Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝

Փետրվար 22,2006 00:00

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱՎՏՈՎԹԱՐԻՑ ԱՌԱՋ 2005թ. հունիսի 17-ի լույս 18-ի գիշերը Աղվերանի «Միկա» պանսիոնատում վիճաբանության ժամանակ սպանվեց 27-ամյա Գեւորգ Մանուկյանը: Սակայն Չարենցավանի ոստիկանության քննչական բաժանմունքում 7 ամիս շարունակ նախաքննությունն իրականացվում էր «ավտովթարի գործ» անվան տակ: Ավտովթարը բարդվել էր հանգուցյալի վրա: «Ավտոմեքենան վթարի է ենթարկվել Գ. Մանուկյանի գործողությունների հետեւանքով»,- ասվում էր քննիչների արձանագրությունների մեջ, իսկ նախաքննության «միջոցառումներն» էլ հանգեցրել էին հետեւյալին. «Գեւորգ Մանուկյանը վարել է մեքենան» կամ «Գեւորգ Մանուկյանը տեղաշարժվելուց հետո աստիճանաբար արագացրել է մեքենայի ընթացքը… իրականացնելով ոչ պատշաճ երթեւեկություն, հաշվի չառնելով ճանապարհային պայմանների փոփոխությունը՝ ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի պատշաճ կառավարում իրականացնելու տեխնիկական հնարավորությունից»: Այս տարվա հունվարին կարճվեց «ավտովթարի» գործը՝ Գ. Մանուկյանի մահվան պատճառաբանությամբ: Տեղեկացնենք նաեւ, որ Արզական գյուղի մոտ շրջված «ՎԱԶ 21 21» մակնիշի 42 ՍԼ 337 պետհամարանիշի ավտոմեքենայի ուղեւորները՝ Գարիկ, Ասքանազ Մանուկյանները, Նարինե Սեւոյանը իր անչափահաս 2 աղջիկների՝ Սաթենիկի եւ Հեղուշի հետ այդ օրը վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Սակայն իր ցուցմունքներից մեկում մեքենայում եղած Սաթենիկը «խղճի թելադրանքով» խոստովանել էր. «Վիճաբանության ժամանակ տեսել եմ, թե ինչպես է Գարիկը ավտոմեքենայի միջից վերցրել մետաղյա խողովակը՝ խփել Գեւորգի գլխին, թե ինչպես է Գեւորգը կորցրել իր գիտակցությունը»: Իսկ երբ հարբած ընկերները տեսել են, որ մահամերձ է Գեւորգը, վերջինիս խցկել են ավտոմեքենան եւ Սաթենիկին այդ պահին թվացել է, որ «Գեւորգը ոնց որ մահացած է»: Ի դեպ, Մանուկյանի դատաբժշկական փորձաքննության վնասվածքների բաժնում արձանագրված է. «Գլխի ձախ, ճակատային շրջանում կիսալուսնաձեւ վերք: Նույնպիսի վերք կա նաեւ ձախից գագաթածոծրակային շրջանում: Ենթադրվում է, որ այդպիսի կիսալուսնաձեւ վերքերը կարող էին առաջանալ կլորիկ խողովակով հարվածելու հետեւանքով»: «Ավտովթարի գործով» նախաքննություն իրականացնողները դեպքի վայրում չեն էլ եղել, չեն լուսանկարել: Տեղազննություն կատարվել է միայն հանգստյան տան սենյակում՝ արձանագրվել է սենյակի դուռն ու պատը ջարդելու մասին (պաշտոնական վարկածը ընդունում է, որ մինչ ավտովթարն այնտեղ կռիվ է եղել): Իսկ, օրինակ, նույն պանսիոնատի բակում տեղազննություն չի կատարվել: Շնորհիվ մեր գործընկերոջ՝ Ռուզաննա Մանուկյանի, որը տուժողի քույրն է, պարզվել է, որ Գեւորգը սպանված է եղել մինչեւ ավտովթարը: Սպանության մասին լրագրողին ասել են եւ ձայնագրությամբ հաստատել են մեքենա նստած անչափահաս աղջիկները, որոնց, պարզվում է, այդ օրը մարմնավաճառության նպատակով «Միկա» պանսիոնատ էր իր հետ տարել իրենց մայրը՝ նրանցից յուրաքանչյուրի համար ստանալով 5000-10?000 դրամ (սա, հավանաբար, առանձին քրեական գործի նյութ պիտի դառնա): Անչափահասները դիմել էին գլխավոր դատախազություն, որ իրենց վրա ճնշումներ են կիրառում ոստիկանության քննիչները, սակայն ոչ միայն կորչում է նամակը, այլեւ անտեսվում անչափահասների հոր հայտարարությունը՝ քրեական գործ հարուցել Նարինե Սեւոյանի նկատմամբ: Գլխավոր դատախազին Սաթենիկը դիմում է. «Չարենցավանի միլիցիայում եւ դատախազությունում մեզ վախեցրել են… Քանի որ մեր մայրը խորտակել է մեր ճակատագիրը, ուստի խնդրում ենք նրան ենթարկել խիստ պատժի»: 2006թ. հունվարի 13-ին Կոտայքի մարզի դատախազությունում եղած ստին մի սուտ էլ ավելացնում է Ասքանազ Մանուկյանը. «Ես չեմ լսել, որ Գեւորգն ու Գարիկը միմյանց հայհոյեն վիճաբանության ընթացքում. ես տեսել եմ, որ Գարիկը ձեռքով ու ոտքով հարվածել է պատին ու դռանը (հանգստյան տան սենյակի- Ռ. Մ.), իսկ մեքենային չի խփել»: Անգամ չի պատկերացրել, որ կռիվը տեւել է կես ժամ. «Կռիվը տեւել է մեկ րոպե»: Գարիկ Մանուկյանն էլ նոր հանգամանքների ի հայտ գալուն պես իր ցուցմունքում գրում է. «Ես երբեք չէի հարվածի, մանավանդ երկաթով, եթե նույնիսկ ինքը ինձ հարվածեր: Նշեմ նաեւ, որ չեմ հիշում վթարը, քանի որ, ըստ երեւույթին, օղի եւ գարեջուր եմ խմել, վատ եմ ցգացել, որի հետեւանքով քնելս գալիս էր»: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել