Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՓԱՌՈՒՆԱԿ ԱՎԱՐՏ

Փետրվար 23,2006 00:00

ԱՆՓԱՌՈՒՆԱԿ ԱՎԱՐՏ Մարզական մեկնաբաններ Սլավա Սարգսյանն ու Կարեն Գիլոյանը Թուրինում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերից հաղորդում են Երեկ Խաղերում դահուկորդները ելան օլիմպիական նախավերջին մեկնարկ: Մրցատարածությունը 1500 մետր էր: Ութսուն մասնակիցներից եզրափակիչի ուղեգիր պիտի ստանային երեսունը: Հասկանալի է, որ մենք գերհրաշքի չէինք հավատում ու գիտեինք, որ մեկնարկային 74-րդ համար ունեցող Հովհաննես Սարգսյանը եւ Էդմոնդ Խաչատրյանը (75-րդ) որակավորման փուլը չէին հաղթահարելու: Սակայն մտածում էինք, որ գոնե վերջինը չէին լինի: Սակայն հենց մեկնարկում պարզ դարձավ, որ այդ հույսերն էլ զուր են: Հովհաննեսն ու Սարգիսը թիմային արագավազքում եզրագիծ չհասան, իսկ երեկ արագավազքում եզրափակեցին մասնակիցների ցուցակը՝ համապատասխանաբար ցույց տալով 2.47,68 (79-րդ արդյունք) եւ 2.49,98 (80-րդ): Այստեղ բոլոր մեկնաբանություններն ավելորդ են: Մրցման ավարտին դահուկավազքի հանրապետության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանն ասաց, որ պետք է վերանայել մարզումների, ուսումնամարզական հավաքների ձեւը, պարբերականությունը, մեթոդները: Այս պահին դրանք, փաստորեն, արդյունավետ չեն: Մեր դահուկորդները պարտվում են անգամ նրանց, ում մեկ տարի առաջ հաղթել են մեծ առավելությամբ՝ Թուրքիայի, Մոլդովայի, անգամ՝ Հնդկաստանի պատվիրակներին: Հ. Գ. Հայ դահուկորդներ, գյումրեցիներ Հովհաննես Սարգսյանի եւ Էդմոնդ Խաչատրյանի մրցելույթները Թուրինում, իրոք, անփառունակ ավարտվեցին: Տպավորությունն այնպիսին է, որ օլիմպիական խաղերը նրանց համար ընդամենը Իտալիայի պես երկիր տեսնելու հազվադեպ առիթ էր, որը ձեռքից բաց թողնելն առնվազն միամտություն կլիներ: Պատվախնդրության, մարզական սկզբունքայնության ու չարության ոչ մի դրսեւորում հայ մարզասերները նրանց մեջ չտեսան: Ամոթ էր: Բայց, կարծում ենք, գլխավոր մեղավորը, այնուամենայնիվ, մարզիչներինն է: Այնպես որ, տունդարձից հետո ՀԱՕԿ-ն ու մարզաձեւի ֆեդերացիան պետք է ամենայն լրջությամբ քննարկեն դահուկային սպորտում տիրող իրավիճակը ու ամենախիստ հետեւություններն անեն: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել