Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմության

Փետրվար 23,2006 00:00

Ընդդիմության լռությունն արդարացված չէ Գտնում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը Երեկ «Հանրապետություն» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Վերջին շրջանի Հայաստանի ներքաղաքական զարգացումները եւ օր օրի բարդացող արտաքին մարտահրավերները իրենց վրա կրում են քոչարյանական վարչախմբի կողմից տեւականորեն իրականացվող, ժամանակի պահանջներն ու չափանիշները ոտնահարող, հատվածապաշտ ու շահամոլ քաղաքականության անխուսափելի կնիքը»: Կուսակցությունը նաեւ շեշտել է, որ «իր իշխանավարման ողջ ընթացքում շահարկելով ԼՂ հիմնահարցը եւ «ձեռքերի ազատություն» ստանալով երկրի ներսում՝ վարչախումբը խաղասեղանին է դրել եւ տանուլ է տվել Հայաստանի միջազգային վարկն ու հեղինակությունը, նրա տարածաշրջանային նշանակությունը, Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության միջազգային ընկալումը, ծնել է ոչնչով չարդարացված ծանր կախվածություններ, քաղաքական եւ տնտեսական մեկուսացման սպառնալիքներ: Վարչախումբն անխնա վատնել է Հայաստանի ժողովրդավարացման եւ ներքին համախմբման տարածաշրջանում ամենաբարձր մեկնարկային հնարավորությունը», ու հայտարարել, որ «Հանրապետությունը» զորակցում է ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների խաղաղարար միջնորդական ջանքերին: Խնդրի ամբողջական կարգավորումը տեսնում է տարածաշրջանային համագործակցության, անվտանգության միասնական համակարգի ձեւավորման համատեքստում: Անթույլատրելի է համարում բանակցություններում քննարկվող տարբերակի գաղտնիության եւ խորհրդավորության քողի տակ հասարակության մոլորեցումը, թշնամանքի եւ ազգայնամոլության մթնոլորտի խտացումը»: Երեկ անդրադառնալով ընդդիմության լռության պատճառների մասին մեր դիտարկմանը՝ Ռամբույեի բանակցությունները իշխանափոխության համար, ըստ ընդդիմության, անհրաժեշտ արդյունքներ չեն տվել, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը նկատեց. «Նախ, ընդդիմությունը շատ բազմաշերտ է: Բայց իսկապես որոշ շրջանակներում Ռամբույեից առաջ կար ակտիվություն, ինչը, ցավոք, չի նկատվում Ռամբույեից հետո: Սա կոնկրետ Արամ Սարգսյանին քիչ է վերաբերում, որովհետեւ նա արդեն գնահատականներ տվել է այդ հանդիպմանը: Բայց պետք է նաեւ հասկանալ, որ այդ հանդիպումը նախ՝ մեր հասարակությունը պետք է գնահատի, առանց սպասելու, որ միջազգային հանրության կողմից ճնշումներ լինեն իշխանությունների վրա, որովհետեւ ԼՂ հիմնախնդրի լուծումը, արժանապատիվ խաղաղության հաստատումը առաջին հերթին պետք են մեր հասարակությանը եւ ոչ թե միջազգային կազմակերպություններին: Ընդդիմության պասիվությունն անհասկանալի է, որովհետեւ հարցը վերաբերում է մեր երկրի համար թիվ մեկ խնդրին, որի լուծմամբ է պայմանավորված Հայաստանի դիրքը ինչպես միջազգային հարաբերություններում, այնպես էլ Հայաստանի անկախության վերաիմաստավորումը, ներքին բարեփոխումների իրականացումը»: «Ժառանգություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Վարդան Խաչատրյանի դիտարկմամբ էլ, կոնկրետ այս կուսակցության լռությունը պայմանավորված է նրանով, որ տակավին հայտնի չեն այն կետերը, որոնց մասին խոսվում ու որոնց շուրջ բանակցում են կողմերը: «Կարծում ենք, որ այդ առաջարկները կառուցվածքային տեսքի կգան միայն Վաշինգթոնում սպասվող հանդիպումից հետո»,- ասաց կուսակցության ներկայացուցիչը: Նա նաեւ խոստովանեց, որ ընդդիմությունը սկզբունքորեն դեմ չէ ԼՂ հարցը իշխանափոխություն անելու համատեքստում օգտագործելուն, «բայց այն դեպքում, եթե պարզվի, որ դրանք դեմ են մեր պետական ու ազգային շահերին: Մեզ համար կարեւորն այն է, որ կորուստներ չունենանք, մեզ համար առաջնայինը հայ ժողովրդի, մեր պետական շահն է: Մենք կողմ ենք օգտագործել այդ հարցը, եթե դա վտանգի ՀՀ շահերը, բայց դա իշխանափոխության համար պատրվակ չի լինի»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել