապես պահանջել են հարցը լուծել միմիայն
Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, մինչդեռ ՀՀ իշխանությունները
այդ առաջարկներին սկզբունքորեն դեմ չեն եղել: «Գնահատելով այդ իրավիճակը՝ ԼՂ իշխանությունները
շատ կոշտ դիրքորոշում ընդունեցին՝ հասկանալով, որ հակառակ դեպքում կարգավորման սկզբունքները
համաձայնեցվելու են առանց իրենց՝ ԼՂ-ի մասնակցության: Վ. Օսկանյանն ասում է՝ երբ
մենք սկզբունքների շուրջ համաձայնության գանք, նոր ԼՂ-ին բանակցություններին մասնակից
կդարձնենք: Հարց՝ եթե դուք եք սկզբունքները համաձայնեցնելու, էլ ինչի՞ մասին է բանակցելու
ԼՂ-ն»,- հռետորական հարցադրում արեց կուսակցության նախագահը: Նրա համոզմամբ, ԼՂ եւ
ՀՀ իշխանությունների միջեւ ծայր առած հակասությունները լուրջ են, խորը եւ սկզբունքային:
Այսպիսի հակասությունները ժամանակին՝ 1998թ.-ին, ՀՀ առաջին նախագահ Լեւոն
Տեր-Պետրոսյանի հրաժարականի ու իշխանափոխության պատճառ դարձան: Հնարավո՞ր է, որ նույն
սցենարը զարգացում ստանա նաեւ այսօր: Ա. Սարգսյանի ասելով՝ միանգամայն հնարավոր է.
«ԼՂ հիմնահարցն այն խնդիրն է, որը կարող է հասարակության համար պատճառ դառնալ այս
իշխանություններին սրբել-տանելու համար: Ես գտնում եմ, որ ԼՂ ղեկավարության այսպիսի
դիրքորոշումը, այո, կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, ինչպիսին եղավ 98-ի փետրվարին:
Այս իմաստով բացառված չէ, որ քաղաքական այն ուժերը, որոնք իրենց հայտարարում են ազգային
հիմնախնդիրներ հետապնդողներ, պետք է միավորվեն այս խնդրի շուրջ: Կոնկրետ դեպքում
կոալիցիայի առնվազն երկու կուսակցություններ ուղղակի պարտավոր են հստակ ներկայացնել
իրենց դիրքորոշումն այս հարցում: Նույնը կանի ընդդիմությունը: Եթե ոչ, ապա նորից
ջրբաժան կլինի, ինչը կարող է հանգեցնել նաեւ ներքաղաքական այնպիսի հակամարտության,
որի հանգուցալուծումը կլինի այնպիսին, ինչպիսին եղավ 1998-ին»: ՆԱԻՐԱ
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել