Լրահոս
Օրվա լրահոսը

«Սելավին» չդատակոչեցին

Փետրվար 23,2006 00:00

«Սելավին» չդատակոչեցին Վերաքննիչի 3-րդ դահլիճը երեկ բազմազբաղ էր Երեկ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 3-րդ դահլիճում ընթանում էին դատավորներ Տիգրան Սահակյանի, Աստղիկ Խառատյանի եւ Արմեն Թումանյանի մասնակցությամբ տարաբնույթ քաղաքացիական գործերի ունկնդրումներ: Նկատելի էր, որ քննությանը մասնակցում էին հատկապես մարզերից եկած բողոքաբերները, մասնավորապես՝ Շիրակի, Կոտայքի: Երեկ քիչ էր մնում մի հողագործի բողոքի քննության ժամանակ դատակոչեին «սելավին», չնայած այդ գործով պատասխանող էր ճանաչվել Արարատի ոսկու գործարանի Մեղրաձորի մասնաճյուղը, որն, ըստ հողագործի, իր սեփական հողակտորի վրա հանքաքարեր էր լցրել, պահակակետ դրել, այդպիսով «ղրաղի» ճանապարհի փոխարեն օգտագործելով «հողամիջի» ճանապարհը: «Խնդրում եմ, ախպեր, թե որ շառ եմ անում՝ ասեք շառ եմ անում, թե չէ՝ թողեն ինձ արդար բերք ստանամ»: Հետաքրքիր կարգավիճակով իր ներկայացուցչին էր ուղարկել Մեղրաձորի գյուղապետը՝ խորհրդականին, որը, հարկ եղած դեպքում, ասում էր, թե երեք ամիս է՝ ինչ աշխատում է եւ որ մեղավորը սելավն է: «Ի՞նչ սելավ,- հարցնում էր հողագործը,- էդ սելավը ամեն տարի էլ լինում է»,- տրտնջում էր հողագործը: Շիրակի մարզից դատարանում էին գտնվում թե մարզպետի ներկայացուցիչը՝ Կարապետ Տիրատուրյանը, թե Գյումրիի քաղաքապետի երկու ներկայացուցիչը՝ Արա Սարգսյանն ու Անուշավան Պապիկյանը, եւ թե Նարինե Մկրտչյանի ներկայացուցիչը՝ Արտուշ Գրիգորյանը: Վերջինս նաեւ Սախարովի հիմնադրամի իրավապաշտպանն է: Երկրաշարժից անօթեւան մնացած Մկրտչյանների ընտանիքը երկու տարի առաջ ստացել է բնակարան՝ աղետի գոտու բնակավայրերում՝ քաղաքացիների բնակարանների արտահերթ հատկացման կարգով: Սակայն Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցված Մազմանյան 115ա շենքի թիվ 7 բնակարանի սեփականատերերը Մկրտչյաններն իրենց 2 երեխաների հետ չդարձան: Նարինե Մկրտչյանի ամուսինը այդ ընթացքում մահացել է եւ նույնպես չի կարողացել իրենց հատկացված բնակարանն անգամ տեսնել: Այդ բնակարանում բնակվում է Գեւորգյանների ընտանիքը: Նրանք այդպես էլ դուրս չեն եկել բնակարանից, անգամ դատարան էին դիմել՝ չապրած սեփականատերերին վտարելու պահանջով: Իսկ երեկ հարկ չէին համարել նույնիսկ ներկայանալ դատարան: Նույնպիսի հակընդդեմ հայցով դատարան էր դիմել Նարինե Մկրտչյանը՝ իր բնակարանում ապօրինի ապրող Գեւորգյաններին վտարելու պահանջով: Ըստ Մկրտչյանի ներկայացուցիչ Արտուշ Գրիգորյանի՝ «Կեղծ տեղեկանքների ներկայացմամբ… նրանք դիմել են քաղաքապետարան, ուր Գեւորգյաններին հատկացվել էր վիճելի՝ երրորդ բնակարանը»: Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը անվավեր էր ճանաչել քաղաքապետարանի 1021 որոշումը եւ Գեւորգյաններին վտարել Մազմանյան 115ա շենքի թիվ 7 բնակարանից, «տեղավորելով Գեւորգյաններին համասեփականության իրավունքով պատկանող Գյումրիի Հակոբյան 52 տանը»: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել