Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅ

Փետրվար 23,2006 00:00

«ՀԱՅ ԵՄ ԵՍ, ՀԱՅ ԵՍ ԴՈՒ» Արամ Ասատրյանի գործերը խառն են «Առավոտը» տեղեկացրել էր, որ ռաբիս, այսինքն՝ ֆոլք-պոպ երգիչ Արամ Ասատրյանը ներկայումս ԱՄՆ-ում խնդիրներ ունի: Մեր տեղեկություններով, նա այդ երկրում զբաղվում էր Հայաստանից արտագաղթածների համար փաստաթղթեր ու վիզաներ «դասավորելով»: Սակայն պարզվում է, ոչ բոլորին է հաջողվել ձեռք բերել բաղձալի փաստաթուղթը՝ նույնիսկ մեծ գումար վճարելու գնով: Արդյունքում քաշքշուկներ, անգամ տեղի հայկական հեռուստաալիքներով մերկացնող փաստերի հրապարակում եւ այլն: Ասում են, նույնիսկ հեռուստաեթերով հաղորդվում են իրավաբանների հեռախոսահամարներ, որոնցով Արամ Ասատրյանի «գործունեությունից» տուժածները կարող են կապվել վերջիններիս հետ: Նաեւ ցուցադրվում են կադրեր, թե ինչպես է ՀՀ մշակույթի էքս-նախարարներից մեկը «քցող» երգչին հանդիսավորությամբ հայ գուսանի հավաստագիր հանձնում: Նախօրեին, ըստ մեր աղբյուրի, Արամ Ասատրյանը որդու հետ վերադարձել է Հայաստան՝ հայկական համայնքի ճնշումներից եւ հնարավոր «սամասուդից» խուսափելու համար: Երեկ խմբագրություն եկած մի տիկին, որի անունը իր խնդրանքով չենք հրապարակում, հայտարարեց, որ իր բարեկամները եւս տուժել են Արամ Ասատրյանից: «Արամ Ասատրյանը օտար ափերում զբաղված է իր հայրենակիցներին, անմեղ մարդկանց «քցելով»: Նա ԱՄՆ-ում կապված է ոստիկանության հետ: Օրինակ, անցյալ տարվա հունվարի 31-ի գիշերը, ինքը կարող է հաստատել այս փաստը, «Ռոս» խանութի եւ «Ռեւո» սրճարանի մոտ նման գործարք է կատարել, այսինքն ոստիկանների ձեռքն է տվել անմեղ մարդկանց: Ասածս կարող եմ իր հետ առերես խոսելիս էլ կրկնել եւ տալ այդ մարդկանց անունները: Արամ Ասատրյանն ու իր որդի Սեդրակը, որ 2004-ից ՀՀ-ում հետախուզման մեջ է, զբաղվում են նման գործարքներով: Արամը ոչ միայն փող է վերցնում վիզա դասավորելու համար, այլեւ մարդկանց ոստիկանության ձեռքն է տալիս: Նա, կապված լինելով ոստիկանների հետ, այդ ձեւով փող է աշխատում: Իմ բարեկամներին էլ նրա մատնությամբ տարել են, 2-3 օր պահելուց ու հսկայական գումար վճարելուց հետո ազատ արձակել»,- ասաց տիկինը: Նա խոստացավ նաեւ ի հաստատումն իր ասածների՝ համապատասխան տեսաերիզ տրամադրել խմբագրությանը, որ օրերս կուղարկեն ԱՄՆ-ից: Ցավոք, Արամ Ասատրյանի հետ կապվել չհաջողվեց պարզաբանումներ ստանալու համար, որովհետեւ Էջմիածնի նրա հեռախոսահամարն անջատված էր: Խմբագրությունը պատրաստ է տպագրել նաեւ երգչի պատասխանը: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել