Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ն

Փետրվար 23,2006 00:00

ՀՅԴ-Ն ԻՐ ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԸ ՊԻՆԴ Է ՊԱՀՈՒՄ Ըստ Արմեն Ռուստամյանի՝ որոշ ուժերի համագործակցությունից իրենք տվայտանքների գիրկը չեն ընկնում – Մեր թերթին տված հարցազրույցում իր անձնական կարծիքը արտահայտելով՝ համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը չէր բացառել, որ ՀՀԿ-ն եւ «Բարգավաճ Հայաստանը» կհամագործակցեն առաջիկա ընտրություններում: Սակայն, եթե իրոք սա տեղի ունենա, ապա լուրջ վտանգներ կպարունակի իշխանական մյուս ուժերի համար, այդ թվում նաեւ՝ ՀՅԴ-ի, քանի որ ձայները այս ուժերը հենց իրարից պետք է փախցնեն: Այսինքն՝ ամպեր են կուտակվում հենց իշխանական ուժերի գլխին: – Որպես կատակ չեմ ասում, իսկապես, Դաշնակցությունը նման ամպեր շատ է տեսել եւ մեր գլխով շատ ամպեր են անցել, բայց մենք միշտ կանք անսասան: Եթե մեր ծրագրերը կարճ ժամկետների համար պետք է որոշենք, այո, կարող ենք ամեն մի իրադարձությունից ցնցվել եւ ընկնել զանազան տվայտանքների մեջ: Բայց մենք նման խնդիր չունենք, մեր ծրագրերը հեռանկարային են, եւ մենք հույսներս դրել ենք մեզ վրա: Միշտ էլ այդպես է եղել: Մեր ընտրազանգվածը կարող է թվալ՝ դանդաղ, բայց, այնուամենայնիվ, աճում է, եւ դա կայուն աճ է: Սա նշանակում է, որ այդ ընտրազանգվածը իսկապես մերն է: Մեր էլեկտորատը ընկալում է մեզ այնպես, ինչպես կանք, եւ դրա համար է մեզ ձայն տվել: Ուստի մենք ջղաձիգ շարժումների մեջ չենք հայտնվում, երբ նոր կուսակցություններ են ծնվում: Իսկ նորերի ծնունդը ես համարում եմ բնական, որովհետեւ բնական էր ենթադրել, որ երբ համամասնական ցանկը որոշակի աճ արձանագրեց նախկինի հետ համեմատած, շատերը, որոնք բիզնեսի տրամաբանություն ունեն, կարողացան շատ ճիշտ հաշվարկել եւ ճիշտ հաշվարկելով հասկացան, որ ինչո՞ւ պետք է մինչեւ հիմա, ունենալով հնարավորություն, մեկ ընտրողին ասել՝ երկու տեղ ձայնդ տուր, այսինքն՝ մեկը ինձ տուր, մյուսը՝ չգիտես ում: Այդ դեպքում՝ տրամաբանական է, որ այժմ ասեն՝ մեկը ինձ տուր, մյուսը իմ ուզած ցանկին: Ես դա շատ նորմալ եմ համարում: Այս դեպքում թե ջանքը, թե ծախսերը երկու էֆեկտ են տալու: Ինչ վերաբերում է ՀՀԿ-«Բարգավաճ Հայաստան» հնարավոր համագործակցությանը, ես դա անսպասելի չեմ համարում: – Իսկ նորերն այս դեպքում կոնկրետ ո՞ր քաղաքական ուժի դաշտից են ձայներ տանելու: – Երբ խոսում են ձայներ տանելու մասին, անմիջապես երեւում է ամբողջ տրամաբանությունը: Կարելի է տանել այն, ինչ հնարավոր է տանել, եւ եթե ինչ-որ բան հնարավոր է տանել, հաստատ տանող կլինի: Կարծում եմ, բոլոր նրանք, ովքեր մինչեւ հիմա չեն կարողացել իրենց էլեկտորատը պինդ պահել, պիտի իմանան, որ միշտ տանողներ կգտնվեն: Իսկ այդ դաշտում շատ կան մարդիկ, ովքեր անցած ընտրությունների ժամանակ, չունենալով սեփական ցուցակը, օգնել են այս կամ այն ցանկին: Եվ հիմա պետք է այդ ցանկերը որոշեն եւ այդ ձեր նշած ձայները կպակասեն այն ցանկերից, որոնց հենց այդ մարդիկ են աջակցել: Սա շատ պարզ է, եւ կարծում եմ այստեղ շատ մեծ թվաբանության կարիք չկա: Հիշեք, թե 2003-ի ընտրությունների ժամանակ ում են օգնել այսօր կուսակցություններ ստեղծած անձինք, ո՞ր ցանկին են ձայները տվել, հետեւաբար նրանք էլ պետք է խնդիր ունենան: – Իսկ ինչո՞վ եք բացատրում, որ իշխանության ներսում գտնվող, իշխանությանը մերձ ուժերն են այսօր զբաղված նոր կուսակցությունների ստեղծմամբ, վերադասավորումների մասին խոսակցություններով եւ գործողություններով: Ի՞նչը չեն կիսել, որ ուզում են հիմա դա անել: – Եթե մի կողմ դնենք այն, որ ընտրազանգվածի վրա կարող են ազդել ֆինանսական լծակները կամ այլ ռեսուրսներ, մեր՝ ընդհանուր առմամբ չձեւավորված քաղաքական դաշտը չձեւավորվածություն է առաջացնում նաեւ ընտրազանգվածի մոտ: Այսօր ընտրազանգվածի մի փոքր մասն է կողմնորոշված ըստ որոշակի գաղափարախոսության: Հիմնական զանգվածը ոչ միայն կողմնորոշված չէ, այլեւ հիասթափված է: Այս դաշտը պարարտ հող է, եւ սեփական ընտրազանգված չունեցողները այդտեղ կարող են փնտրել իրենց ընտրազանգվածը: Եվ սա ընդդիմության կամ դիմության հետ կապված չէ, որովհետեւ այս ուժերի ընտրազանգվածները մի կողմ դնելուց հետո էլ մնում է մի շատ մեծ զանգված, որը դեռ կողմնորոշում չունի: Բնական եմ համարում, որ այդ թափուր տեղը վերցնելու ցանկություն շատերի մոտ կարող է առաջանալ: – Եվ այս իրավիճակում հնարավո՞ր է, որ այսօր իշխանության դաշտում գործողներն անցնեն ընդդիմադիր դաշտ: – Այդպես հեշտ կլինի նաեւ ընդդիմադիր դաշտից որոշ քաղաքական գործիչների անցումը հակառակ դաշտ: Որովհետեւ պետք է մի քիչ հեշտացնել նաեւ այդ մարդկանց կյանքը: Իրենք հո կենսագրություն ունեն եւ հիմա պետք է այնպես անեն, որ կարողանան այդ կենսագրությունը համատեղել իրենց այդ քայլի հետ: Եվ նոր ստեղծվող կուսակցությունները, որոնց ետեւում կանգնած են այս ամենը հասկացող մարդիկ, հեշտացնում են նրանց ընտրությունը: Որովհետեւ նոր մարդիկ ստեղծելը շատ դժվար է: Քաղաքական գործիչները հենց այնպես ոտի վրա չեն ստեղծվում, քաղաքական գործիչները ձեւավորվում են տարիների ընթացքում, եւ դա շատ դժվար բան է, չնայած այսօր շատերին թվում է, որ եթե մեկ-երկու «ինտերվյու» տվեցին, ուրեմն դարձան քաղաքական գործիչ: Քաղաքական գործիչ լինել նշանակում է այս երկրի քաղաքական կյանքի մեջ լուրջ մասնակցություն ունենալ, իր բոլոր անցած էտապներով, եւ այդպիսիք շատ քիչ են: Դրա համար էլ կգնա մրցակցություն՝ այդ մարդկանց իրենցով անելու համար: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել