Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Նկարներ նվիրելը սկզբունքի հարց է»

Փետրվար 23,2006 00:00

Նկարիչ
Բորիս Մատինյանը որոշել է հիմա էլ նկարներ նվիրել ռուսներին Նա հուսով է,
որ առաջիկայում կկարողանա «Ռուսաստանում Հայաստանի օրերի» միջոցառումների շարքում
արվեստի իր արտահայտչամիջոցներով զարմացնել նաեւ օտարախոսներին: Նամակները ՌԴ ղեկավարներին
ուղղված՝ չեն մնացել անպատասխան՝ խոստացել են քննարկել: Եվ մինչ Սանկտ Պետերբուրգի
փոխնահանգապետը հայ արվեստագետին հյուրընկալելու իր պատրաստակամությունը կդարձնի
իրականություն, զրուցակիցս շարունակում է ստեղծագործել ու նկարներ նվիրել, ինչպես
ինքն է ասում, աղքատներին, ոչ գեղեցիկներին, բայց կենսադաշտի գեղեցկությամբ օժտված
մարդկանց: Նվիրում է շարքային քաղաքացիներին, դեսպաններին, նաեւ բազմաթիվ այլ մասնագիտության
ու զբաղմունքի տեր մարդկանց, ու հաճույք ստանում: «Դա սկզբունքային մոտեցում է»,-
ասում է նա: Բայց այդ ամենը սկսվեց այսպես: «Մարդու էությունը քնած է: Տարիների ընթացքում,
երբ մարդը կյանքի լավ ու վատ կողմերին է առնչվում, նրա ենթագիտակցության մեջ բազմաթիվ
մտքեր են ձեւավորվում եւ երբ ասելիքը հասունանում է, դետոնացիայի ուժով մարդը ինքնադրսեւորման
պոռթկում է ունենում»,- այսպես է բացատրում 50 տարեկանում ստեղծագործելու իր ունակությունը
բացահայտած Բորիս Մատինյանը: Թերեւս ժամանակի կորստի մտահոգությունն ու ասելիքի առատությունն
են նրան ստիպել կարճ ժամանակահատվածում (ութ տարում) ստեղծել հազարավոր աբստրակտ
ոճի նկարներ եւ կիրառական արվեստի գործեր: Դրանցում ավելի շատ տագնապը, թախիծն ու
աղոտ հույսն են նշմարելի, որոնք առավել տեսանելի են նրա «Տիտանիկի» կործանումը»,
«Կուրսկի» կործանումը» կտավներում, «Տիեզերք, կրակ» եւ նույնիսկ «Ծաղիկներ» շարքերում:
Բ. Մատինյանը նախընտրած թեմաների մեջ առանձնացնում է հատկապես ծովի հետ կապված մտորումները:
«Երբ ծովն ալեկոծվում է, կարծես զրուցում է քեզ հետ»,- ասում է Մատինյանը: Սիրում
է աշխատել հիմնականում ապակու, փայտի, կերամիկայի վրա եւ ձգտում է, որ դրանք հատկապես
հին ու խորհրդավոր լինեն: Բ. Մատինյանի ստեղծագործություններում գերիշխում են մռայլ
գույները. դրանք հավանաբար արտացոլում են մեր իրականությունը: Չնայած դրան, զրուցակիցս
չի դադարում հույսի ու լույսի գաղափարը վառ պահել հանրապետության մանկատներում, ծերանոցներում,
դպրոցներում, մանկապարտեզներում, մշակութային օջախներում ու զորամասերում, մետրոյում,
որոնցում քանիցս հանդես է եկել ցուցահանդեսներով: Իր հեղինակած գործերից մոտ 400-ը
Բ. Մատինյանը նվիրել է այդ կազմակերպություններին: Նրա 42 անհատական ցուցահանդեսներն
արժանացել են գնահատանքի, բազմաթիվ պատվոգրերի ու շնորհակալագրերի: Այդուհանդերձ,
զրուցակիցս չթաքցրեց իր հիասթափությունը Կենտրոն համայնքի մի քանի դպրոցների տնօրենների
վերաբերմունքից: «Նրանց կարծես մշակույթն ընդհանրապես չի հետաքրքրում: Այնպիսի տպավորություն
է, որ այդ կրթօջախները ստեղծվել են հատուկ կաշառակերության համար: Նույնիսկ օտար
աչքից չեն զգաստանում»: Այդ տպավորությունն է ստացել Բ. Մատինյանը, երբ իր անվճար
ցուցահանդեսը կազմակերպելու առաջարկով այցելել է Կենտրոնի դպրոցներ: Փոխարենը նա
շատ ավելի լավ տպավորություններ է ստացել մայրաքաղաքի ծայրամասային համայնքների դպրոցների
տնօրենների եւ որոշ գյուղապետերի մակարդակից: Նրանք չեն զրկել իրենց համայնքի ու
դպրոցի երեխաներին գեղագիտական դաստիարակության հնարավորությունից: ԷԼՄԻՐԱ
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728