Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՎ

Փետրվար 22,2006 00:00

ՈՎ ԾԱԽՍԻ՝ ՈՎ ՎՃԱՐԻ «Նոր Նորք» ուսավանի 4-րդ եւ 5-րդ մասնաշենքերի բնակիչները փետրվարի 8-ից կարող էին փողոցում հայտնվել, եթե չլիներ նրանց հետեւողական պայքարն իրենց իրավունքների համար: Մինչեւ 2000թ. հանրակացարանում բնակվում էին եւ ուսանողներ, եւ ընտանիքներ: Հետո, երբ հանրակացարանը դարձավ փակ բաժնետիրական ընկերություն, ուսանողներին տարհանեցին: Հանրակացարանի 6 մասնաշենքերից 1-ինը եւ 2-րդ-ը տրամադրվել է փախստականներին, 3-րդը՝ պաշտպանության նախարարությանը, 6-րդ մասնաշենքը, բնակիչների ասելով՝ վաճառել են պարսիկներին: Ի դեպ, այդ մասնաշենքը իր բարեկարգ տեսքով տարբերվում է մյուսներից: Հանրակացարանի 4-րդ եւ 5-րդ մասնաշենքերում էլ տեղավորվել է պայմանագրային հիմունքներով բնակվող շուրջ 400 ընտանիք: Կան մեկ կամ երկու սենյակներ զբաղեցնողներ, յուրաքանչյուր սենյակի ամսական բնակվարձը 3000 դրամ է: Մեր այցի ժամանակ բնակիչներից շատերը խոստովանեցին, որ ամիսներով բնակվարձ չեն վճարել: Բնակչուհի Նոնան, օրինակ, չի վճարում՝ մինչեւ շենքը չսեփականաշնորհվի: Շենքում ապրում են նաեւ սոցիալապես ծանր վիճակում գտնվող մարդիկ՝ հաշմանդամներ, պատերազմի մասնակիցներ, զոհվածների ընտանիքներ: Նրանք սենյակները ստացել են ԿԳ նախարարության միջնորդագրով: Բնակչուհի Լաուրա Ղազարյանն ասաց, որ շենքը «անտերության է մատնված», ջրի, հոսանքի ու աղբի համար վճարում են, իսկ սանիտարահիգիենիկ վիճակն անտանելի է: Փետրվարի 4-ին մուտքի դռանը հայտարարություն փակցվեց, որ 5-րդ մասնաշենքը աճուրդի է դրվել: Փետրվարի 8-ին աճուրդը պետք է կայանար, եթե բնակիչները բողոքով այն չկանգնեցնեին: Բանն այն է, որ հանրակացարանը էլեկտրաէներգիայի շուրջ 43 մլն դրամ պարտք ունի՝ կուտակած դեռեւս ուսանողների օրոք: Բնակիչները չեն հասկանում, թե ինչո՞ւ միայն իրենք պետք է մարեն հին պարտքը, չէ՞ որ հանրակացարանն ունի 6 մասնաշենք: Պետրոսյան Արմենուհին ասաց, որ երբ ընտանիքներ են հաստատվել այստեղ, բնակիչներից շատերը մարել են նախորդների հոսանքի պարտքերը, թեպետ կասկածում են, որ «տնօրենն այնքան միամիտ չէր, որ առանց վճարելու ուսանողներին բաց թողներ»: Նույն խնդիրը նաեւ ջրի մասով է՝ 2005-ի ամռանը ջրմուղից եկել են մարդիկ եւ ասել, որ բնակիչները իրենց հսկայական գումար են պարտք: Թագուհու կտրոնի վրա, օրինակ, 64800 դրամ պարտք կա, թեպետ աշնանից տեղադրված ջրաչափերի ցուցմունքով նա պարտաճանաչ վճարում է: Տասնյակ հազարների է հասնում նաեւ մյուսների վարձը: Այս առումով ՓԲԸ տնօրեն Արշավիր Կարապետյանը մեզ ոչինչ չասաց: Նա պարզաբանումներ տվեց հիմնականում աճուրդի վերաբերյալ. «Հանրակացարանում ապրողների մեծ մասը սեփականություն ստանալու ակնկալիքով է այստեղ հայտնվել: Մեծ թիվ են կազմում նաեւ սոցիալապես անապահովները, ովքեր այլ տեղ չունեն գնալու: Հանրակացարանը հսկայական գումար է պարտք էլեկտրացանցին, նա էլ՝ «Հայգազարդին», որն էլ դատարան է դիմել՝ պարտքը ստանալու համար: Դատարանն էլ ուղարկել է հարկադիր ակտերի կատարման: Հիմա կառավարությանը խնդրում ենք, որ միջնորդի «Հայգազարդին»՝ պարտքը մարելու ժամանակ տալ բնակիչներին: Հանրակացարանը պատկանում է կրթության եւ գիտության նախարարությանը, գույքը պետությանն է: Կառավարությունը պետք է մեզ վճարեր դոտացիաներ, բայց այն մենք չենք ստացել եւ, քանի որ կուտակված էլեկտրաէներգիայի վարձը չէին հարկադրել վճարել, մենք չէինք պարտադրում բնակիչներին»: Հանրակացարան կատարած մեր այցից մի քանի օր անց՝ երեկ, բնակիչները բողոքի ցույց էին կազմակերպել կառավարության շենքի մոտ, որը շարունակեցին նախագահի նստավայրում: Նրանք պահանջում էին իրենց նվիրաբերել զբաղեցրած տարածքները, որի դիմաց պատրաստ են 3-5 տարվա ընթացքում մարել կուտակված պարտքերը, իսկ մինչ այդ հարկադիրի կալանքից ազատել իրենց մասնաշենքերը, որպեսզի կարողանան տեղեկանքներ ստանալ: Բողոքավորներին ընդունել է կառավարության ֆինանսատնտեսական վարչության աշխատակից Արթուր Սողոմոնյանը եւ խոստացել՝ «կզբաղվենք ու արդեն զբաղվում ենք»: Ցուցարարները միաբերան պնդում էին, որ բոլորը պատրաստ են իրենց ընդառաջելու՝ խանգարողն իրենց տնօրենն է: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ ԴԻԱՆԱ ԹՈՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել