Լրահոս
Օրվա լրահոսը

«Նկարներ

Փետրվար 23,2006 00:00

«Նկարներ նվիրելը սկզբունքի հարց է» Նկարիչ Բորիս Մատինյանը որոշել է հիմա էլ նկարներ նվիրել ռուսներին Նա հուսով է, որ առաջիկայում կկարողանա «Ռուսաստանում Հայաստանի օրերի» միջոցառումների շարքում արվեստի իր արտահայտչամիջոցներով զարմացնել նաեւ օտարախոսներին: Նամակները ՌԴ ղեկավարներին ուղղված՝ չեն մնացել անպատասխան՝ խոստացել են քննարկել: Եվ մինչ Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետը հայ արվեստագետին հյուրընկալելու իր պատրաստակամությունը կդարձնի իրականություն, զրուցակիցս շարունակում է ստեղծագործել ու նկարներ նվիրել, ինչպես ինքն է ասում, աղքատներին, ոչ գեղեցիկներին, բայց կենսադաշտի գեղեցկությամբ օժտված մարդկանց: Նվիրում է շարքային քաղաքացիներին, դեսպաններին, նաեւ բազմաթիվ այլ մասնագիտության ու զբաղմունքի տեր մարդկանց, ու հաճույք ստանում: «Դա սկզբունքային մոտեցում է»,- ասում է նա: Բայց այդ ամենը սկսվեց այսպես: «Մարդու էությունը քնած է: Տարիների ընթացքում, երբ մարդը կյանքի լավ ու վատ կողմերին է առնչվում, նրա ենթագիտակցության մեջ բազմաթիվ մտքեր են ձեւավորվում եւ երբ ասելիքը հասունանում է, դետոնացիայի ուժով մարդը ինքնադրսեւորման պոռթկում է ունենում»,- այսպես է բացատրում 50 տարեկանում ստեղծագործելու իր ունակությունը բացահայտած Բորիս Մատինյանը: Թերեւս ժամանակի կորստի մտահոգությունն ու ասելիքի առատությունն են նրան ստիպել կարճ ժամանակահատվածում (ութ տարում) ստեղծել հազարավոր աբստրակտ ոճի նկարներ եւ կիրառական արվեստի գործեր: Դրանցում ավելի շատ տագնապը, թախիծն ու աղոտ հույսն են նշմարելի, որոնք առավել տեսանելի են նրա «Տիտանիկի» կործանումը», «Կուրսկի» կործանումը» կտավներում, «Տիեզերք, կրակ» եւ նույնիսկ «Ծաղիկներ» շարքերում: Բ. Մատինյանը նախընտրած թեմաների մեջ առանձնացնում է հատկապես ծովի հետ կապված մտորումները: «Երբ ծովն ալեկոծվում է, կարծես զրուցում է քեզ հետ»,- ասում է Մատինյանը: Սիրում է աշխատել հիմնականում ապակու, փայտի, կերամիկայի վրա եւ ձգտում է, որ դրանք հատկապես հին ու խորհրդավոր լինեն: Բ. Մատինյանի ստեղծագործություններում գերիշխում են մռայլ գույները. դրանք հավանաբար արտացոլում են մեր իրականությունը: Չնայած դրան, զրուցակիցս չի դադարում հույսի ու լույսի գաղափարը վառ պահել հանրապետության մանկատներում, ծերանոցներում, դպրոցներում, մանկապարտեզներում, մշակութային օջախներում ու զորամասերում, մետրոյում, որոնցում քանիցս հանդես է եկել ցուցահանդեսներով: Իր հեղինակած գործերից մոտ 400-ը Բ. Մատինյանը նվիրել է այդ կազմակերպություններին: Նրա 42 անհատական ցուցահանդեսներն արժանացել են գնահատանքի, բազմաթիվ պատվոգրերի ու շնորհակալագրերի: Այդուհանդերձ, զրուցակիցս չթաքցրեց իր հիասթափությունը Կենտրոն համայնքի մի քանի դպրոցների տնօրենների վերաբերմունքից: «Նրանց կարծես մշակույթն ընդհանրապես չի հետաքրքրում: Այնպիսի տպավորություն է, որ այդ կրթօջախները ստեղծվել են հատուկ կաշառակերության համար: Նույնիսկ օտար աչքից չեն զգաստանում»: Այդ տպավորությունն է ստացել Բ. Մատինյանը, երբ իր անվճար ցուցահանդեսը կազմակերպելու առաջարկով այցելել է Կենտրոնի դպրոցներ: Փոխարենը նա շատ ավելի լավ տպավորություններ է ստացել մայրաքաղաքի ծայրամասային համայնքների դպրոցների տնօրենների եւ որոշ գյուղապետերի մակարդակից: Նրանք չեն զրկել իրենց համայնքի ու դպրոցի երեխաներին գեղագիտական դաստիարակության հնարավորությունից: ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել