Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՎԱԽԵՑԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ

Փետրվար 23,2006 00:00

ՎԱԽԵՑԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ Ովքեր եւ ինչպիսի պատճառաբանություններով իշխանության ճնշման տակ հրաժարվել են օգնել Բուզանդի փողոցի վտարված քաղաքացիներին: Ոչ ոք չէր էլ կասկածում, որ մեր որոշ պատգամավորներ այնքան են վախենում սեփական ականջների համար, որ պատրաստ են անցնել նույնիսկ սեփական արժանապատվության վրայով, միայն թե իրենց «շեֆերին» չջղայնացնեն: Քանի որ հաստատ գիտեն՝ հաշվեհարդարը դաժան է լինելու եւ արժենալու է, ասենք, հաջորդ ընտրությունների մեկ պատգամավորական մանդատ: Ըստ մեր տեղեկությունների, վարչապետը բառացիորեն հրահանգել է՝ գնալ ՍԴ եւ ետ վերցնել Բուզանդի փողոցի եւ Կենտրոնի սեփականատերերի ոտնահարված իրավունքների օրինականությունը ստուգելու նպատակով «Արդարություն» խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքի ձեւաթղթի ստորագրությունները, եթե ուզում են նաեւ հաջորդ խորհրդարանում պատգամավոր լինել: Մենք արդեն գրել ենք, որ Սահմանադրական դատարան դիմած 32 պատգամավորից վեցը երեկվա դրությամբ իր ստորագրությունը ետ է վերցրել եւ նրանց վախկոտության պատճառով Բուզանդի փողոցի եւ Կենտրոնի բնակիչները այս պահին զրկված են իրենց գույքի օտարման սահմանադրական իրավունքը պարզելու հնարավորությունից: Հետաքրքիր է, որ իրենց ստորագրությունները ետ են վերցրել բացառապես մեծամասնականով ընտրված պատգամավորները, նրանք, ովքեր ընտրությունների ժամանակ տետատետ են հանդիպում ընտրողների հետ, նրանց ոսկե սարեր են խոստանում եւ խորհրդարան մտնելուն պես մոռանում են ընտրողի մասին: Մենք բազմիցս գրել ենք նրանց անունները, սակայն կարծում ենք, կրկին հիշատակելն ավելորդ չի լինի, մանավանդ՝ մեր ձեռքի տակ են նրանց նամակները՝ ուղղված ՍԴ-ին, որով պատճառաբանում են, թե ինչո՞ւ են ետ վերցրել իրենց ստորագրությունները: Կարդալով այդ «նամակները», պարզապես ուզում ես հասկանալ՝ ինչո՞վ եւ ինչպե՞ս է վախեցրել վարչապետը այդ պատգամավորներին: Եվ այսպես, վախեցած թիվ 1. Ռաֆիկ Պետրոսյան -թիվ 3 ընտրատարածք, վախեցած թիվ 2. Վահրամ Բաղդասարյան -թիվ 37 ընտրատարածք, վախեցած թիվ 3. Վլադիմիր Բադալյան- թիվ 16 ընտրատարածք, վախեցած թիվ 4. Լյովա Խաչատրյան- թիվ 20 ընտրատարածք, վախեցած թիվ 5. Ռաֆիկ Գրիգորյան -թիվ 31 ընտրատարածք, վախեցած թիվ 6. Արծրունի Ղալումյան -թիվ 55 ընտրատարածք: Հիմա անդրադառնանք նամակներին: Ամենից ստանդարտը այն նամակներն են, որոնց հեղինակները փորձում են արդարանալ, թե չեն իմացել ինչի տակ են ստորագրում: Սակայն նրանք, ովքեր գոնե մեկ անգամ տեսել են ստորագրությունների հավաքման որեւէ ձեւաթուղթ, կարող են վկայել, որ դրա վերեւում գրվում է այն նպատակը, որի համար կազմակերպվում է ստորագրահավաքը: Այնպես որ, «խաբելու» վարկածը տապալվում է: Ոմանք էլ պատճառաբանել են, թե ստորագրության վաղեմության ժամկետն է անցել, նման բան չկա, եւ եթե սկզբունքային ես, ուրեմն դա վաղեմության ժամկետ չունի: Եվ ամենազվարճալին, նաեւ տխուրը 66-ամյա պատգամավորի՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ, իրավագիտության դոկտոր-պրոֆեսոր Ռաֆիկ Պետրոսյանի խոստովանություն-նամակն է՝ ուղղված ՍԴ նախագահին. «Հարգելի պարոն Հարությունյան, անցյալ տարի ամռանը (ամիս-ամսաթիվը ճիշտ չեմ հիշում) Վահրամ Բաղդասարյանի քարտուղարուհին ինձ մոտ բերեց մի թուղթ, որի վրա կային մի քանի ստորագրություններ, այդ թվում՝ Վահրամ Բաղդասարյանինը: Նա ասաց, որ Բաղդասարյանը շտապ մեկնել է Վանաձոր եւ խնդրել է ստորագրել այդ թուղթը, որի վրա հետագայում կձեւակերպվի գրություն: Ես, վստահելով Վահրամ Բաղդասարյանի ստորագրությանը, ստորագրել եմ այդ թղթի տակ, բայց թե հետագայում ինչ է ձեւակերպվել դրանում, չեմ կարող ասել: Այժմ պարզվել է, որ այդ թուղթը սահմանադրական փոփոխություններից հետո հայտնվել է ՍԴ-ում, այսինքն՝ իմ ստորագրությունը պահվել է մինչեւ սահմանադրական փոփոխությունների ընդունումը եւ ուժը կորցնելուց հետո նոր միայն գործի է դրվել: Հայտարարում եմ, որ ես ոչ այն ժամանակ եւ ոչ էլ հիմա մտադրություն չեմ ունեցել (եւ չունեմ) դիմելու ՍԴ ու հրաժարվում եմ այդտեղ եղած գործին մասնակցություն ունելուց»: Մեջբերումը բառացի է եւ մեկնաբանությունների կարիք կարծես թե չկա: Բոլոր նամակները խմբագրությունում են: Տեսնես այս պատգամավորներին մթնոլորտային օդը ի՞նչ ուժով է ճնշում, գիշերները հանգի՞ստ են քնում: Իսկ վարչապետը իր նախազգուշացումից գո՞հ է եւ հրահանգը կատարվա՞ծ է համարում: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728