Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երկու Արմենները՝ պետական խորհրդանիշերի մասին

Փետրվար 22,2006 00:00

Երկու Արմենները՝ պետական խորհրդանիշերի մասին Արմեն Աշոտյանը խորհուրդ է տալիս «չթաքնվել Արամ Խաչատրյանի հետեւում», Արմեն Ավետիսյանը առաջարկում է օրհներգի իր տարբերակը: 2005թ. դեկտեմբերին ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է մեկ տարվա ընթացքում ընդունել օրենք Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշերի մասին (օրհներգ, դրոշ, զինանշան): Այս առիթով երեկ «Հայելի» ակումբում ԱԺ պատգամավոր, բժիշկ Արմեն Աշոտյանը եւ Հայ արիների միության նախագահ, մասնագիտությամբ իրավագետ Արմեն Ավետիսյանը հրավիրել էին մամուլի ասուլիս: Հայաստանի խորհրդանիշերից դժգոհ երկու բանախոսների համոզմամբ՝ «Պետական խորհրդանիշերի նկատմամբ մշակույթ չկա»: Նկատենք, որ ասուլիս հրավիրողները թեեւ կարեւորում են մասնագետների խոսքն ու կարծիքը, բայց, չգիտես ինչու, առաջ են ընկել մասնագետներից: «Առավոտի» հետաքրքրությունը, թե պետական խորհրդանիշերի հարցում ի՞նչ խոսքուզրույցներ են ընթանում ԱԺ-ում, այդպես էլ պարոն Աշոտյանի կողմից մնաց անպատասխան: Բանախոսներին հիշեցրինք, որ ժամանակին հայրենիք տեղափոխված սփյուռքահայ կոմպոզիտոր ու դիրիժոր Լորիս Ճգնավորյանի «պատվին» ընդունված օրհներգը առայսօր վրդովեցնում է մեր անվանի արվեստագետներին, այդ թվում՝ կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանին, Ալեքսանդր Հարությունյանին եւ այլոց: Օրհներգի առիթով մեզ տված հարցազրույցում ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանը հասարակության բոլոր խավերին մատչելի ձեւով ժամանակին նշել էր. «Ցանկացած քաղաքակիրթ երկրի օրհներգի երաժշտությունը պետք է վեր բարձրանա, ոչ թե՝ հակառակը: Իտալական այս պարզունակ երաժշտությունը (նկատի ունի այսօրվա օրհներգի մեղեդին) ոչ մի չափանիշով օրհներգ չէ»: «Առավոտի» էջերում, մասնագետների գնահատմամբ, «խայտառակ» որակվող մերօրյա օրհներգի առնչությամբ պարոն Աշոտյանը հարկ համարեց «կարգի հրավիրել» մեզ՝ նկատելով, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է հարգել իր երկրի օրհներգը: Իսկ Ա. Ավետիսյանը ներկայացրեց իր տեքստով եւ կոմպոզիտոր Պետրոս Զեյթունցու (Մարտիրոսյան) երաժշտությամբ հորինված օրհներգի տարբերակը: Կոմպոզիտորների միությունից հետաքրքրվեցինք՝ Պ. Զեյթունցի անվամբ կոմպոզիտոր ունե՞նք: Պատասխանը հետեւյալն էր. «Պետրոս Առաջինին ճանաչում ենք, իսկ Զեյթունցի-Մարտիրոսյանին՝ ոչ»: Ա. Աշոտյանի կարծիքով էլ, նոր օրհներգի լավագույն տարբերակը Արմեն Սմբատյանի եւ Վահան Անդրեասյանի «Հայաստան» երգն է: Նա չթերագնահատելով Արամ Խաչատրյանի Խորհրդային Հայաստանի հիմնի երաժշտությունը, այնուամենայնիվ, կարծում է. «Հարկ չկա անընդհատ թաքնվել Արամ Խաչատրյանի հետեւում»: Բանախոսներին եւ ընդհանրապես տեղեկացնենք, որ խորհրդային տարիներին Մոսկվայի կարգադրությամբ հայ կոմպոզիտորներից ոմանք օրհներգ են գրել նաեւ այլ պետությունների համար: Օրինակ, Ռոմեն Դավթյանը՝ Բենինի, Էդվարդ Խաղագործյանը՝ Զամբիայի, Կարեն Խաչատուրյանը՝ Զանզիբարի եւ Սոմալիի: Նոր զինանշանի ու դրոշի շուրջ ծագած խոսակցությունները կարճատեւ էին: Ա. Ավետիսյանի համոզմամբ, Հայաստանի դրոշը պետք է լինի միայն ծիրանագույն. «Իսկ զինանշանը, որպեսզի բանավեճի առիթ չլինի՝ կլոր կաղապարի մեջ՝ արեւ եւ արեւի մեջ՝ Հայկական լեռնաշխարհն իր աշխարհագրական նկարագրով: Իսկ հետեւի մասում էլ Մասիսը՝ հակառակ կողմից նկարված»: Ա. Աշոտյանն էլ նկատեց, որ այսօրվա մեր զինանշանը «քաղաքակրթված» է, ըստ որի, կարող ենք ֆիքսել մի բան, որ մենք ունեցել ենք ընդամենը 4 թագավորություն ու հրաժարվել Հայկական բարձրավանդակում գոյություն ունեցած մնացած թագավորություններից: Ամենահետաքրքրականը ասուլիսի վերջում երկու բանախոսների ընդհանուր եզրակացությունն էր. «Երկրի անվանումից սկսած պետք է խորամուխ լինել ու մեր երկիրը վերանվանել Արեւելյան Հայաստան»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել