Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ

Փետրվար 22,2006 00:00

ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ ԼՌՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԸ Մայր աթոռի նախկին միաբանի բաց նամակը Մայր աթոռ այսօր լուրջ ճգնաժամ է ապրում: Բազմաթիվ հիմնախնդիրներից մեկն է հոգեւորականներ պատրաստելու գործընթացը, որը եկեղեցու առաքելության իրականացման կարեւոր նախապայմաններից է: Տվյալ խնդրին առիթ եմ ունեցել անձամբ առնչվելու, երբ ոչ հեռավոր անցյալում Սեւանի Վազգենյան դպրանոցի տեսուչն էի եւ միաժամանակ Գեւորգյան ճեմարանում ընդհանուր եկեղեցու պատմություն էի դասավանդում: Չափազանց տխրում ես, երբ լսում ես, որ ճեմարանականներից ոմանք, երկար տարիներ սովորելուց հետո, չնչին կարգապահական խնդիրների պատճառով հեռացվում են: Վանական դպրոցները միշտ էլ խստապահանջ են եղել, սակայն, երբ վերին օղակների հետ անձնական խնդիրներ ունենալու պատճառով ավարտական լսարաններից հիանալի երիտասարդներ են հեռացվում, ցավ ես ապրում: Ակնհայտ է, որ նշված պարագաներում տվյալ ուսանողների հանդեպ վերեւներից եկող յուրահատուկ թշնամանք կա (երեւի թե սեփական մտածելակերպ ունենալու համար), իսկ հրապարակվող պրիմիտիվ մեղադրանքները միայն պատրվակներ են: Այլապես ինչո՞ւ արտաքսվող տղաները հետապնդվում են իրենց հետագա ողջ կյանքում: Ներկայիս կաթողիկոսի կեցվածքը նման հարցերում շատ հստակ է: Սակայն ոչ միայն ուսանողներն են հայտնվում նման դժբախտ իրավիճակում, այլ նաեւ հոգեւորականները: Նրանց նկատմամբ կիրառվում է վտարման գրեթե նույն մեթոդը՝ ավելի մշակված եղանակով, որը կոչվում է հայրապետական տնօրինությամբ կարգալույծ հռչակել: Հիշենք միայն Մաշտոց աբեղա Ժոռոյանի դեպքը: Գեւորգյան ճեմարանը գերազանց առաջադիմությամբ ավարտելուց հետո նա Գարեգին Առաջին կաթողիկոսի կողմից ուղարկվեց Վիեննա, որտեղ փայլուն գնահատականներով ավարտելով աստվածաբանության ֆակուլտետը՝ ստացավ մագիստրոսի աստիճան: Թե հայ, թե ավստրիացի ականատեսների վկայությամբ, իրենց կյանքում նման սրբակենցաղ հոգեւորական եւ ազնիվ անձնավորություն երբեւէ չեն տեսել: Այսօր նա մեր եկեղեցուց վտարված է, որովհետեւ ներկայիս կաթողիկոսի կողմից կարգալույծ է արվել անհնազանդության մեղադրանքով: Նույնատիպ դեպք կատարվեց ինձ հետ: Դու որոշակի պարտականություն ունես, ասենք՝ ասպիրանտ ես համալսարանում (Հ. Հարությունյանը սովորում է Գերմանիայի Մյունսթերի համալսարանում եւ մի քանի ամսից պիտի ստանա դոկտորի կոչում- խմբ.): Հանկարծ կաթողիկոսը հիշում է քո մասին եւ կարգադրում, որ թողնես ամեն բան, գաս եւ մեկ այլ պաշտոնի անցնես: Դու ասում ես, որ ուսմանդ ավարտին գրեթե բան չի մնացել եւ պատրաստակամությունդ ես հայտնում այն վերջացնելուց հետո գալ Մայր աթոռ եւ ստանձնել պաշտոնդ: Ներկայիս հայրապետի համար նման պատասխանն անընդունելի է, հավասարազոր անձնական վիրավորանքի: Գրածդ բոլոր բացատրական նամակներդ, անգամ պրոֆեսորներիդ միջամտությունն անօգուտ է: Անձնական վիրավորանքը վերածվում է բացահայտ թշնամության, եւ ապա մի գրություն ես ստանում Էջմիածնից, ուր մոտավորապես հետեւյալն է ասվում. «եթե հենց հիմա չեկար…»: Ընկնում ես երկընտրանքի մեջ. եթե գնամ, ապա կրթությունս ջուրն է ընկնելու եւ օտարների աչքին մեր եկեղեցու պատիվն է խայտառակվելու: Իսկ եթե չգնամ, կաթողիկոսը ինձ չի ների: Որոշում ես գնալ: Երբ հասնում ես Մայր աթոռ, արդեն շատ ուշ է, հայրապետը հայտնում է, որ քեզ այլեւս կյանքում չի ներելու: Մտածում ես՝ գոնե ուսումդ վերջացնել: Երբ վերստին տեղդ ես հասնում եւ փորձում ավարտաճառիդ վրա կենտրոնանալ, հանկարծ մամուլում հրապարակվում է՝ «հնազանդության ուխտի խախտման» պատճառաբանությամբ կարգալույծ հռչակվելուդ հայրապետական հաղորդագրությունը: Մեր բոլոր եկեղեցականներն էլ գիտեն այս ամենը: Յուրաքանչյուր եպիսկոպոս լսել է հայր Մաշտոցի անարդար պատժման, անհամար ճեմարանականների անհիմն հեռացումների եւ Երուսաղեմի ընծայարանում ծեծվող աշակերտների մասին, սակայն բոլորն էլ լռում են: Ոչ Եպիսկոպոսաց դասը, ոչ Գերագույն հոգեւոր խորհուրդը, ոչ էլ Միաբանական ժողովը չեն ուզում որեւէ միջամտություն կատարել, որովհետեւ մեծամասնությունը վախենում է, ոմանք էլ անտեղյակ են ձեւանում կամ վերածվում կամակատարների: Ես վստահ եմ, որ եթե այսպես շարունակվի, ապա պատմությունը դատապարտելու է ներկայիս հոգեւոր դասին, որովհետեւ ներկայիս կաթողիկոսը, դժբախտաբար, այլեւս չի գիտակցում, որ ինքը պարզապես շեղվել է ճշմարտությունից եւ հայ եկեղեցու անվան հետ է խաղում: Շատ եմ ցավում, որ մեր եկեղեցու ներքին խոհանոցին վերաբերող խնդիրները պարտադրված եմ այսօր հրապարակելու, սակայն եթե մենք իսկապես հավակնում ենք ազգային եկեղեցի կոչումին, ապա ազգը պետք է տեղյակ լինի, թե ինչ է կատարվում եկեղեցու ծոցում եւ ինչ ճակատագրի են արժանանում մեր ժողովրդի նվիրատվություններով կրթվող երիտասարդները: ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Մայր աթոռի նախկին միաբան Չփորձելով ազդել ընթերցողի կարծիքի վրա՝ այնուամենայնիվ նշենք, որ հոգեւորականի ծառայությունը, մեր տեսակետից, խստագույն կարգապահություն է պահանջում, այլապես իմաստ չունի: Պատրաստակամ ենք հրապարակել նաեւ Մայր աթոռի պարզաբանումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել