Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԱ-Ն

Փետրվար 23,2006 00:00

ԳԱԱ-Ն ԿԱՏԱԿԼԻԶՄԻ ԶՈ՞Հ Արհմիությունը պահանջում է միայն կառավարությունից. վճարեք, շենքերը մի վերցրեք, մնացած ամեն ինչ լավ է: ԳԱԱ միացյալ արհմիության նախագահ Կիմա Միքայելյանը երեկ մեզ հետ զրույցում դժգոհություն հայտնեց՝ վերջին շրջանում ԳԱԱ-ի շուրջ մամուլի բարձրացրած աղմուկի եւ մասնավորապես արհմիությանը «կպնելու» առնչությամբ: Մեր թերթն այդ կապակցությամբ կարծիք էր հայտնել, թե արհմիություններն այսօր անկախ կառույցներ չեն եւ գիտնականների խնդիրներով ու ճակատագրով չեն հետաքրքրվում: Իսկ այս կարծիքի համար հիմք էին հանդիսացել ակադեմիկոս Անրի Ներսիսյանի բազմաթիվ նամակները, որոնք վերաբերում էին ԳԱԱ նախագահության կողմից արվող չարաշահումներին, ինչպես նաեւ նախատեսվող բարեփոխումների առնչությամբ արհմիության անտարբերությանը: Այս նամակներին կրթության եւ գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Ռաֆիկ Նալբանդյանը (որի ենթակայության տակ է հենց միացյալ արհմիությունը) պատասխանել էր, թե գործող օրենսդրության համաձայն, արհմիությունները ԳԱԱ կառուցվածքային փոփոխություններին չեն առնչվում: Կիմա Միքայելյանը հստակեցնում է, որ «արհմիությունների խնդիրն է՝ պաշտպանել աշխատողների սոցիալական եւ իրավական խնդիրները, որովհետեւ հիմա ամենից շատ անպաշտպան են մտավորականները, որոնք ապրում են ահավոր ծանր պայմաններում, որոնք չեն օգտվում ոչ մի բարիքից, եւ արհմիությունները պարտավոր են օգնել՝ մի կերպ թեթեւացնելու նրանց հոգսերը, որ աշխատողներին չնեղացնեն, մասսայական կրճատումների տակ չընկնեն, այնպես չլինի, որ 2100 գիտաշխատողներից մնա 1000-ը: Ինստիտուտներում երբեմն տնօրենների հետ կոնֆլիկտներ են լինում, գնում ենք, հարթեցնում այդ խնդիրները»: Տիկին Միքայելյանն ավելացրեց նաեւ, որ կոռուպցիոն դեպքերի ուսումնասիրություններով արհմիությունները չեն էլ կարող հետաքրքրվել, դա իրենց գործը չէ եւ այդ հարցերում կոմպետենտ չեն: Իսկ արդյոք այդ դեպքերը անմիջական կապ չունե՞ն հենց սոցիալական խնդիրների հետ, որոնք կոչված են պաշտպանել այս արհմիությունները: Երբ հնչում են մեղադրանքներ, թե նախագահությունում գումարներ են փոշիացվում, ապա դա ակադեմիայի գիտնականների գրպանին ու սոցիալական վիճակին չե՞ն առնչվում: «Թե որ գումարը ոնց պետք է ծախսվի, կառավարությունն է որոշում: Եվ միայն կառավարությունը կարող է ասել՝ այսքանը պետք է գնա աշխատավարձերին,- ասում է Կ. Միքայելյանը:- Կառավարությունը մեզնից սոցապգումարները վերցրել է: Նախկինում այդ գումարով ուղեգրեր էինք գնում, կառուցում մանկապարտեզներ, գիտնականներին օգնում էինք ֆինանսապես: Դրանից հիմա իշխանությունները մեզ զրկել են եւ իրենք են տնօրինում այդ գումարները: Ամեն տարի նախագահությունը կես միլիոն է հատկացնում, որի դիմաց շուրջ 30 ընտանիքի տարեկան անվճար ուղարկում ենք Աղվերան: Առողջապահության նախարարի հետ պայմանագիր ունենք եւ անվճար վիրահատության ենք ուղարկում մեր աշխատողներին: Անցյալ տարի 11 ծանր վիրահատություն ենք կազմակերպել՝ կրծքագեղձի, ողնաշարի, կանացի հիվանդությունների եւ այլն»: Ի հակադրություն Ռ. Նալբանդյանի հայտնած կարծիքի, տիկին Միքայելյանը մեզ հայտնեց, որ ԳԱԱ կառուցվածքային փոփոխություններով անհանգստացած են, մշտապես արհմիությունների հետ քննարկումներ են կազմակերպել եւ վերջին ժողովի արդյունքում պատրաստվում են կառավարություն ուղարկել մի փաստաթուղթ՝ պահանջելով մասնավորապես հետեւյալը. «Բարեփոխումների ծրագիրը պետք է բխի մեր շահերից, որ մարդիկ գործազուրկ չդառնան, մեր տարածքները չվերցնեն՝ ուրիշ նպատակների համար օգտագործելու: Դա կատակլիզմ է՝ այն, ինչ իր ճանապարհից մաքրում-տանում է: (Խոսքը ՄԱԿ-ի առաջարկած բարեփոխումների տարբերակի մասին է- Հ. Բ.): Մենք առաջարկում ենք, որ մեզ վճարեն, բարեփոխումները լինեն այնպես, որ պահպանվի գիտությունն այնպես, ինչպես կա՝ իր հիմնական ուղղություններով»: Կ. Միքայելյանի կարծիքով, ինստիտուտների միավորումից շատ բաներ կկորցնենք: Բացի այդ, կառավարությունից պահանջվում է նաեւ բարձրացնել աշխատավարձերը: Կ. Միքայելյանին լուրեր են հասել, որ արդեն ԳԱԱ ինստիտուտների շենքերի վրա աչք են դրել. «Պահանջում ենք չօտարել տարածքները՝ մինչեւ չընդունվի որեւէ որոշում: Իսկ ծրագիրն էլ պետք է ընդունվի ԳԱԱ կոլեկտիվի հանրաքվեով»: Կ. Միքայելյանը համաձայն է, որ, օրինակ, ակադեմիկոս Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը, որ կառուցվել է 700 հոգու համար, այսօր մեկ քառորդով է զբաղեցված, սակայն կարծում է, որ ինստիտուտներն իրենք կարող են տնօրինել այդ տարածքները: Օրինակ, նշյալ ինստիտուտը պատրաստում է պրեպարատներ, որոնք ճանապարհ չունեն, եւ ըստ Կ. Միքայելյանի, ինստիտուտի ներսում կարելի է փոքր գործարան աշխատեցնել՝ կանաչ ճանապարհ տալով այդ պրեպարատներին: Մեր հարցին, թե այդ դեպքում ինչու թույլ տվեցին, որ Վեհարան կառուցելու նպատակով օտարվի Լեզվի եւ տնտեսագիտության ինստիտուտների շենքը, Կ. Միքայելյանը պատասխանեց. «Թույլ չենք տվել, դուրս ենք եկել փողոց, անձամբ մասնակցել եմ, բայց միշտ չէ, որ դա օգուտ է տալիս: Եթե այնքան հեշտ է հանել Լեզվի ինստիտուտը, բա ինչո՞ւ չեն հանել մինչեւ հիմա: Այդքան հեշտ է՞ դա: Երկու տարի է անցել՝ այն իր տեղում է»: Այս թեմայի մասին կարդացեք նաեւ մեր վաղվա համարում: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել