Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Չափավոր

Փետրվար 22,2006 00:00

«Չափավոր հայրենասիրության գետտոն» Այսպես է «Ռեգնում»-ում հրապարակված իր հոդվածում Իգոր Մուրադյանը բնութագրել ղարաբաղյան հարցի շուրջ Դաշնակցության դիրքորոշումը: Ներկայացնում ենք կրճատումներով: «Նախորդ 3 ամիսներին Հայաստանի կուսակցություններն ու քաղաքական առանձին գործիչներ՝ զգուշանալով հայտնվել աննպաստ դիրքում, հայրենասիրական դիրքորոշումներին եւ նահանջի միտումների համար իշխանությանը քննադատությանը նախընտրեցին «բերանները ջուր առնել» ու լռել: Ղարաբաղյան խնդրի նկատմամբ վերաբերմունքի այս վիճակը հանգեցրեց քաղաքական նոր իրավիճակի ստեղծման, քաղաքական դիրքորոշումների ամլացման, ինչի հետեւանքով ջնջվեց իշխանամետ եւ ընդդիմադիր ուժերի ու խմբավորումների միջեւ սահմանը… … Տվյալ խայտառակ իրավիճակի առնչությամբ կուսակցությունները չէին զգում որեւէ անհարմարություն, քանի որ ո՛չ ԶԼՄ-ները, ո՛չ այսպես կոչված քաղաքացիական հասարակությունն այդպես էլ չնախաձեռնեցին նույնիսկ սահմանափակ հասարակական քննարկում, որին այդքան անհուսորեն սպասում էին հանրությունն ու Ղարաբաղի հայությունը: Սակայն այս անհեթեթ վիճակում հատկապես խղճուկ տեսք ուներ ՀՅԴ-ն, որն արժանի է միայն ներողամտության: ՀՅԴ դիրքորոշումը ԼՂ հարցի շուրջ փրկեց միայն Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունը, որն ուրվագծեց փոխզիջման սահմանները, այսինքն՝ 5 շրջանների վերադարձը նոր իրողությունների ճանաչման փոխարեն: Սակայն սա նախագահի դիրքորոշումն է, այսինքն՝ առավելագույնս հնարավորի դիրքորոշումը, որն ինքնին բացարձակ անհիմն, չարդարացված ու անիրական է, քանի որ Ադրբեջանը չունի եւ ոչ մի իրավունք Դաշտային Ղարաբաղի հողերի նկատմամբ… Սակայն ի՞նչն է նշանակությունը մի կուսակցության, որը հռչակում է կորսված Հայրենիքի նկատմամբ հայ ժողովրդի իրավունքների վերականգնում՝ քաղաքական ներկա իրավիճակում, երբ նախագահի դիրքորոշումը չեն մերժում նույնիսկ ամենաարմատական կապիտուլյանտները, կեղծ-ազատականները եւ կեղծ պացիֆիստները: Կարծես ՀՅԴ վերջին ընդհանուր ժողովում նրա առաջնորդ Հրանտ Մարգարյանը ներկայացրեց կուսակցության դիրքորոշումը, թե նրա համար անընդունելի է Դաշտային Ղարաբաղի հանձնումը: Սակայն քիչ անց կուսակցության մեկ այլ առաջնորդ՝ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը խիստ որոշակի հայտարարեց, թե իբր տարածքների հանձնումն անհրաժեշտ է համարվում միջազգային հանրության կողմից, եւ սա խելամիտ կլիներ… Կուսակցությունը նվազագույնը պարզել է սեփական դիրքորոշումը: Սակայն ավելի ցավալի կլիներ այլ տարբերակը: Դիտարկելով տվյալ կուսակցության հակասական, անհոդաբաշխ, անորոշ հայտարարությունները՝ լիովին կարելի է ենթադրել, որ ՀՅԴ-ն չունի ո՛չ կոնկրետ որոշում, ո՛չ որոշակի դիրքորոշում: Կուսակցությունը լողում է հոսանքին տրված՝ պատանդ դառած Հայաստանի նախագահի եւ իշխող «կոալիցիայի» հետ միությանը: Կուսակցության դեմքն այսօր նույնիսկ ոչ թե Հրանտ Մարգարյանը կամ Վահան Հովհաննիսյանն են, այլ Լեւոն Մկրտչյանն ու Արմեն Ռուստամյանը, որոնք վարժվել են «Արմանի» կոստյումներին… Կուսակցությունը վատ չի տեղավորվել՝ այն շարունակում է մնալ նախագահի թիմում՝ ՀՀԿ-ի եւ «Օրինաց երկրի» հետ միասին, որոնք նույնպես չարձագանքեցին «կարգավորման» ճակատագրական գործընթացին՝ քար կտրելով մոտալուտ հանգուցալուծումից… … Դաշնակցությունը հայկական հայրենական բուրժուական իրականություն մտավ՝ չպարզելով շատ կարեւոր հարցեր: Ի՞նչ է նշանակում պառլամենտարիզմ, ժողովրդավարություն, ազգային-ազատագրական պայքար, հայ ժողովրդի իրավունքների պաշտպանություն այն պայմաններում, երբ պղտոր ջրի մակերեսին են հայտնվում նոր արժեքներ ու վարվելակերպի նոր կանոններ… Այս ամենն առաջացնում է Սփյուռքի դաշնակցական կազմակերպությունների հակազդեցությունը, որոնք վերջին տարիներին փորձում են տանել ինքնուրույն քաղաքականություն, որն առանձնանում է հայրենասիրությամբ ու ինքնազոհողությամբ: Ողջ հայկական հասարակության մեջ ընթանում է ինտենսիվ վերակազմավորում ու ուժերի վերադասավորում: Փաստորեն, կատարվում է այն, ինչը քարոզում էր մոռացված նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, այսինքն՝ դաշնակցական 2 կուսակցությունների ստեղծում՝ Հայրենիքում եւ Սփյուռքում… Այսինքն՝ հայ ժողովուրդը ծնեց նոր կուսակցություն, որը միավորում է մարդկանց որոշակի տեսակ՝ չափավոր հայրենասերներին»: Թարգմանեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Հ. Գ. Երեկ ապարդյուն էին մեր փորձերը՝ նախկին դաշնակցականի այս դիտարկումների կապակցությամբ մեկնաբանություններ ստանալ հոդվածում նշված անձանցից մեկից: Հուսով ենք, որ առաջիկայում այսուհանդերձ կներկայացնենք ՀՅԴ առաջնորդների տեսակետը՝ բավական լուրջ այս մեղադրանքների կապակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել